ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ Մինչ ԵԽԽՎ ամառային նստաշրջանին մասնակցելը՝ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ներկա էր եղել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նիստին, որի նախօրեին քննարկվել էր փորձագետների եզրակացության նախագիծը «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի վերաբերյալ: Երեկ ասուլիսում պրն Թորոսյանն ասաց, թե քննարկումների շնորհիվ բացահայտել են մի շարք խնդիրներ, որոնք անհրաժեշտ են դարձրել նորից անդրադառնալ օրենքին: Վերջնական նախագիծը քննարկվելու է հոկտեմբերին, երբ տեղի կունենա Վենետիկի հանձնաժողովի հաջորդ նիստը: «Առավոտի» հարցին՝ այնուամենայնիվ, եզրակացության նախագիծը դրակա՞ն էր, թե՞ փորձագետները գնահատել էին, որ օրենքը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին՝ պրն Թորոսյանը պատասխանեց. «Բնականաբար, եթե եզրակացությունը լիներ բացառապես դրական՝ որեւէ նախնական քննարկման անհրաժեշտություն էլ չէր լինի: 6-7 կետ կար, որոնց առնչությամբ նրանք եզրակացության նախագծի մեջ արձանագրել էին, որ օրենքը խնդիրներ ունի»: ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաեւ այն փաստին, որ Շավարշ Քոչարյանը ինչպես սահմանադրական բարեփոխումների, «Հանրաքվեի մասին» ու «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծեր, այնպես էլ «Ընտրական օրենսգրքի» փաթեթ է ուղարկել Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Վենետիկի հանձնաժողովի քարտուղար պրն Բուքիքիոն տեղեկացրել է, որ հունիսի 22-ին նամակ է հղել պրն Քոչարյանին. «Հետեւյալ բովանդակությամբ, որ ստացվել են այդ նախագծերը, սակայն քանի որ Վենետիկի հանձնաժողովը քննարկման է վերցնում եւ եզրակացություններ տալիս այն նախագծերի վերաբերյալ, որոնք ստանում են պաշտոնական խողովակներով՝ պետական կառույցների կողմից, ապա իրենք այդ նախագծերի վերաբերյալ չեն կարող տալ եզրակացություն»: Տիգրան Թորոսյանը եզրափակեց. «Այս հարցն այս դրվածքով, կարծում եմ, փակված է այլեւս: Եթե նախագծերը ներկայացնեն Ազգային ժողով՝ մնացյալն արդեն կարող է ընթանալ ԱԺ կանոնակարգի համաձայն»: Հետաքրքիր փակուղի է՝ Շավարշ Քոչարյանը բազմիցս էր բողոքել, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխության իր նախագիծն առաջարկել է ուղարկել միջազգային փորձաքննության, սակայն ԱԺ-ում ձգձգել են կամ մերժել: Ի վերջո՝ ինքնուրույն ուղարկեց եւ արդյունքը զրոյական կետին վերադարձն է: Ա. Ի.