Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՒՇԵՂՅԱՆԻ ԳՈՐԾԵՐԸ ԼԱՎ ՉԵՆ

Հունիս 29,2004 00:00

Ինչ է կատարվում սոցապ հիմնադրամում եւ դրա շուրջ

Մոտ մեկ տարի է՝ Կենսաթոշակային եւ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում ստուգումներ են ընթանում: Նախ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության վարչությունն (ԿՌՈՒ) էր երկար ստուգումներ անցկացնում: Այժմ էլ մի քանի ամիս է, ինչ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցներն են «նստել» հիմնադրամում:

Մեր աղբյուրների հաղորդմամբ, ֆիննախի ԿՌՈՒ-ի հետ խնդիրը լուծված է, սակայն նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները հիմնադրամի գործունեության մեջ աղաղակող խախտումներ են հայտնաբերել: Իսկ փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում գործը պաշտոնանկությամբ է ավարտվում: Ինչպես, օրինակ, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում եղավ: Սկզբի համար, շուրջ երկու շաբաթ առաջ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է հիմնադրամի ֆինանսաբյուջետային վարչության պետը: Սակայն այս ամենի հետ տարբեր առնչություններ ունեցող մեր լավատեղյակ աղբյուրները նշում են, որ հայտնաբերված խախտումները ոչ այնքան ֆինանսական չարաշահումներին են վերաբերում, որքան հիմնադրամի վարած քաղաքականությանը, դրանք համակարգային բնույթի սխալներ են:

Մեր աղբյուրների հաղորդմամբ, հենց այդ նկատառումներով է, որ վերահսկողականի աշխատակիցները նախագահականում միջանկյալ խորհրդակցության ժամանակ բարձրացրել են Կենսաթոշակային եւ սոցիալական ապահովագրության հիմնադրամի նախագահ Ֆրունզիկ Մուշեղյանի պաշտոնանկության հարցը:

Իսկ դրան նպաստում են նաեւ հանգամանքները, որոնք սկսել են «դասավորվել» հիմնադրամի նախագահի դեմ: Վերջին տարիներին առաջին անգամ սկսել են ուշացնել կենսաթոշակի վճարումները: Մայիսի կենսաթոշակը դեռեւս վճարված չէ: Իմիջիայլոց, հունիսն արդեն ավարտվում է եւ ոչ մի հույս չկա, որ հիմնադրամի աշխատակիցները ժամկետի մեջ կտեղավորվեն:

Իսկ մեր հարցին՝ ե՞րբ կվճարվի մայիսի կենսաթոշակը, Երեւանի մի շարք համայնքների սոցիալական ծառայություններում տալիս էին կամ «չգիտենք» կամ «հուլիսի մեկից հետո» անորոշ պատասխանները: Եվ սա այն դեպքում, որ մայրաքաղաքում, որպես կանոն, վճարումներն ավելի շուտ են սկսվում: Եվ եթե մայրաքաղաքում այսպես է, կարելի է պատկերացնել, որ մարզերում շատ ավելի կլարվի վիճակը: Այնպես որ, դժգոհությունների ալիք է սպասվում: Այսօր հիմնադրամում, մեր տեղեկություններով, եղանակներ են մտմտում դժգոհության ալիքը կանխելու համար: Արդեն ամիսներ շարունակ հիմնադրամը մեծ դժվարությամբ էր կարողանում սահմանված ժամկետում վճարել կենսաթոշակները: Գործը թեթեւացնելու համար նույնիսկ օրենսդրական փոփոխություն կատարվեց եւ կենսաթոշակի վճարման ժամկետը երկարացվեց մինչեւ հաջորդ ամսվա ավարտը: Ամեն դեպքում, հարկ է արձանագրել՝ հիմնադրամի այս անձնակազմը, որ խիստ անմխիթար համակարգ էր ժառանգել, մի շարք դրական ձեռքբերումներ ունեցավ. հստակեցվեցին (մաքրվեցին) թոշակառուների ցուցակները, վճարումները կատարվում էին ժամանակին, թեկուզ չնչին չափով՝ բայց բարձրացվում էին կենսաթոշակները: Սակայն հարկ է նկատել, որ հիմնադրամում դրական առաջընթացներն այդքանով էլ ավարտվեցին եւ կենսաթոշակներն այդ նվազագույն շեմին էլ մնացին:

Մեր հավաստի աղբյուրների հաղորդմամբ, հիմնադրամի նախագահի պաշտոնին արդեն հավակնողներ կան. ՀՅԴ-ն եւ նախագահականը: Իսկ Ֆ. Մուշեղյանի թեկնածությունը պաշտպանում է Հանրապետական կուսակցությունը: Նախագահականի թեկնածուն վերահսկողական ծառայությունից է: Ի դեպ, նախագահականի վերահսկողականը մի բացասական սովորություն է ձեռք բերել. իր վերահսկած գերատեսչություններում ստուգումներն ավարտել՝ գերատեսչության ղեկավարին վերահսկողական ծառայության աշխատակցով փոխարինելով, ինչպես պատահեց Քաղավիացիայի վարչության պարագայում, ինչպես կարող է լինել հիմնադրամի պարագայում: Արդյունքում, եւ մեծ մասամբ վերահսկողական ծառայության նախկին պետ Ֆելիքս Ցոլակյանին այլ պաշտոնի (Հարկային ծառայության պետ) տեղափոխելու հետեւանքով նկատելիորեն թուլացավ այս ծառայությունը:

ԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել