Արդեն երեք տարի կառավարությունը ոչինչ չի անում իր իսկ ընդունած մի որոշման կատարման համար
Խոսքը վթարավտանգ կամուրջների վերականգնման մասին որոշմանն է վերաբերում:
Հանրապետության տասնյակ կամուրջներ ոչ միայն վթարավտանգ են, այլեւ ժամանակ առ ժամանակ փլուզվում են, ինչին «Առավոտն» անդրադառնում է: Բայց ավտոճանապարհային կամուրջների խնդիրը համեմատաբար ավելի բարվոք վիճակում է, քանի որ դրանք ըստ կարեւորության վերականգնվում են պետբյուջեի եւ վարկային միջոցներով: Իսկ երկաթուղային կամուրջները, կարելի է ասել, ընդհանրապես անտեսված են: Հանրապետությունում 8 վթարավտանգ երկաթուղային կամուրջ կա: Ընդ որում՝ մասնագետների գնահատմամբ, դրանք ծայրահեղ վտանգավոր վիճակում են գտնվում:
Ուստի կառավարությունն այս հարցը կարեւորել է դեռեւս 2000 թվականին՝ որոշում ընդունելով այդ վթարավտանգ կամուրջների մոնիտորինգ անցկացնելու, վերականգնման նպատակով ռազմավարական ծրագիր մշակելու վերաբերյալ: Այնուհետեւ 2001 թվականին ընդունվել է «ՀՀ ճանապարհների վթարավտանգ տեխնիկական վիճակում գտնվող կամրջային կառուցվածքների առաջնահերթ վերականգնման-ուժեղացման համալիր ծրագրի մասին» կառավարության որոշումը, ու այդ փուլում էլ կանգ է առել գործը:
Այս որոշմամբ կառավարությունը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է «2002-2006 թթ. պետբյուջեների նախագծերը կազմելիս հաշվի առնել նշված համալիր ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցների հատկացման հնարավորությունը»: Հետաքրքիր է, որ կառավարությունը հանձնարարել է ոչ թե միջոցներ նախատեսել (հատկացնել), այլ «հաշվի առնել միջոցների հատկացման հնարավորությունը»: Հակված ենք կարծել, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունն առանձնապես չի թերացել եւ միջոցների հատկացման հնարավորությունը գուցե «հաշվի է առել», ինչը, պետք է ենթադրել, գումարային արտահայտություն չի ստացել, որովհետեւ պետբյուջեն սուղ է: Երեք տարի շարունակ պետբյուջեում այդ նպատակով ոչ մի կոպեկ չի հատկացվել: Մինչդեռ դեռեւս 2001-ի օգոստոսին էր նախարարությունը պարտավոր կառավարությանն առաջարկություն ներկայացնել ֆինանսական աղբյուրների վերաբերյալ:
Միայն այս տարվա պետբյուջեի ուղերձում է երկաթուղային վթարավտանգ կամուրջների վերանորոգման նպատակների մասին հիշատակում արվում: Այնտեղ նշվում է, որ դա կարվի «ինչպես սեփական միջոցների, այնպես էլ Համաշխարհային բանկի կողմից $15.2 մլն վարկային ծրագրի հաշվին»: Սակայն մեր լավատեղյակ աղբյուրի տվյալներով, Համաշխարհային բանկի տրանսպորտային վարկային ծրագրում որեւէ կերպ հիշատակված չեն վթարավտանգ երկաթուղային կամուրջները: Սեփական միջոցն էլ պետբյուջեն է, սակայն ոչ այս տարվա, ոչ անցյալ երկու տարիների պետբյուջեներում գումար չի նախատեսվել այս նպատակին:
Մինչդեռ, որոշակի հաշվարկով, ընդհանուր առմամբ ծախսելով 1.6 միլիարդ դրամ, 2006 թվականին այս բոլոր կամուրջները վերանորոգված-ամրացված են լինելու: Այժմ երկուսուկես տարի է մնացել նախատեսված ժամկետին, սակայն աշխատանքները չեն սկսվել: Այսօրվա դրությամբ աշխատանքների կեսն ավարտված պետք է լիներ, փոխարենը այդ կամուրջների վիճակն ավելի վտանգավոր է դառնում:
Մեր աղբյուրը հաղորդեց նաեւ մի ուշագրավ տեղեկություն: Վթարավտանգ կամուրջների վերականգնման ծրագրում նախատեսված է մի ոչ այնքան վթարային կամուրջ, փոխարենն անտեսված է խիստ վտանգավոր մեկ ուրիշը: Այս մասին անգամ աուդիտորական եզրակացություն կա: Խոսքը երկաթգծի Ախթալա-Հաղպատ ճանապարհի «2600+ 025» հատվածի (կամրջամաս) մասին է, որը աուդիտորների եզրակացությամբ անհամեմատ լավ վիճակում է, քան ծրագրում չընդգրկված նույն ճանապարհի «2598+100» հատվածը: Ընդ որում, աուդիտորների եւ շատ մասնագետների համար չհիմնավորված կերպով առաջին հատվածի համար երեք անգամից ավելի գումար է հաշվարկվել, քան կպահանջվի իրականում վթարավտանգ վերոհիշյալ հատվածի համար:
Այս տեմպերով վթարի վտանգն ավելի է մեծանում:
ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ