Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ հանրությունն արմատական է տրամադրված

Հունիս 26,2004 00:00

Ռազմավարական
եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը երեկ հրապարակեց «Ղարաբաղյան
հիմնախնդրի կարգավորումը» թեմայով հանրային եւ փորձագիտական հարցումների
արդյունքները։
Հարցումն անց է կացվել Երեւանի եւ ՀՀ մարզերի 1950 քաղաքացիների եւ 50 փորձագետների շրջանում։ Հետաքրքիրն այն է, որ հիմնական խնդիրներում փորձագետների եւ հանրության կարծիքը համընկնում է։ Օրինակ, հարցվածների երկու խմբում էլ առավելապես կարեւորում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը։ «Նոյյան տապանի» վերլուծաբան Դավիթ Պետրոսյանի կարծիքով, այս գնահատականը հիմք պետք է լինի քաղաքական գործիչների համար, որպեսզի լրջորեն ծանրութեթեւ անեն իրենց բոլոր քայլերը։ Երկու խմբերում էլ գերակշիռ մեծամասնությունը կարծում է, որ Ղարաբաղի հարցի կարգավորումը Հայաստանի Հանրապետության թիվ 1 խնդիրն է։ Հանրության՝ 32,2, իսկ փորձագետների 60 տոկոսը գտնում են, որ հիմնախնդիրը պետք է ներկայացվի որպես Ղարաբաղի բնակչության ինքնորոշման հարց։ Հանրության՝ 41,2, իսկ փորձագետների 30 տոկոսը խնդիրը դիտարկում է հայկական հարցի բաղկացուցիչ մաս, իսկ հանրության 19,5 տոկոսը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ։ Հարցվածների երկու խմբի կեսից ավելին Լեռնային Ղարաբաղը պատկերացնում է Հայաստանի կազմում, որպես անկախ եւ ինքնիշխան հանրապետություն՝ փորձագետների՝ 32, մյուս խմբի՝ 38,6 տոկոսը։ ԼՂՀ-ի ինքնավարությունն Ադրբեջանի կազմում տեսնում է փորձագետների՝ 10, հանրության՝ 1,1%-ը։

Ազատագրված տարածքների ճակատագրի պատկերացումները, ըստ հարցման, հետեւյալն են. ամբողջությամբ միացվելու են ԼՂ-ին՝ հանրություն՝ 30,3%, փորձագետներ՝ 6%։ ԼՂ-ի հետ միասին միացվելու են Հայաստանին. համապատասխանաբար՝ 45,5 եւ 20%, ամբողջությամբ միացվելու են Ադրբեջանին՝ 1 եւ 8%, տարբեր կարգի փոխզիջումներ՝ 11,2 եւ 40%։ Հանրության 40,7%-ը գտնում է, որ Հայաստանը եւ Արցախը ազատագրված տարածքների հաշվին կարող են զիջումներ անել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը ճանաչի ԼՂ անկախությունը կամ Հայաստանին միանալը։ Փորձագետների 50%-ն է այս կարծիքին։ Հանրության 32,4%-ը համոզված է, որ այդ տարածքները սակարկությունների առարկա լինել չեն կարող, նույնիսկ եթե արդյունքում վերսկսվեն պատերազմական գործողություններ։ Փորձագետների 26% է այսպես կարծում։ Երկու խմբում էլ մեծամասնություն է կազմում այն տեսակետը, որ փախստականները կարող են վերադառնալ իրենց նախկին բնակավայրեր միայն խնդրի վերջնական կարգավորումից հետո։ Ի դեպ, ի հեճուկս իշխանությունների, հարցվածների 74%-ը համոզված է, որ բանակցային կողմում պետք է լինեն ՀՀ-ն, ԼՂՀ-ն եւ Ադրբեջանը։ Հարցված հանրության՝ 8 եւ փորձագետների 14 տոկոսը գտնում են, որ բանակցային ճանապարհով հարցն անլուծելի է, ելքը տեսնում են նոր պատերազմում։ Համապատասխանաբար 46 եւ 86 տոկոսը հակառակ կարծիքի է, մինչդեռ նոր պատերազմի դեպքում ուժերի ներածի չափով ԼՂ պաշտպանությանը մասնակցություն ունենալուն կողմ է արտահայտվել հանրության 67,7 տոկոսը։ Հանրության՝ 44,2, իսկ փորձագետների 54 տոկոսը գտնում են, որ խնդիրը պետք է սառեցվի ներկայիս չկարգավորված վիճակով եւ ստատուս-քվոյի պահպանմամբ։

Մի հետաքրքիր դիտարկում եւս. խնդիրը լուծելու համար հանրության 2,5%-ը գտնում է, որ կարող է վստահել ՀՀ իշխանություններին, 5,3%-ն էլ՝ ԼՂՀ իշխանություններին։ Վերլուծաբան Դավիթ Պետրոսյանի կարծիքով, սա, ըստ էության, ՀՀ եւ ԼՂՀ ներկայիս իշխանությունների ռեյտինգն է։ Ըստ նրա, դատելով հարցման արդյունքներից, հանրությունը բավականին արմատական է տրամադրված եւ չունենալով լեգիտիմության մանդատ, իշխանությունները գործնականում չեն կարողանա դեմ գնալ հանրային կարծիքին։

Դավիթ Պետրոսյանի համոզմամբ, մեր հասարակությունը լուրջ խնդիրներ ունի՝ կապված իրազեկության հետ։ Հարցման արդյունքներով, եթե փորձագետները տեղեկատվություն ստանում են ամենատարբեր աղբյուրներից, ապա հասարակության տեղեկատվության հիմնական աղբյուրը հեռուստատեսությունն է, որը, սակայն, ըստ վերլուծաբանի, նույնիսկ չափազանց քիչ է։

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել