Կարելի
է ասել, որ Ստրասբուրգում խոսելով ապրիլի 12-ի գիշերը կատարվածի մասին՝ Ռոբերտ
Քոչարյանն աղ լցրեց բնավ չսպիացած վերքին: Փաստաբան Աշոտ Սարգսյանը, որ այդ
գիշեր Բաղրամյան պողոտայում էր՝ հայտնեց նոր մանրամասներ:
– Օրերս վերադարձվեց «Հանրապետության» եւ «ԱՄ» գրասենյակներից առգրավված գույքը, կալանավորվածներից շատերն ազատ արձակվեցին, ինչ-որ մարդիկ ենթարկվեցին պատասխանատվության: Կարելի՞ է ասել, թե փորձեր են արվում սրբագրել ապրիլին կատարվածի հետեւանքները:
– Իհարկե՝ ո՛չ: Հարուցված բոլոր քրեական գործերը եղել են նախապես պայմանավորված, թե ինչ-որ մեկը կներկայանա, քրգործ կհարուցվի եւ կնշանակեն իրենց նախընտրած պատիժները, միայն թե լինի ցուցանիշ, որ այսպիսի բան է արվել: Հանցավոր համաձայնություն է եղել իրավապահների եւ այն հանցագործների միջեւ, ովքեր ծեծել էին լրագրողներին, ջարդել տեսախցիկները: Նրանց դատելը լրիվ ձեւական էր:
Հենց այս ամենն է ինձ ստիպում խոսել, թեեւ երկար ժամանակ լռում էի՝ հասկանալով, որ անիմաստ է դարձել ամեն ինչ: Իշխանությունն իր դատախազության միջոցով ակնհայտորեն դիմում է այնպիսի քայլերի, որ չես կարողանում հասկանալ, թե ի վերջո ի՞նչ է սրանց ուզածը՝ մարդկանց հասցնելը նրան, որ դիմեն օրենքից դո՞ւրս գործողությունների:
Լսելով, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը հայտարարում, որ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը «կարգուկանոնը վերականգնվեց արագ, առանց գործողության մասնակիցների առողջությանը լուրջ վնաս պատճառելու», իբրեւ ականատես ուզում եմ պնդել՝ դա կարգուկանոնի հաստատո՛ւմ չէր, այլ ցուցադրական ու կազմակերպված ջարդ: Դրա մասին տեղյակ են եղել միայն ամենաբարձրաստիճանները, քանի որ ծեծի են ենթարկվել նաեւ օպերատիվ աշխատողներ, որոնք ժողովրդի մեջ էին՝ քաղաքացիական հագուստով, եւ իրականացնում էին օպերատիվ միջոցառումներ: Անգամ նրանք տեղյակ չեն եղել, թե ինչ է կատարվելու: Եվ պատահական չէ, որ ոստիկանության բարձրաստիճան սպաներից մեկը՝ մի վարչության պետ, նույնպես ենթարկվել է ծեծի:
Սեւ սաղավարտներով անձինք ամենադաժանն էին. սրանց գործողությունները հրահանգների շրջանակներում չէին՝ «խուժան» ծեծողներ էին: Մյուս խումբը «կարմիր բերետավորներն» էին, որոնց գործողությունները մի քիչ տարբերվում էին՝ ավելի մեղմ էին: Իսկ երրորդ խումբը համազգեստավոր ոստիկաններն էին, որոնք իրենք էին վախեցած եւ խնդրում էին. «Ժողովուրդ, փախեք»: Ե՛ս եմ լսել նրանց այդ գոռոցները:
– Ոստիկանության այդ գիշեր կիրառած հատուկ միջոցներն իրոք համարժեք չէին իրավիճակին, եւ ակնհայտ էր, որ խախտվեցին «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված դրույթները: Ինչո՞ւ ընդդիմությունը չփորձեց դատարանում վիճարկել այդ օրինախախտ գործողությունը, թեեւ դժվար է բարձր գնահատել այդ քայլի ՕԳԳ-ն:
– Մենք դատական համակարգը լա՜վ գիտենք 2003-ի փետրվար-մարտից հետո: Այնպես որ՝ այսօր Հայաստանում անիմաստ գործողություն է դարձել դատարան դիմելը: Եղա՞վ մի դեպք, որ հանրահավաքի մասնակցի համար ոստիկանությունը պահանջի վարչական կալանք, եւ դատարանը մերժի: Եվ այդ ի՞նչ պատրվակ հնարեցին՝ զազրախոսությո՜ւն: Հայաստանին արդեն ոչ այնքան կազմակերպված հանցավորության դեմ վարչություն է անհրաժեշտ, այլ պետք է ստեղծել «կազմակերպված զազրախոսության դեմ պայքարի վարչություն», քանի որ շա՜տ է մեծացել զազրախոսների քանակը: Իմիջիայլոց, հիշում եմ, որ զազրախոսության համար բերման են ենթարկել նաեւ մի խուլուհամր ծերունու, քանի որ ձեռքով հայտնի նշանն էր ցույց տվել (փաստորեն սա զազրացուցադրում է.- Ա. Ի.):
Սակայն նորից դառնանք Քոչարյանի ելույթին: Հայտարարեց, թե ընդդիմությունը շրջափակել էր Երեւանի ամենածանրաբեռնված պողոտան եւ դա խանգարում էր նաեւ 4 դեսպանության եւ դպրոցներից մեկի բնականոն գործունեությանը։ Սակայն ցույցի մասնակիցները Բաղրամյան պողոտա հասան ժամը 20-ին, մինչդեռ ժամը 14-ից այդ «ամենածանրաբեռնված պողոտան» արդեն փակված էր իշխանության կողմից. հիմա ո՞վ է ավելի շատ խանգարել:
Գնահատական հնչեց, թե մահակներով ու էլեկտրաշոկերով հանրահավաք ցրելը գրագետ գործողություն էր: Ի՞նչն էր գրագետ՝ թրջված մարդկանց նկատմամբ էլեկտրաշոկ գործադրելը, որ կարող էր մահացու ելք ունենալ, թե՞ փախչող ծերունիների գլխին մահակներով հարվածելը: Գնացեք-տեսեք ոստիկանության հատուկ ջոկատի վարժանքները՝ նրանց ուսուցանում են խփել փափուկ հյուսվածքներին: Մինչդեռ խփել էին ԿԸՀ անդամ Ֆելիքս Խաչատրյանի գլխին, արյունլվա արել նրան, բայց որ բարեբախտաբար չի մահացել՝ գրագիտության ապացո՞ւյց է: Մեկին տեսա, որին 4 հոգով ոտքերով խփում էին (հետագայում պարզվեց, որ OPT-ի օպերատորն էր), եւ համոզված էի, թե նա մահացել է, քանի որ մեկը նրա վրա էլեկտրաշոկ էր աշխատեցնում անգամ պառկած վիճակում՝ դա՞ էր գրագետ գործողությունը: Իմ աչքի առջեւ 70-ն անց մի կնոջ խփեցին-գցեցին. կարողացա նրան ոտքի հանել ու բախտի բերմամբ ոտնատակ չեղավ՝ դա է՞լ էր գրագետ գործողություն: Ի դեպ՝ կնոջը բարձրացնելուց տեսա մահակով խփողի դեմքը, որ «27»-ի դատավարությունը հսկողներից էր, եւ թող նրա մտքո՛վ իսկ չանցնի, թե կարող եմ մոռանալ իր արածը:
– Նախկինում աշխատել եք ոստիկանության համակարգում եւ կվկայեք՝ իրոք այդպե՞ս է, որ իրավապահները միշտ էլ խիստ բուռն են արձագանքում իրենց գործընկերների նկատմամբ ոտնձգություններին: Այսպես են ոմանք բացատրում ոստիկանին պլաստիկե շշով հարվածած Էդգար Առաքելյանին դաժանորեն ծեծելը, իսկ հետո էլ՝ Արտաշատի ոստիկանությունում Գրիշա Վիրաբյանի խոշտանգումը:
– Երբ ոստիկանության աշխատակցի կյանքի կամ առողջության համար վտանգավոր գործողություն է կատարվում, իրոք, ամենախիստ պատիժն է կիրառվում: Սակայն Էդգար Առաքելյանը պլաստիկե շշով է հարվածել՝ դրանից ի՞նչ վնասվածք կարող էր լինել: Եվ հետո՝ իշխանության հովանավորյալները ոստիկանների աչքն էլ են հանում, սակայն չեն պատժվում: Նման որոշ դեպքեր բացահայտվել են, բայց որքա՜ն ոստիկաններ կան, որ վախենում էլ են բողոքել, երբ իրենց անպատվում են կամ նսեմացնում, եւ այդ ամենը մնում է անհետեւանք:
Սակայն ամփոփեմ՝ գիտեք, որ միայն օրենքներով ու սահմանադրական ճանապարհով առաջնորդվելու մասին հայտարարությունները, մեղմ ասած, նյարդայնացնում են հասարակության որոշ՝ առավել արմատական թեւերին: Բայց մարդիկ կան՝ թեկուզ 8-10 հազար, որոնք հավատում են, թե այդ ճանապարհով հնարավոր է հասնել 2003-ի կեղծված ընտրություններում խաթարված արդարության վերականգնման: Իշխանությունն ի՞նչ է ուզում ապացուցել իր այս գործողություններով, որ արմատականներն ավելի՞ ճիշտ են, եւ չարժե՞ իրոք ընթանալ սահմանադրական ճանապարհով: Բայց մենք տեսել ենք նաեւ մյուս ճանապարհով իշխանության գալը, եւ սխալ ենք համարում դա:
Հարցազրույցը վարեց
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ