Դպրոցում՝ գերազանց, քննությանը՝ 0 Կրթության ոլորտի պատասխանատուները չեն շտապում պարզել պատճառները Քաղաքապետարանի Կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը երեկ լրագրողներին փոխանցեց իր տարակուսանքը՝ ավարտական քննություններին մեդալակիրների ստացած ցածր գնահատականների առնչությամբ. «Բոլոր 51 թեկնածուներն էլ (խոսքը միայն մայրաքաղաքի մասին է-խմբ.) գերազանց են սովորել 8-10-րդ դասարաններում, բարձր տեղեր են ապահովել օլիմպիադաներում, ես չգիտեմ՝ ինչու այդպես եղավ: Ես չեմ մասնակցել այդ քննություններին, մեկնաբանություն չունեմ»: Այնուհետեւ պրն Վաթյանը ավելացրեց, որ մեդալի հավակնորդները գերազանց գնահատականներ են ունեցել նույնիսկ միջին դասարաններից: Եվ ավելի վատ. այսպիսով՝ վարչության պետը ցրեց բոլորիս վստահությունը ոչ միայն բարձր, այլեւ միջին դասարանների հանդեպ: Իսկ կատարվածի համար, ըստ Օ. Վաթյանի, տնօրեններին համահավասար պատասխանատվություն է կրում նաեւ ինքը: Սակայն մինչ այժմ կրթության վարչությունը չի պարզել հանգամանքները, թե ինչպես եղավ, որ այդքան տարիների գերազանց սովորող աշակերտները խայտառակ արդյունքներ ցուցաբերեցին: Ի դեպ, ըստ պրն Վաթյանի, 0 միավոր ստացած երեխաների թիվը 5-ն է: Մինչդեռ, ԿԳՆ պաշտոնական տվյալներով, դրանց թիվը 3-ն է: Ոլորտի պատասխանատուների հրապարակած թվերը դարձյալ չեն համընկնում՝ ինչպես քննությունների ընթացքում: Երեկ մեր հարցմանն ի պատասխան, ԿԳՆ-ից նորից հաստատեցին 3 թիվը: Պրն Վաթյանն ընդհանուր առմամբ դեմ արտահայտվեց մեդալի արտոնությանը. «Դրանք պետք է լինեն միայն բարոյական խթան, ոչ թե արտոնություն կամ չափորոշիչ, համ էլ՝ քննությունները կդառնան արդար ու զուլալ»: Եթե մեդալի ազդեցությունը չեզոքացնելու որոշման իրավունքը պարոն Վաթյանինը լիներ, ապա «հենց հաջորդ տարի ես կտրուկ կդնեի այդ հարցը»: ԿԳ նախկին փոխնախարար Աիդա Թոփուզյանի պաշտոնանկության մասին Օ. Վաթյանը որեւէ մեկնաբանություն չարեց: Ի դեպ, երեկ մեզ հայտնի դարձավ, որ տիկին Թոփուզյանի պարտականությունները (հանրակրթության ոլորտի հետ կապված) կփոխանցվեն մյուս փոխնախարարներից մեկին՝ հավանաբար Արտակ Սահրադյանին. հիշեցնենք՝ վերջինիս գործունեության ոլորտը մինչ այժմ հստակեցված չէր: Իսկ տիկին Թոփուզյանին երեկ ԿԳ նախարարության ողջ անձնակազմը ճանապարհել է հուզված եւ արցունքն աչքերին: Աիդա Թոփուզյանը ԿԳ փոխնախարարի պաշտոնն զբաղեցրել է 1988-1991 թթ. եւ 1998-2004 թթ.: Սեփ. լր.