Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունն արձանագրեց իր ֆիասկոն»

Հունիս 29,2004 00:00

«Ընդդիմությունն արձանագրեց իր ֆիասկոն» Համոզված է «Արմատ» կենտրոնի անդամ Երջանիկ Աբգարյանը – Եթե իշխանության «նահանջը» բացատրվում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքներով, ինչո՞վ բացատրել ընդդիմության արձակուրդային տրամադրությունները։ – Ընդդիմությունը իշխանությունը վերցնելու մի քանի ռեալ հնարավորություն է ունեցել։ Բայց այդ մարդիկ տարրական քաղաքական գրագիտության չափանիշներին, փաստորեն, չեն համապատասխանում։ Ուստի նրանց գործունեությունն էլ բխում է իրենց գիտելիքների մակարդակից։ Հիմա պաշտոնապես կարելի է ասել, որ ընդդիմությունն արձանագրեց իր ֆիասկոն։ Ընդդիմությունը ո՛չ արձակուրդ է գնում, ո՛չ հանգստանում է, մանավանդ համաշխարհային ընդհանուր զարգացումների մեջ բազմաթիվ մարտահրավերների առջեւ կանգնած երկրում, որտեղ մի շարք հարցեր պետք է արագ լուծել, որոշումներ կայացնել։ Այն հարցերը, որոնցից կախված է մեր ժողովրդի ապագան՝ այսօր են լուծվում։ Եվ հիմա հանկարծ հանգստանալ, արձակուրդ գնալ կամ վերաիմաստավորվել… վերջինիս ժամանակը նրանք երբեք չեն ունենա, որովհետեւ քաղաքականությունը մշտական գործունեություն է։ Նախ պետք է իմաստավորել անելիքդ, իսկ վերաիմաստավորելը ուրիշները թող անեն։ Եթե ուզում են վերաիմաստավորել, թե ինչո՞ւ են պարտվել՝ դատարկ զբաղմունք է։ – Այսինքն պատճառաբանություններին, որ պայքարի մի փուլն ավարտեց, պատրաստվում են հաջորդ փուլին՝ չարժե՞ լուրջ վերաբերվել։ – Փուլերը սովորաբար ինչ-որ բաներով տարանջատվում են իրարից։ Փուլը պետք է ունենա իր հատուկ իմաստն ինչ-որ շղթայի մեջ։ Ես ո՛չ այդ շղթան եմ տեսնում, ո՛չ էլ փուլի առանձնահատկությունները։ Ինչո՞ւ որոշվեց, որ այդ փուլն ավարտվեց։ Ինչո՞վ ավարտվեց՝ պարտությա՞մբ։ Փաստորեն, սրանով ընդդիմությունն ընդունեց իր պարտությունը։ – Կարելի է արձանագրել, որ իշխանությունը լիակատար հաղթանակ տարավ։ – Ո՛չ, այսօրվա իշխանությունը ամենամեծ պարտությունն է տարել՝ բոլոր ուղղություններով ձախողումներ են կրել։ Անկախ նրանից, որ Քոչարյանն իրեն հաղթող է երեւակայում՝ նա ինքն էլ է պարտված։ Բայց որ այդ պարտությունը նա տարածում է ամբողջ ժողովրդի վրա՝ դավաճանության հոտ է փչում։ – Հիմա պետք է ապավինել երրորդ ուժի ծնունդի՞ն։ – Դրանք դատարկ խոսակցություններ են։ Քաղաքական ուժերը կան այնպիսին՝ ինչպիսին են։ Եթե դրսից գալիս են ինչ-որ մարդիկ եւ այստեղ նոր ուժի, նոր ժամանակների մասին են խոսում՝ նրանք հատուկ ուղարկված են այստեղ որոշակի առաքելություն իրականացնելու համար։ Պրոռուսական ուժերը, նույնիսկ արիական կամ նժդեհական շղարշով քողարկված ուժերը, որոնք Ռուսաստանի ծառան են՝ ոչ մի նոր բան բերել չեն կարող։ Հայաստանում հիմա հնի ու նորի կռիվն է։ – Այս ֆոնի վրա հնարավո՞ր է աջ ուժերի ակտիվացում։ – Աջերի ակտիվացումը կապված է հասարակական պահանջի հետ։ Որը՝ հատկապես վերջին երկու տարիների ընթացքում եւ ընդդիմության այսօրինակ գործունեության ֆոնի վրա, մեծանում է։ Աստիճանաբար աջերի հեղինակությունը բարձրանում է, բայց կակտիվանան միայն այն ժամանակ, երբ կզգան, որ իրենց պահանջարկը ռեալ է։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել