Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՖԻԱՆ ՀՐԵԱՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ Է»

Հունիս 29,2004 00:00

Կարծում է ամերիկաբնակ երգիչ Պերճ Գաբրիելյանը

Օրերս երգիչը Կամերային երաժշտության տանը լայն դիապազոնի, լավ երանգավորված բարիտոնով հիացրեց հայ ունկնդրին։

Նա սիրով համաձայնեց պատասխանել «Առավոտի» հարցերին։

– Երկար տարիներ հայրենիք չայցելած արվեստագետների հետ հարցազրույցներում կարծես ավանդույթ է դարձել հետաքրքրվել նրանց այստեղից հեռանալու պատճառների մասին։ Ձե՞զ ինչը ստիպեց շուրջ 25 տարի առաջ թողնել հայրենիքը։

– 1980 թվականն էր։ Ավարտեցի Երեւանի կոնսերվատորիան, ընդունվեցի Ազգային օպերային թատրոն՝ որպես մեներգիչ, պատրաստեցի Ռիգոլետոյի եւ Արշակ Երկրորդի դերերգերը՝ համանուն օպերաներում: Միաժամանակ հայտնի մանկավարժ Լապտեւից հրավեր ստացա՝ կատարելագործվելու Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում ու երաշխիք՝ ավարտելուց հետո աշխատանքի անցնել տեղի Կիրովի անվան օպերային թատրոնում։ Նույն ժամանակահատվածում Պավել Լիսիցյանը լսելով ինձ, հրավիրեց Մոսկվա։ Մի խոսքով, անկախ իմ ցանկությունից, հայտնվեցի մի իրավիճակում, որ պետք է ընտրություն կատարեմ՝ մնալ Երեւանո՞ւմ, գնալ Սանկտ Պետերբո՞ւրգ, թե՞ Մոսկվա։ Ու հանկարծ ամեն ինչ գլխիվայր շրջվեց. ծնողներս, այլեւս չհանդուրժելով սովետական վարչակազմը, ոտքի ելան ու որոշեցին բռնել Ամերիկայի ճանապարհը։ Անկեղծ ասած, Երեւանի օպերային թատրոնը ինձ այնքան էլ սիրով չընդունեց։ Ղեկավարությունն ու կոլեգաներս անընդհատ շեշտում էին՝ դու սովետական մարդ չես։ Հիմա, երբ վերլուծում եմ, դարձյալ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ նկատի ունեին։ Այո, հրաժարվեցի կոմունիստական կուսակցության շարքերն ընդունվելուց, ինչ մտածում՝ այն բարձրաձայնում էի, բայց դա ի՞նչ կապ ուներ իմ արվեստի հետ։ Մի խոսքով, ընտանիքով տեղափոխվեցինք Ամերիկա։

– Միայն թե չասեք, որ Ամերիկան սպասում էր ձեզ ու ամեն ինչ հարթ է ընթացել։

– Ընդհանրապես Ամերիկան ոչ մեկի չի սպասում եւ չի էլ սպասի։ Այդ երկրում տարվող մշակութային քաղաքականությունը նման չէ եվրոպականին։ Հենց առաջին օրվանից հասկանալով դա, ընդունվեցի եւ ավարտեցի Լոս Անջելեսի ու Կալիֆոռնիայի North Ridge եւ U.S.C. համալսարանների վոկալ բաժինները, որպեսզի դասավանդելու իրավունք ստանայի։ Ամերիկյան հեղինակավոր օպերային թատրոններում մրցակցությունը մեծ էր։ Անգամ փորձ էլ չեմ արել բեմ բարձրանալ նման թատրոններում։ Տարբեր դերերգերով հանդես եմ եկել փոքր թատրոններում, մենահամերգներով շրջագայել եմ Կանադայում Հարավային Ամերիկայում, Եվրոպայի համարյա բոլոր երկրներում։

– Ամերիկայի օպերային թատրոններում հե՞շտ է դրամ վաստակել։

– Շատ դժվար է։ Կալիֆոռնիայի Pacific փոքր թատրոնում մեկ դերերգը վճարվում է 5000 դոլար։ Ավելի պարզ ասեմ՝ ամբողջ մաֆիան հրեաների ձեռքում է եւ ամենուր եղանակ է ստեղծում ֆինանսը։ Կարող եմ բերել նաեւ օրինակներ. մեր հայրենակցուհի, աշխարհահռչակ Մարի Մուրադյանը եթե չամուսնանար հրեայի հետ, որն իր իմպրեսարիոն է, այսօր նա Մարի Մուրադյան չէր դառնա: Աշխարհահռչակ Մարիա Կալասը, եթե չունենար իտալացի մեծահարուստ առեւտրական Բատիստ Մենեգինի նման ամուսին, դժվար թե նրա անունը թնդար ողջ աշխարհում։ Այնպես որ, ձայնը՝ ձայն, իսկ եղանակ ստեղծողը ֆինանսն է։

– Այս տարիներին ձեր կյանքում չհայտնվե՞ց մի իմպրեսարիո։

– Հայտնվեց։ Ռուսական ծագումով հրեա Իգոր Լեւինը, որին առաջին վայրկյանից հետաքրքրում էին իմ բանկային հաշիվները։ Կարծում եմ` շարունակելու հարկ չկա։

– Ձեր պատասխաններից հայ երգիչները կարող են միայն հիասթափվել։ Այսօր ինչպե՞ս վարվեն նրանք։

– Հայ վոկալ դպրոցի մասին խոսում է ամբողջ աշխարհը։ Օրերս լսեցի Օպերային թատրոնի երիտասարդ մեներգչուհի Արծվիկ Դեմուրճյանին։ Հիացած եմ։ Բայց եթե չգտնվի իմպրեսարիո, համոզված եմ, որ նրա ու նրա նմանների անունները լավագույն դեպքում Ռուսաստանից այն կողմ չեն ճանաչվի։

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել