Չի բացառվում, որ դպրոցների տնօրենների հետ ԿԳ համակարգը լքեն նաեւ որոշ պաշտոնյաներ
Հնարավոր է, որ ընդունելության քննությունների շեմին էլ տհաճ անակնկալներ լինեն, ինչպես՝ մեդալակիրների քննությունների ժամանակ: Եթե վերջին դեպքում անակնկալը նախագահի վերահսկողության վարչության աշխատակիցների անմիջական մասնակցությունն էր քննություններին, ապա գալիք քննությունների շեմին նաեւ կադրային փոփոխություն եղավ: Դեռեւս՝ մեկը. ԿԳ հանրակրթության գծով փոխնախարար Աիդա Թոփուզյանը պաշտոնանկ եղավ: Շշուկներ կան, որ այդ տեղի համար գուցե առաջարկություն ներկայացնի ՀՅԴ-ն:
Նախագահի վերահսկողության վարչությունը վերջերս չհերքեց մեր կանխատեսումը, որ մեդալակիրների քննության արձանագրություններն ամփոփելուց հետո որոշ դպրոցների տնօրենների հետ իրենց պաշտոններին հրաժեշտ կարող են տալ նաեւ կրթության ոլորտի պատասխանատուներ: Քանի որ մեդալակիրների համար հավասարապես «պայքարել» են թե՛ տնօրենները, թե՛ ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ: Մեր տեղեկություններով, արձանագրվել է նաեւ դեպք, երբ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն անձամբ է «շպարգալկա» հանձնել մեդալի հավակնորդներից մեկին, ինչը չի վրիպել վերահսկողականի տղաների աչքից: Ի դեպ, քննություններից մեկի ժամանակ, եթե հիշում եք, իրարանցում ստեղծվեց, եւ երկուստեք մեղադրական խոսքեր հնչեցին վերահսկողական ծառայության եւ նախարարության աշխատակիցների ու հանձնաժողովականների միջեւ: Առաջիններին դուր չէր եկել, որ երկրորդ տետրի անհրաժեշտություն էր ծագել, հակառակ կողմն էլ պնդում էր, թե վերահսկողական ծառայության աշխատակիցները քննությանը մասնակցում են դիտորդի կարգավիճակով եւ շարքերի միջով անցնելու իրավունք չունեն, առավելեւս՝ կասկածի տակ առնելու հանձնաժողովի աշխատանքները: Ասենք, որ այդ քննությունների համար հստակ կանոնակարգ չկա, եւ ոչ ոք չի կարող պնդել, թե վերահսկողականի աշխատակիցները նշյալ իրավունքը չունեն: Ինչո՞ւ նախարարության լիազորած անձինք կարող են այդ անել, կարող են միեւնույն երեխային 4-5 անգամ «բնական պահանջների համար» դուրս ուղեկցել, իսկ նախագահականից «լիազորված» անձինք չեն կարող քայլել շարքերի արանքով կամ կասկածի դեպքում դիտողություն անել: Էլ ինչո՞ւ են եկել-հասել այդտեղ:
Սակայն սխալ կլինի ասել, որ խնդիրը քննություններին ներկա պաշտոնյաների կամ հանձնաժողովականների մեջ է: Ամեն ինչ ավելի խորն է: Փաստորեն, համակարգն այնքան բարձիթողի վիճակում է, որ դպրոցի տնօրեններն աննախադեպ ռիսկի են գնացել: Բերենք մեկ օրինակ: Երեխաներից մի քանիսը տետրերը հանձնել էին՝ բոլորովին դատարկ վիճակում: Եթե այդպես վարվեր 1-2 հոգի, կարող էինք պատկերացնել, որ, ասենք, չեն կարողանում կենտրոնանալ, որ իսկապես սթրեսի մեջ են: Բայց դրանց թիվն ավելին է: Եվ քննասենյակից դուրս գալիս այդ երեխաները միմյանց ձեռքով նշան են արել ու դուրս եկել: Պարզվում է՝ նախնական պայմանավորվածություն է եղել. դատարկ տետրը հետագայում հանձնաժողովն ավելի հեշտությամբ կարող էր լրացնել, քան շտկումներ անել արդեն գրվածի վրա: Թե ինչ մեխանիզմներ կմշակվեն գալիք քննություններում՝ գոնե լարվածությունը թուլացնելու համար, վերահսկողականը դեռ չի հստակեցրել: Մեզ հաջողվեց պարզել, սակայն, որ շատ դպրոցների կոլեկտիվներից շնորհակալական նամակներ են հղվել նախագահական՝ վերջինիս իրականացրած քայլերի եւ կեղծիքները կանխելու համար: Ստացվել են նաեւ առաջարկներ՝ ընդունելության քննություններն առավել թափանցիկ անցկացնելու վերաբերյալ:
Եկող շաբաթ նախագահի վերահսկողական ապարատն ամենայն հավանականությամբ արդեն կամփոփի կատարվածը եւ հետագայի համար քայլեր կնախանշի:
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ