Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովը

Հունիս 29,2004 00:00

Մեկնարկեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովը

Անվտանգության ապահովմանն ուղղված աննախադեպ միջոցառումների համապատկերում
երեկ Ստամբուլում մեկնարկեց ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովը: Լյութֆյու Կըրդալայի
անվան միջազգային կոնգրեսների եւ ցուցահանդեսների պալատում, որտեղ անցկացվում
է գագաթաժողովը, եւ այն հյուրանոցներում, որոնցում իջեւանել են արտասահմանյան
պետությունների եւ կառավարությունների ղեկավարները, ավելի քան 6 հազար ոստիկան
գիշեր ու ցերեկ հերթափոխի են կանգնել, ապահովելով մասնակիցների անվտանգությունը:
Նիստերի օրերին կդադարեցվի բեռնատար նավերի նավարկությունը Բոսֆորի նեղուցով:
Ոստիկանական ուղղաթիռներն անդադար կպարեկեն օդում՝ այնտեղից հետեւելով կարգուկանոնի
պահպանմանը: Հյուսիսատլանտյան դաշինքի հերթական գագաթաժողովն իր տեսակի մեջ
եզակի է նաեւ այն առումով, որ առաջին անգամ է գումարվում մուսուլմանական
երկրում եւ նախադեպը չունեցող մեծ կազմով: Ներկայացված են 26 անդամ եւ 20
համագործակից երկրներ: Ընդհանուր առմամբ, նիստերին մասնակցելու նպատակով
Ստամբուլ է ժամանել մոտ 3000 մարդ: Գագաթաժողովի լուսաբանման համար հավատարմագրվել
է 3500 օտարերկրյա լրագրող:
Ստամբուլյան գագաթաժողովի հիմնական օրակարգային հարցերն են ազգային անվտանգության ուժերի կազմավորման գործում Իրաքին ցուցաբերվելիք աջակցությունն ու Աֆղանստանում դաշինքի ռազմական ներկայության ուժեղացումը: Նախատեսվում է, որ այս մասին մասնակիցները հանդես կգան հատուկ հայտարարությամբ: Գագաթաժողովի եւս մեկ կարեւոր որոշում կարող է դառնալ Խորվաթիային, Մակեդոնիային եւ Ալբանիային պաշտոնապես դաշինք հրավիրելը:

Այսպիսով, գրեթե հաստատապես կարող ենք փաստել, որ ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթաժողովը նոր փուլ է նշանավորելու Միջին եւ Մերձավոր Արեւելքում, Կենտրոնական Ասիայում, ինչպես նաեւ Հարավային Կովկասում Դաշինքի կողմից իրականացվող եւ իրականացվելիք ծրագրերում: Այսուհետ ՆԱՏՕ-ի գործունեության վեկտորն ուղղված է լինելու հատկապես այդ տարածաշրջաններին, եւ բուն փաստը, որ գագաթաժողովը գումարվում է Ստամբուլում, պերճախոս վկայությունն է այն իրողության, որ այդ ծրագրերում լուրջ դեր է վերապահվելու ՆԱՏՕ-ի թերեւս ամենանվիրյալ անդամներից մեկին՝ Թուրքիային: Պատահական չէ, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը խոստացել է իրենից կախված ամեն ինչ անել, որպեսզի «Թուրքիան որքան հնարավոր է շուտ դառնա Եվրոպական միության անդամ»: Բուշը նաեւ Թուրքիային համարել է օրինակելի երկիր ողջ Մերձավոր Արեւելքի համար, հաղորդում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը: Այս առումով հատկանշական է նաեւ Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնիի հայտարարությունը: Եվրամիությունը «պատմական եւ ողբերգական սխալ» կգործի, եթե Թուրքիայի հետ բանակցություններ չսկսի այդ երկրի անդամակցության վերաբերյալ, ասել է Բեռլուսկոնին:

ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել