«Ամառն ունի իր չգրված օրենքները» Ասում է պատգամավոր Գրիգոր Հարությունյանը Ընդդիմադիր գործիչները հունիսի 16-ի հանրահավաքից հետո (երբ հաստատվեց, թե ավարտվում է պայքարի տվյալ փուլը), վերասրբագրեցին իրենց ասելիքը եւ սկսեցին հայտարարել, թե որեւէ բան չի ավարտվել եւ չի սկսվելու, այլ՝ գործընթացը շարունակական է եւ շարունակվում է։ Պարզապես հանրահավաքներ այս պահին այնքան հաճախ չեն լինի, ինչպես մինչ այժմ։ ՀԺԿ քարտուղար, ԱԺ պատգամավոր Գրիգոր Հարությունյանի հետ զրույցում փորձեցինք հստակեցնել՝ այնուամենայնիվ, վերոհիշյալ հայտարարություններում անորոշության երանգ կա։ Արդյոք հանրահավաքներից հրաժարվելու այս փուլում ընդդիմությունը որեւէ գործողություն մտադի՞ր է իրականացնել, թե՞ ոչ։ Գրիգոր Հարությունյանը հավաստեց. «Ընդդիմությունը շարունակելու է գործել նաեւ ամբողջ ամառ, գուցե ոչ այն ակտիվությամբ, ինչպիսին կար գարնանը։ Սա եւս հասկանալի է, քանի որ ամառն ունի իր չգրված օրենքները՝ մարդկանց մի մասը բացակայում է քաղաքից, մի մասը զբաղված է երեխաների ընդունելության քննություններով, մի մասը՝ գյուղատնտեսությամբ է զբաղված։ Այս տեսակետից, ինչ խոսք, տարբերվում է գարնանային ակտիվացումից։ Բայց այս ամառը մեզ համար սովորական ամառ չի լինելու, արդեն մշակվում են ե՛ւ դահլիճային հանդիպումներ, նաեւ՝ հանրապետության տարբեր բնակավայրերում կլինեն հանդիպումներ մարդկանց հետ, հատկապես կակտիվանա կուսակցական կառույցների հետ տարվող աշխատանքը»։ Գրիգոր Հարությունյանը ընդդիմադիր մյուս գործիչների պես ամառվա ընթացքում չբացառեց նաեւ հանրահավաքային ալիքը։ Իշխանափոխությունը, ըստ Գրիգոր Հարությունյանի՝ պարզապես անխուսափելի է։ Մենք ստիպված էինք հարցնել՝ եթե անխուսափելի է, եթե ե՛ւ հասարակության ստվար հատվածը, ե՛ւ ընդդիմադիր մեկ տասնյակից ավելի կուսակցություններ ձգտում են դրան, ինչո՞ւ այն համառորեն չի իրականացվում։ Գրիգոր Հարությունյանը անդրադարձ կատարելով անցած երկու-երեք ամսվա գործընթացներին ասաց, որ իշխանափոխությունը գրեթե իրականություն էր ապրիլի 12-ին. «Այդ օրը պետք է իրականանար իշխանափոխություն։ Իշխանությունը ինչպես որ հանցագործ ձեւով զավթել էր իշխանությունը, այդ նույն ձեւով էլ այդ օրը փորձեց պահել իշխանությունը։ Բնականաբար, դա իր ազդեցությունը թողեց։ Սակայն ամենակարեւորն այն էր, որ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերվանից հետո ժողովուրդը չվախեցավ, ժողովուրդը կրկին դուրս եկավ հրապարակ, իհարկե՝ ոչ այն վճռականությամբ, ինչպիսին կար 12-ին։ Բայց նաեւ չի կարելի ասել, թե ապրիլի 13-ից հետո հասարակության մեջ նվազել է իշխանափոխության պահանջը։ Ես կարծում եմ՝ այդ պահանջը գնալով ավելի է խորանում, ավելի է մեծանում։ Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ սեպտեմբերից սկսած կլինի դժգոհության ավելի լուրջ ալիք»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ