«ԼՂ հարցն իրավական լուծում չունի» Բանակցությունների որոշակի փուլում ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը անհրաժեշտ կլինի: Այս մասին «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի ՄԵրզլյակովը՝ պատասխանելով բանակցային գործընթացում ԼՂ ներկայացուցիչների մասնակցությանն առնչվող հարցին: «ԼՂ-ն հակամարտող կողմերից մեկն է եւ նրա ներկայացուցչի ստորագրությունը դրված է զինադադարի մասին համաձայնագրում»,- արձանագրել է Մերզլյակովը: Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք բանակցային գործընթացի այնպիսի սցենար, որի դեպքում Հայաստանը երկրորդ պլան կմղվի, Յուրի Մերզլյակովը նշել է. «Եկեք իրատեսական մոտեցում դրսեւորենք՝ Ղարաբաղը չի կարող լուծել բոլոր հարցերը»: Ռուս դիվանագետի խոսքերով՝ Հայաստանի մասնակցությունը բանակցային գործընթացին անհրաժեշտ է, քանի որ հակամարտությունը «միջպետականից, միջժողովրդականից վերածվել է միջազգային հակամարտության»: Ըստ նրա, այստեղ անհրաժեշտ են բոլոր կողմերը: Խոսելով Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին՝ Յուրի Մերզլյակովը նշել է, որ քննարկումները կրել են պրոֆեսիոնալ եւ կառուցողական բնույթ: «Ինչ վերաբերում է իմ գնահատականին՝ ապա դեռեւս վաղ է այն հրապարակել»,- ասել է նա, հավելելով, թե այս փուլում պետք չէ գործընթացում թռիչքներ ակնկալել: Ամփոփելով իր դիտարկումները, Մերզլյակովը նշել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության իդեալական իրավական լուծում չի կարող լինել: Միջնորդի մեկնաբանությամբ, այս խնդրում կարծես շերտավորում է դիտվում՝ պետական իրավունքի մի տեսակ կոլիզիա, ընդ որում՝ պետական մի վիճակից մյուսին անցման պահին: ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին ներպետական հարաբերությունները չափազանց անկայուն էին, անորոշ, հաճախ փոխվում էին. տեղի էր ունենում կենտրոնի հետ մի շարք միութենական հանրապետությունների դիմակայություն, կարծում է Յուրի Մերզլյակովը: «Եթե հիմնվելու լինենք այն պահին գոյություն ունեցած ներպետական նորմերի վրա, ապա անհրաժեշտ է խոստովանել, որ դրանք բավականին իրարամերժ բնույթի էին, եւ այդ ամենն, իր հերթին, հակասության մեջ էր մտնում միջազգային իրավունքի հետ, որում նույնպես ամրագրված է երկու նորմ՝ տարածքային ամբողջականության եւ ազգի ինքնորոշման իրավունքի»,- նշել է ռուսաստանցի համանախագահը: Ուստի, ըստ նրա, իդեալական իրավական լուծում անհնար է գտնել, եւ այն պետք է լինի գլխավորապես քաղաքական: «Ես, իհարկե, իմ կարծիքը չեմ պարտադրում, ավելին, համարում եմ, որ կարող են լինել նաեւ այլ տեսակետներ, եւ դրանք կան»,- ավելացրել է Յուրի Մերզլյակովը: Խոսելով Տավուշ-Ղազախ հատվածում վերջին շրջանում արձանագրված լարվածության մասին, Մերզլյակովը նշել է, թե Մինսկի խմբի համանախագահները մտահոգված են այդ իրավիճակով: «Գնահատականը մեկն է. տեղի է ունենում հրադադարի մասին համաձայնագրի խախտում, եւ դրան անհրաժեշտ է հնարավորին չափ արագ վերջ դնել»,- ընդգծել է ռուսաստանցի համանախագահը: Սեփ. լր.