Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը հիմնել է սեփական կազմակերպություն՝
«Իրավունքի եւ ազատության կենտրոն», որը պետական գրանցում է ստացել հունիսի
15-ին:
Մինչդեռ Հայաստանում բնավ չի զգացվում իրավապաշտպան կազմակերպությունների պակաս, ու լիովին հնարավոր էր գործունեություն ծավալել եղածներից որեւէ մեկում: Գուցե եղածների գործունեությունի՞ց բավարարված չէ, թե՞ ուղղակի սեփական հավակնությունների խնդիր կա՝ մեր այս հարցին Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Ճիշտ է, որ մեր երկրում կան բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ, բայց վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ այդ դաշտը դեռեւս ամբողջությամբ փակված չէ: Ինչքան շատ՝ այնքան լավ: Եվ բոլորովին հավակնությունների խնդիր չէր նոր կազմակերպություն գրանցելը, առավել եւս, որ անելիքի առումով չեմ ունենալու էական տարբերություններ գործող կազմակերպություններից: Հատկապես վերջին ամիսների իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ լավագույն աշխատանքն անում են այդ կազմակերպությունները եւ չեն էլ հասցնում: Իրավիճակի լարմանն ու սրացմանը զուգընթաց՝ այդ հասարակական կազմակերպությունները դառնում են ամենաակտիվը եւ նրանց խոսքն է ամենաշատը հնչում, լինում ավելի ծանրակշիռ ու հասնում միջազգային իրավապաշտպան կառույցներին»:
Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը վերջերս իր մի հարցազրույցում պատմել էր. «Անցյալ տարի Ագոյի խմբի հետ հանդիպման ժամանակ ես Քոչարյանի լեգիտիմության հարցը բարձրացրի, ոչ ոք չմիացավ ու չասաց, որ Քոչարյանն իսկապես լեգիտիմ չէ: Այդ ժամանակ խմբի ղեկավարը շրջվեց իմ կողմն ու ասաց. «Հավատում եմ քեզ, բայց դու մենակ ես, եւ քո ասածը այդ դեպքում մեզ համար հիմք չէ, այլ կարծիքներ կան»: Իսկ այնտեղ նստած էին իրավապաշտպաններ Անահիտ Բայանդուրը, Ավետիք Իշխանյանը»: Այս պատմությունը հաշվի առնելով՝ նկատառում հայտնեցինք, թե այնուամենայնիվ, իրավապաշտպանների շարքերում կա ներքին մրցակցություն: Վարդան Հարությունյանն ի պատասխան նկատեց. «Իհարկե՛, մրցակցություն կա եւ պետք է լինի, բայց խոսքն առողջ մրցակցության մասին է, ոչ թե սեփական գործունեությունը ուրիշներին հակադրելու կամ ինքնագովազդի: Դանիելյանի գործունեության շրջանակների մեջ մտնում են այնպիսի հարցեր, որոնցով այլ կազմակերպություններ չեն զբաղվում եւ չեն էլ զբաղվելու: Այս առումով նա, իհարկե, տարբերվում է: Հենց այդ պատճառով է կարեւոր հասարակական ու իրավապաշտպան կազմակերպությունների բազմազանությունը, որ նրանք իրենց տարբերություններով ու հակասություններով հանդերձ կարողանան ծածկել ամբողջ դաշտը: Եվ կողջունեմ էլի նոր կազմակերպությունների ձեւավորումը»: Իսկ ընդհանրապես՝ ճի՞շտ է համարում, որ իրավապաշտպանները գնահատեն այս կամ այն պաշտոնյայի ընտրության օրինականությունը եւ հանդես գան քաղաքական հայտարարություններով. «Ո՛չ, բոլորովին: Քաղաքականությունը եւ իրավապաշտպանությունը պետք է հնարավորինս տարանջատվեն, քանի որ քաղաքական տեսանկյունով դեպքերն ուսումնասիրելով դառնում ես արդեն կանխակալ ու չես կարողանում պաշտպանել քո քաղաքական հակառակորդին: Սակայն իրավապաշտպանի էությունն անգամ քաղաքական հակառակորդին պաշտպանելն է»:
Մարդու իրավունքների զանգվածային խախտումների գագաթնակետը թերեւս անցած գարունն էր, երբ հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին ցույցերին մասնակցելու համար, կամ ենթարկվեցին ծեծուջարդի: Իսկ այժմ համեմատաբար հանդարտ վիճակ է, եւ թվում է, թե իրավապաշպանների համար չկա առանձնապես անելիք: «Ընդհանրապես՝ իրավապաշտպան կազմակերպությունները հիմնականում իրենց գործունեության «գագաթնակետն» ապրում են, երբ տեղի են ունենում այդ կարգի դեպքեր, ինչ տեղի ունեցան Հայաստանում՝ բռնություններ, քաղաքական հետապնդումներ եւ այլն,- ի պատասխան ասաց նորաստեղծ «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» ղեկավարը:- Քիչ թե շատ խաղաղ պայմաններում նրանց գործունեությունն այնքան էլ չի երեւում: Ուզում եմ շեշտել, որ անցած ամիսների ընթացքում մեր հասարակական կազմակերպություններն իրենց դրսեւորեցին լավագույնս: Սակայն ուզում եմ հիշեցնել, որ բացի քաղաքական վայրիվերումներից՝ մեր հասարակությունն ունի նաեւ այլ խնդիրներ՝ դատարաններ, կալանավայրեր, հոգեբուժարաններ եւ այլն»: Արդյոք իր թվարկած հաստատությունների առումով ավելի արդյունավե՞տ չէ ոչ այնքան հասարակական կազմակերպությունների, որքան Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, քանի որ պետական մարմիններն օրենքով են պարտավորված հաշվի առնել նրա տեսակետը: Վարդան Հարությունյանը մեր այս նկատառմանը պատասխանեց. «Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն, իհարկե, տեսականորեն պետք է լինի առավել արդյունավետ, քան հասարակական կազմակերպություններինը: Իսկ թե գործնականում ինչպես է Հայաստանում՝ այլ խնդիր է: Կուզենայի, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարողանար այնպես անել, որ մենք ունենայինք ավելի քիչ անելիք: Բայց այսօրվա իրականությունը վկայում է լրիվ հակառակի մասին»:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ