Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑՕԹՅԱ ՀԱՄԵՐԳ ԳԱՌՆԻՈՒՄ

Հունիս 26,2004 00:00

Համերգի հովանավորչական գումարները դեռ չկան

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հուլիսի 2-ին, ժամը 22-ին աննախադեպ ճոխ համերգ կունենա Գառնիի տաճարի տարածքում: Այս մասին երեկ տեղեկացրեց ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը: Կկատարվի Արամ Խաչատրյան, Կոմիտաս-Ասլամազյան, Էդվարդ Միրզոյան, Շտրաուս, Մոցարտ եւ այլն: Կամերային նվագախմբի ընկերակցությամբ հանդես կգան երգչուհիներ Գայանե Գրիգորյանը, Արաքս Դավթյանը եւ Նունե Բադալյանը: Միջոցառմանը հրավիրված են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստագետներ:

Պրն Ղարաբեկյանը տեղեկացրեց, որ համերգի կայացմանը ֆինանսապես կաջակցեն Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը եւ «Հայաստան.Ծառատունկ» ծրագիրը: Ի դեպ, վերջինիս հայաստանյան գործունեության 10-ամյակին էլ նվիրվում է ՀՊԿՆ-ի բացօթյա համերգը:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավարը հիշեցրեց, որ նման մի համերգ էլ անցյալ տարի ամռանը ունեցել են Շուշիի ռեալական ուսումնարանում, նպատակ ունենալով հանրության ուշադրությունը բեւեռել ավերված հինավուրց կրթական կենտրոնի վրա, որը կարիք ուներ վերականգնման:

«Հուլիսի 2-ի համերգ-ակցիան այս անգամ բնապահպանական ուղղվածություն ունի: Ուզում ենք շեշտել «Հայաստան.Ծառատունկ» ծրագրի նշանակությունը, որն արդեն տնկել է 530 հազար ծառ՝ 500 բնակավայրում,- պատմեց պրն Ղարաբեկյանը: -Գառնին այդ օրը ուրիշ կլինի, ինչպիսին երբեէ չի եղել: Կտեղադրվի հարթակ, կկառուցվի ամֆիթատրոն: Համերգը կնկարահանվի 8 տեսախցիկով, հետո այն կվերածվի DVD-ի: Այդ նպատակով Կանադայից հատուկ հրավիրվել է ձայնագրության բարձրակարգ ռեժիսոր: Գառնիի տաճարն այդ օրը նաեւ յուրահատուկ կլուսավորվի»:

Հուլիսի 1-ին տաճարի տարածքում կկայանա փորձ-համերգ, որին կարող են ականատես ու ունկնդիր լինել բոլոր ցանկացողները, իսկ 2-ին մուտքը կլինի միայն հրավիրատոմսերով: Սահմանափակման պատճառը, ըստ նվագախմբի ղեկավարների, բարձրորակ տեսաձայնագրություն ստանալն է: Համերգը ըստ նախնական պայմանավորվածության պետք է կայանար օգոստոսի 21-ին՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում:

ՀՊԿՆ տնօրեն Արմեն Արաբյանը պարզաբանեց, որ ծրագիրը ծախսատար է, հետեւաբար երկրորդ անգամ համերգը կրկնել հնարավոր չէ: Այդ օրը ընդամենը տեսագրությունը կհեռարձակվի հեռուստատեսությամբ:

Հետաքրքրվեցինք՝ արդեն հովանավորները փոխանցե՞լ են համապատասխան ֆինանսավորումը:

«Ծառատունկ. Հայաստան» ծրագրի նախագահ Սյուզան Քլայնը ասաց, որ մի ամերիկացի բարերար որոշակի ներդրում արել է, սակայն ցանկացել է, որ անունը չհրապարակվի:

Ա. Արաբյանն էլ տեղեկացրեց, որ Արդյունաբերողների ու գործարարների միությունը դեռ ոչինչ չի փոխանցել, սակայն «վստահ եմ՝ իրենց խոստման տերը կլինեն»:

Արդյունաբերողների ու գործարարների միության փոխնախագահ Գագիկ Մակարյանին «Առավոտի» հետաքրքրասիրությունը ակնհայտորեն դուր չեկավ։ «Ձեր ինչի՞ն է պետք այդ ինֆորմացիան՝ կփոխանցենք գումար, թե՝ ոչ»,- նեղսրտեց նա։ Երբ հիշեցրինք, որ հուլիսի 2-ին կայանալիք համերգը յոթ սարերի հետեւում չէ, հավաստիացրեց, որ միությունն անպայման խոստումնապահ կլինի: Թե ինչքան գումար կկազմի ֆինանսական աջակցությունը՝ առայժմ ձեռնպահ մնաց հայտնել:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել