Անցյալ
շաբաթ հայաստանյան մամուլն ու էլեկտրոնային ԶԼՄ-ները ակտիվորեն քննարկում
էին ԵԽ ԽՎ-ում ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը:
Վերջինս, բնականաբար, ինչպես ԵԽ ԽՎ-ում, այնպես էլ Հայաստանում արժանացավ, պատկերավոր ասած, միայն ՀՀ իշխանությունների եւ իշխանամետ ուժերի, նաեւ ԶԼՄ-ների ծափահարություններին: Այդ առնչությամբ արտահայտված որեւէ այլ կարծիք խանդի, նախանձի, «չուզողության» որակումներով ամփոփվեցին:
Սույն ելույթից մի քանի օր անց, թերեւս, ավելի ճիշտ է գնահատել դրա միջազգային հետեւանքները՝ մի կողմ թողնելով զգացմունքայնությունը, ինչպես դա արեց, ասենք՝ «Ազատագրված տարածքների նախաձեռնությունը»: Շատերի համար, իրոք, տպավորիչ էին միջազգային բարձր ամբիոնից Ռ.Քոչարյանի արած մի քանի արտահայտություններ, ինչպիսին է օրինակ՝ իր ղարաբաղցի լինելու, այդ հակամարտության ժամանակ ռազմական գործողություններին մասնակցելու, ի դեմս իր ընտանիքի՝ ղարաբաղցիների, ադրբեջանցիների կողմից ռմբակոծությունների ժամանակ նկուղներում ապրելու մասին: Ինչպես կասեր՝ «Սարոյան եղբայրները» ֆիլմի հերոսներից մեկը՝ Հայկ Սարոյանը, շատ լավ խոսեց, շատերս նույնիսկ թունդ հուզվեցինք: Դա՝ հայերս: Իսկ ի՞նչ տպավորություն ստացավ ԵԽ ԽՎ օտարերկրյա պատգամավորը: Այն փորձեց ներկայացնել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, որը հարկ համարեց անդրադառնալ միայն Ռ.Քոչարյանի ելույթի՝ ԼՂ-ին վերաբերող հատվածին, մասնավորապես այն մեկին, թե ԽՍՀՄ փլուզումից հետո ԼՂ-ն եւ Ադրբեջանը եղել են երկու անկախ սուբյեկտներ: «Ինձ համար պատահական չէ, որ ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղար, նախկինում ԼՂ հարցով զեկուցող Թերի Դեւիսը շտապեց արձագանքել եւ հստակ ասաց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչված է ՄԱԿ-ի կողմից: Ես ուզում եմ, որ Ռ.Քոչարյանի ելույթին մենք նայենք երկու տեսանկյունից. որպես՝ հայ մարդ, եւ որպես՝ օտարերկրացի:
Առաջին դեպքում՝ ի՞նչ է եղել որ. մարդն ասում էր, որ Ղարաբաղը մերն է: Ես էլ դրա հետ համաձայն եմ: Բայց եթե նույնը դիտարկենք միջազգային նորմերի եւ ԵԽ ԽՎ պատգամավորի տեսանկյունից, ապա՝ այդ ելույթում միանշանակորեն պահանջատիրության տարրեր կան: Հայտարարությունը, թե Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի եղել, վկայությունն է այն բանի, որ Ռ.Քոչարյանն ու ՀՅԴ-ն հետեւողական են՝ ԼՂ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ ներկայացնելու իմաստով: Այդ ելույթը դրա վկայությունն է: Ռ.Քոչարյանի ելույթում միայն հպանցիկ փորձ արվեց՝ այդ պահանջատիրությունը կապել ինքնորոշման սկզբունքի հետ, բայց դա ՀՀ իշխանությունների ընդհանուր մոտեցումը չի փոխում, որովհետեւ 1999-ին Ռ.Քոչարյանը Ստամբուլում ստորագրեց եվրոպական խարտիան՝ գերակայություն տալով Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին: Միանշանակ է, որ ԵԽ տեսանկյունից այն, ինչ ասում է Ռ.Քոչարյանը՝ պահանջատիրություն է»,- ասաց պարոն Գրիգորյանը:
Քաղաքագետն անդրադարձավ նաեւ Ռ.Քոչարյանի հետեւյալ հայտարարությանը. «Ղարաբաղի փաստացի անկախությունը 16 տարեկան է։ Այնտեղ արդեն մեծացել է մի սերունդ, որը երկրի այլ կարգավիճակ չի պատկերացնում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր կայացած պետություն է, որն, ըստ էության, համապատասխանում է Եվրոպայի Խորհրդին անդամակցելու բոլոր չափանիշներին։ Սա այն իրողությունն է, որից ուղղակի անհնար է խուսափել»։
«Մեր՝ հայերիս, տեսանկյունից դա նորմալ է: Միջազգային հանրության համար, միջազգային նորմերի տեսանկյունից այդ հայտարարությունը ոչ այլ ինչ, քան՝ կոչվում է անեքսիա: Սրա հետեւանքները երկար սպասեցնել չեն տա. միջազգային հանրությունը՝ այդ թվում նույն ԵԽ-ն, ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն անպայմանորեն դրան դեռ կարձագանքեն: Սա ուղղակի աշխարհին ուղղված մարտահրավեր էր, ինչ աշխատելու է մեր դեմ»,- վստահեցրեց Ստ.Գրիգորյանը:
Իսկ արդյո՞ք տարածքային վեճերը միջազգային հանրությունը հակված չէ լուծել տարածքային ամբողջականության սկզբունքի տեսանկյունից:
«Այո, բայց դա, ի վերջո, պատերազմ է նշանակում: Հենց Ռ.Քոչարյանի եւ ՀՅԴ-ի վարած քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ ԼՂ հիմնախնդիրը վերածվեց տարածքային վեճի: Այդ է պատճառը, որ աշխարհն այսօր ԼՂ հարցը հենց այդպես էլ ընկալում է: Դա են վկայում ԱՄՆ, ՌԴ նախագահների ելույթները, ԵԱՀԿ-ն, ԵՄ, ՆԱՏՕ-ի պաշտոնյաները, որոնք խոսում են ոչ թե ԼՂ ինքնորոշման, այլ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճի մասին»,- ասաց քաղաքագետը:
Ավելին, նրա համոզմամբ, Ռ.Քոչարյանի եւ մասնավորապես ՀՅԴ-ի կողմից վարվող պահանջատիրական քաղաքականությունը ամենակարճ եւ արդյունավետ ճանապարհն է Ղարաբաղը հայաթափելու եւ կորցնելու համար: «Այստեղ անձնական ոչինչ չկա, պարզապես նրանց որդեգրած կոնցեպցիան մեխանիկորեն դրան է հանգեցնում»,- նկատեց Ստ.Գրիգորյանը, որպես նման քաղաքականության տխուր վախճանի օրինակ բերելով նախկին Հարավսլավիայի նախագահ Միլոշեւիչի վարած նույնպիսի քաղաքականությունը. «Իսկ ինչի դա հանգեցրե՞ց: Հանգեցրեց նրան, որ այսօր Սերբիան կորցնում է Կոսովոն, Չերնոգորիան ռեալ անկախության ճանապարհին է»:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ