ՄՆԱՑ ԵՐԿՈՒ ՀԱՐՑ Ըստ Միգրացիայի եւ փախստականների վարչության փախստականների հարցերի բաժնի պետ Արա Հարությունյանի՝ այսօր Հայաստանում կա 311 հազար փախստական, որից 12 հազարը բնակվում են տնակներում կամ վարչական շենքերում: Երեկ Ամերիկայի հայկական համագումարի Հասարակական կազմակերպությունների կենտրոնը կազմակերպել էր հանդիպում՝ նվիրված Փախստականների համաշխարհային օրվան: «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Գրետա Միրզոյանը ներկայացրեց իրենց ստեղծած «հույսի փոստը», որը հնարավորություն է տալիս աշխարհի բոլոր փախստականներին շփվել միմյանց հետ, գտնել իրար. «Նրանք բարդ հոգեբանական վիճակում են՝ տուն են կորցրել, երկիր, կարոտը խեղդում է: Նամակներում փախստականները պատմում են, որ երազում տեսնում են իրենց նախկին տունը, հարեւաններին, այն դպրոցը, որտեղ սովորել են»: «Վերադարձ Հայք» ՀԿ նախագահ Ռոբերտ Մելիք-Փաշաեւը ասաց, որ ամեն մեկը ինքը պետք է մի բան մտածի՝ իրեն բնակարանով ապահովելու համար. «Ես յոթ տարի ապրել եմ նկուղային մի սենյակում, որը վաճառել եմ շատ թանկ ու այդ գումարով գնել բավական հարմարավետ բնակարան Կոմիտասում»,- ասաց նա: Իսկ մեր հարցին, թե ինչ լուծում են առաջարկում ոչ «Ճարպիկ» փախստականներին, պարոն Մելիք-Փաշաեւը պատասխանեց. «Մենք միայն կոնսուլտացիա ենք անում, որտեղ պետք ենք գալիս՝ օգնում ենք»: ԱԺ պատգամավոր Գագիկ Ավետիսյանի կարծիքով՝ փախստականն ինքը չի ուզում շփվել հասարակության հետ, այդ անջրպետն ինքն է ստեղծել. «Դուք այսօր ռուսերեն եք խոսում, թեպետ հայերեն կարողանում եք լավ խոսել, հասկանալ, գրել, կարդալ»: Փախստականների հարցերի վարչության պետի տեղակալ Լ. Ասլանյանը բարձր գնահատեց ՀԿ-ների դերը. «Այն, ինչ անում են ՀԿ-ները, չի կարող անել կառավարական եւ ոչ մի օղակ»: Ի պատասխան այն հարցի, թե այդ դեպքում որն է վարչության դերը, Լ. Ասլանյանը պատասխանեց. «ԱԺ-ն փախստականների մասին արդեն 30 օրենք է ընդունել, որոնք օգնում են նրանց, մնում է ընդամենը երկու հարց՝ զբաղվածության եւ բնակավայրի: Էդ երկու հարցերը որ լուծվեն, էլ բան չի մնա»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ