Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Հունիս 30,2004 00:00

Օսկանյանը հակադարձում է մեղադրանքները

Ինչպես եւ կարելի էր սպասել, երեկ Ստամբուլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դարձյալ սուր քննադատության է ենթարկել Հայաստանին, առաջադրելով մի շարք նոր մեղադրանքներ: «Ադրբեջանը մեծապես տուժել է հայկական ահաբեկչությունից, սպանվել է 2 հազար մարդ՝ 32 ահաբեկչական ակտերում», ահա այսպիսի թարմ ամբաստանություններով է հանդես եկել Ադրբեջանի ղեկավարը, չմոռանալով հիշեցնել, որ «Ադրբեջանի տարածքի 20%-ի արդեն 10 տարի շարունակվող հայկական օկուպացիան խաղաղության եւ կայունության ամենալուրջ սպառնալիքներից է մեր տարածաշրջանում»: Իր խոսքն Ալիեւը դիվանագիտորեն ամփոփել է միջազգային հանրության նյարդերի համար խիստ զգայուն մի ձեւակերպմամբ, նշելով. «Լեռնային Ղարաբաղն անօրեն եւ չվերահսկվող գոտի է, որը մշտական սպառնալիք է Հարավային Կովկասի անվտանգության համար»: Հասկանալի է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին երեկ ունեցած իր ելույթում Վարդան Օսկանյանը չէր կարող անպատասխան թողնել Ալիեւի խոսքերը: ՀՀ արտգործնախարարությունից մեզ տրամադրած տեղեկատվության համաձայն, Օսկանյանն անհիմն է համարել Ալիեւի առաջադրած մեղադրանքներն ու թերեւս՝ ոգեւորված Ռ. Քոչարյանի ստրասբուրգյան ելույթի բուռն արձագանքներից, կրկնել է դրա հիմնական դրույթները, հայտարարելով, որ «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակը Ադրբեջանի իսկ ագրեսիայի հետեւանքն է», եւ որ «ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում»: Իր ելույթում Վ. Օսկանյանն ընդգծել է նաեւ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության ոլորտները, որոնք են՝ քաղաքական երկխոսությունը, ՆԱՏՕ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ ուժերի մասնակցությունը, Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին մասնակցությունը, 2003 թվականին Հայաստանում անցկացված «Համատեղ լավագույն ջանք» զորավարժության կազմակերպումը: Բնականաբար, անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին. Օսկանյանը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի ընդունած որոշումները (որոնցով ալյանսի գործունեության շեշտը դրվում է Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի վրա) «նոր պարտավորություններ կդնեն Հարավային Կովկասի պետություններին սահմանակից՝ ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիր Թուրքիայի առջեւ: Վերջինս իր դրական եւ հավասար ներգրավվածությամբ կկարողանա արդյունավետ դարձնել ՆԱՏՕ-ի նախաձեռնությունները»:

Չնայած վերը նշված միանգամայն կանխատեսելի փոխադարձ մեղադրանքներին, մի քանի աղբյուրներից երեկ ստացված տեղեկատվությունը ստիպում է ենթադրել, որ Վարդան Օսկանյանի ստամբուլյան հանդիպումներում, այնուամենայնիվ, որոշակի փոխհամաձայնություններ են արձանագրվել: Արդեն հաղորդել ենք, որ ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթաժողովի շրջանակներում կայացել էր Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի արտգործնախարարների եռակողմ դռնփակ հանդիպումը, որը, սակայն, գագաթաժողովի մասնակիցների կողմից չէր մեկնաբանվել: Բանակցությունների ավարտից հետո արտգործնախարարներն ընդամենը նշել են, որ քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, չբացահայտելով բանակցությունների մանրամասները: Ուշագրավ հանգամանք. Վարդան Օսկանյանը պատասխանելով հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, նշել էր, թե Աբդուլա Գյուլի եւ առհասարակ թուրքական պաշտոնատարների հետ իր շփումները որեւէ կերպ չեն կարող նշանակել, որ Թուրքիային ի վիճակի ենք ընկալել իբրեւ ղարաբաղյան հակամարտության միջնորդ կողմ: Մասնավորապես, նախանցած օրվա եռակողմ հանդիպումը, Օսկանյանի մեկնաբանությամբ, ընդամենը «երեք իրավահավասար կողմերի» հանդիպում էր: Այդուհանդերձ, «Թուրան» գործակալության հաղորդմամբ, Էլմար Մամեդյարովի, Վարդան Օսկանյանի եւ Աբդուլլա Գյուլի հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել կարգավորման գործընթացին թուրքական կողմի մասնակցության մեխանիզմի մշակման մասին, ինչը նշանակում է, որ Վարդան Օսկանյանն առնվազն դեմ չի եղել Թուրքիայի միջնորդական ջանքերին: Ավելին՝ Ադրբեջանի արտգործնախարարի պնդմամբ, կողմերը քննարկել են հակամարտության կարգավորման մեջ Թուրքիայի դերն ուժեղացնելու հարցը, իսկ բանակցություններին Թուրքիայի մասնակցության մեխանիզմը կմշակվի առաջիկա մեկ-երկու ամսում: Թուրքական դիվանագիտական այլ աղբյուրների տվյալներով հայկական կողմին ներկայացվել է հակամարտության կարգավորման այնպիսի բանաձեւ, որը կիրառվում է կիպրական խնդրի հանգուցալուծման համար: Դրա էությունն այն է, որ բանակցությունների ընթացքում առաջնահերթորեն հաշվի են առնվելու ԼՂ հայկական եւ ադրբեջանական համայնքների շահերն ու իրավունքները: Մյուս կողմից, չնայած հայ-թուրքական հարաբերությունների վիճակի մասին նախօրեին դրսեւորած իր ոչ այնքան լավատեսական կեցվածքին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հույս է հայտնել, որ Հայաստանին եւ Թուրքիային կհաջողվի հասնել հարաբերությունների բարելավմանը: «Մեդիամաքս»-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է, թե «այս հանդիպումները կօգնեն մեզ գտնել տարածաշրջանային խնդիրների այնպիսի լուծումներ, որոնց պարագայում չեն լինի հաղթողներ եւ պարտվողներ»:

ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել