ՄՀՀ-Ն ՇՏԿՈՒՄ Է ՄԵՋՔԸ Սպորտը, թերեւս, այն եզակի ոլորտներից է, որն անկախացումից հետո տարածքային կորուստներ չի ունեցել: Ավելին, վերջին տարիներին նույնիսկ հակառակ գործընթաց է ծավալվել. մարզական նշանակության շատ կառույցներ, որոնք ժամանակին այս կամ այն պատճառով օտարվել էին, աստիճանաբար վերադարձվում են: Մասնավորապես Մարզահամերգային համալիրը անցած տարվա դեկտեմբերին կառավարության որոշմամբ փոխանցվեց վերջերս ստեղծված Սպորտպետկոմի հաշվեկշիռ: Այդ հրաշագեղ շինությունը, որն առնվազն 85-90 տոկոսով նախատեսված է մարզական միջոցառումների համար, կառուցվել է 80-ականների սկզբներին՝ ծանրամարտի աշխարհի առաջնությունը Երեւանում անցկացնելու նպատակով: Սակայն քաղաքական հասկանալի պատճառներով ուժեղագույն ծանրորդների մրցավեճը տեղափոխվեց Մոսկվա: Ժամանակին ՄՀՀ-ում կազմակերպվում էին միջազգային խոշորագույն մրցումներ՝ սպորտի համաշխարհային աստղերի մասնակցությամբ: Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո նման բաներ այլեւս չէին կազմակերպվում: Արդյունքը եղավ այն, որ եզակի այդ կառույցում աստիճանաբար սկսեցին բույն դնել տարբեր կազմակերպություններ, որոնք բացարձակապես կապ ու առնչություն չունեն ոլորտի հետ: Իսկ ի՞նչ է կատարվում ՄՀՀ-ի հետ այսօր, որքանո՞վ է այն ծառայելու սպորտին: Մեկնաբանում է ՀՀ սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանը: «Այս տարվանից ՄՀՀ-ն վերջապես շնչեց մարզական շնչով: Գրեթե մեկուկես ամիս այնտեղ ամեն օր մարզական միջոցառում էր անցկացվում: Կառույցին կյանք հաղորդելու համար աշխատեցինք մոտ երեք ամիս ու կարողացանք լուծել առնվազն երեք կարեւորագույն խնդիր. բավականաչափ բարձրացրինք աշխատավարձերը, շահագործեցինք շարժասանդուղքների եւ վերելակների համակարգերը, որոնք 15 տարի «քարացած» վիճակում էին, ամբողջապես վերացրինք կաթոցները: Սակայն շինության թե ներսը, թե շրջակայքը տարբեր տարիների շահագործվել է շատ անխիղճ: Լկտիությունն այն աստիճանի է հասել, որ շենքում եղած մարզական նշանակության ութ շոգեբաղնիքները վարձով տրվել են մի կազմակերպության, որը օրական բյուջե մուծել է 550-600 դրամ՝ այն դեպքում, երբ այցելուներից վերցրել է մեկ ժամի համար 5000 դրամ: Անխիղճ են վարվել նաեւ շրջակա տարածքների հետ: Այստեղ էլ հանդգնությունը չափ չի ունեցել: Օրինակ, համալիրի աստիճանների հենց անմիջապես ստորոտին ավտոկանգառների համար տարածքներ են տրամադրվել: Ու ի պատիվ Երեւանի ներկայիս քաղաքապետի՝ պիտի ասել, որ նա իր նախորդների այդ որոշումները չեղյալ է համարել: Այդ ապօրինությունները կատարվել են նախորդ քաղաքապետերի օրոք: Եվ մենք հիմա չարչարվում ենք դրանք վերացնելու ուղղությամբ: Գիտե՞ք, պատահական չէ, որ ՄՀՀ-ն մինչեւ այսօր կադաստրային որեւէ փաստաթուղթ չունի: Որովհետեւ այն համեղ պատառ է եղել ու ով ասես, ինչ ասես՝ պոկել է: Հիմա այլեւս այդպես չի լինելու: Իրավիճակի մասին ես ժամանակին զեկուցել եմ հանրապետության նախագահին: Եվ նա, որ շատ ուշադիր է սպորտի նկատմամբ, աշխատանքային հատուկ խորհրդակցություն է հրավիրել ու տվել կոնկրետ հանձնարարականներ: Օրերս քաղաքապետարանի հետ միասին ավարտեցինք համալիրի չափագրման աշխատանքները: Ամբողջ կառույցը եւ շրջակայքի 20,3 հա տարածքը կհատկացվի համալիրի տնօրինությանը, որտեղ լավագույն դեպքում կարող ենք փոքր խաղահրապարակների շինարարության թույլտվություն տալ: Բայց թիվ մեկ խնդիրը լինելու է տարածքի կանաչապատումը: Հիմա մենք պատրաստվում ենք չափագրումների փաստաթղթերով մտնել կառավարություն: Եվ ոչ հեռու ապագայում կունենանք ՄՀՀ-ի, որպես պետական սեփականության կադաստրային փաստաթղթերը: Բոլոր կազմակերպությունները եւ անհատ մարդիկ պետք է ՄՀՀ-ն եւ շրջակա տարածքներին վերաբերվեն ոչ թե որպես հերթական կանաչ տարածքի, որը կարելի է անխղճորեն ոչնչացնել, այլ հիշեն, որ Ծիծեռնակաբերդում մեր ժողովրդի 1,5 միլիոն նահատակների հիշատակի խորհրդանիշն է ամփոփվում: Թե չէ ինչի՞ է նման, երբ Եղեռնի զոհերի հուշահամալիրի անմիջական հարեւանությամբ ամեն տեսակ ռաբիս երաժշտություն է հնչում»: Հետաքրքրվեցինք նաեւ, թե առաջիկայում ՄՀՀ-ում մարզական խոշոր միջոցառումներ լինելո՞ւ են: «Ընդամենը մեկ շաբաթ հետո ընդունելու եմ Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի կոմերցիոն բաժնի տնօրեններից մեկին,- պատասխանեց նա:- Պայմանավորվածություն ունենք ամբողջապես վերականգնել սառույցը: Այդ նպատակով Միջազգային ֆեդերացիան Հայաստանին տրամադրելու է սառույց պատրաստող գերժամանակակից մեքենա, որը 8-12 ժամ տեւողությամբ սառցադաշտ կարող է պատրաստել ցանկացած տեղում: ՄՀՀ-ի սառցադաշտի բացումը նախատեսում ենք կատարել աշխարհի ուժեղագույն գեղասահորդների մասնակցությամբ: Այդ առիթով Երեւան ժամանելու համաձայնություն արդեն տվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Սլուցկայան, Պլյուշչենկոն, օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ եւ մրցանակակիրներ՝ այլ երկրներից: Բացառված չէ, որ Գեղասահքի միջազգային ֆեդերացիան այդ մեքենան վերջում նվիրի Հայաստանին: 2005 թվականին այստեղ կացկացվի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Այդ առիթով անցած շաբաթ մեզ հյուրընկալվեց FILA-ի գլխավոր քարտուղարը եւ վարչապետի հետ հանդիպման ժամանակ վստահություն հայտնեց, որ հինգ քաղաքների մրցակցությունում Երեւանի շանսերը գերադասելի կլինեն: Արդեն պաշտոնապես ստացել ենք օդամղիչ հրաձգության 2006թ. Եվրոպայի մեծահասակների առաջնությունը ՄՀՀ-ում անցկացնելու՝ այդ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի համաձայնությունը: Հիմա բանակցում ենք ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հետ՝ աշխարհի 2007թ. առաջնությունն այստեղ կազմակերպելու շուրջ»: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ