Ու բացվում է «Առավոտը»
Հայ մամուլի կյանքում այսօր մի նոր առավոտ բացվեց. մի քանի ամսվա ընդմիջումից հետո լույս տեսավ «Առավոտը»։ Ըստ աստղագուշակների կանխատեսման՝ այս նորածինը երջանիկ կլինի, կունենա երկար, հախուռն, իմաստալից կյանք, խոստումնալից ապագա։ Գուցե ներքոհիշյալ ընթերցողներն առավել հետաքրքիր պատասխաններ տային մեր հարցին, բայց տվյալ դեպքում նախընտրեցինք առավել հեշտ տարբերակը. այն է՝ մի երկու բառ կորզելու համար չընկնենք նրանց հետեւից ու նրանց փոխարեն ասել մեր ուզածը։
Անուններն ընտրեցինք առանց սկզբունքի, միակ պայմանով, որ դրանց սկզբնատառերը աքրոստիկոս կազմեն։
Արամայիս Սահակյան – Ձեր «Առավոտը» թող լինի բարի, Ոզնի պապիկը՝ հաճույքից պարի…
Ռոբերտ Քոչարյան- Հուսով եմ՝ գոնե «Առավոտ»-ում «պարոնը» կփոխարինվի «քե մատաղ»-ով, թե չէ՝ լոխ լավա։
Արա Սահակյան- Որոշել էի ամսի 25-ից հետո ոչ մի թերթ չկարդալ, բայց «Առավոտ»-ը լա՛վ, կկարդամ, օ՜ֆֆֆ…
Վազգեն Սարգսյան- «Առավոտ»-ի ընթերցումը ես անպայման կմտցնեմ բանակային ռեժիմի մեջ. արթնանալ, կարդալ «Առավոտ»-ը, հետո նոր՝ զինավարժություններ։
Ոմն պատգամավոր- Համամիտ եմ վերոհիշյալների եւ ներքոհիշյալների հետ։
Տիգրան Նաղդալյան- «Փաստը» մնում է «Փաստ», բայց վախենում եմ, որ «Առավոտ»-ի բացվելուց հետո մյուս թերթերը հացադուլ անեն։
Սակայն խոստովանենք. կյանքում ամեն ինչ չէ, որ բանաստեղծական է։ Եղան նաեւ այսպիսի պատասխաններ։
Բեղավոր անծանոթ.
Առաջվա «Առավոտ»-ը աղմկոտ էր ու անհանգիստ, լավ կլինի, որ նորն էլ այդպիսին տեսնենք։
Բժիշկ (որը հավանաբար շատ է ազդված գովազդներից).
– Ցանկանում եմ, որ ձեր թերթն ունենա այն ազդեցությունը, ինչ «ասպիրին ուպսան»։
Թոշակառու պապիկ, որն ուրախ-ուրախ տուն էր գնում (հավանաբար, թոշակ էր ստացել).
– Լավ անուն եք դրել, հո անամոթ նկար-մկար չկա՞ մեջը։
Մի տատիկի ստիպված եղա մի քանի անգամ կրկնել հարցս.
– Տատի՛կ, «Առավոտ» թերթ երբեւէ կարդացե՞լ եք։
– Ճիշտն ասած, բալե՛ս, առավոտյան շատ զբաղված եմ լինում։
Զբաղված մի երիտասարդ.
– Ես նման թերթ չեմ տեսել։ Եվ, ընդհանրապես, ո՞ւմ է պետք այդքան շատ ինֆորմացիա, ավելի արդյունավետ զբաղմունքներ կան։
Այս ասելուց հետո նա գրպանից հանեց «սոտովին», ես անմիջապես հասկացա, թե որն է նրա արդյունավետ զբաղմունքը։
Կարծում եմ՝ դուք էլ։
Ավելի լուրջ պատասխան.
– «Առավոտ»-ը, հույս ունեմ, որ կարող եմ առանձնացնել մյուս թերթերից, որովհետեւ գիտեմ, որ այս թերթում լինելու է որոշակի կարգուկանոն, մյուս թերթերում նկատվող խառնաշփոթից զուրկ է լինելու։
Կարդալով նոր «Առավոտ»-ը՝ անշուշտ յուրաքանչյուր ընթերցող կունենա իր կարծիքն ու գնահատականը։
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ», 3 հունի
սի, 1997 թ.
Հ. Գ. Հիշեցնենք, որ 4-4,5 ամսյա ընդմիջումից հետո 1997 թվականի հունիսի 3-ին լույս տեսավ նոր, թարմացված «Առավոտ»-ը։
Սա ո՞ւմ թերթն է
«Առավոտի» առնչությամբ այս հարցը թերեւս ամենաշատն է հուզում լրագրողամերձ եւ քաղաքականամերձ շրջանակներին։ Ուստի հատուկ նրանց հենց սկզբից էլ տանք հարցի շիտակ եւ սպառիչ պատասխանը։ Այս թերթը Լեւոնինն ու Վազգեններինն է, Վանոյինը, Եգորյանինը եւ Տեր Հուսիկինը, դաշնակներինը, հնչակյաններինն ու ռամկավարներինը, Փիթեր Թոմսենինը եւ Անդրեյ Ուռնովինը, մոնետարիստներինն ու պոպուլիստներինը, ատլանտիստներինն ու ռուս սեւհարյուրյակայիններինը, ժողովրդավարներինը եւ ամբողջատիրության կողմնակիցներինը, Առնոլդ Շվարցենեգերինը եւ Արամ Ասատրյանինը…
Մնացած ընթերցողներին հայտնենք, որ նշված բոլոր մարդիկ, ինչպես նաեւ 10 միլիարդանոց մարդկության ընտանիքի մնացած անդամները, մեզ պետք են այնքանով, որքանով հետաքրքրություն են ներկայացնում ձեզ համար։ Հարգելի ընթերցող, մենք չենք պատրաստվում Ձեզ ասել, թե ով է լավ, իսկ ով՝ վատ։ Դա մեր գործը չէ։ Ավելացնենք նաեւ, որ մտադիր ենք քաղաքականությունն ուղարկել այնտեղ, ուր այն պետք է լինի՝ փաստերի եւ իրադարձությունների արձանագրման մակարդակ։ Առավել մեծ տեղ է տրվելու մեր ժողովրդին հուզող սոցիալական, տնտեսական, իրավական, մշակութային եւ այլ հարցերին։ Թե ինչպես է դա արվելու, կիմանաք թերթի հաջորդ էջերից։
Մենք մտադիր ենք լինել Ձեր թերթը։
(Խմբագրական հոդված, 3 հունիսի, 1997 թ.)