Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրիշի հողով պարտք են փակել»

Հունիս 25,2004 00:00

«Ուրիշի հողով պարտք են փակել» Երեկ Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը մի խումբ լրագրողների հրավիրել էր Դալմայի այգիներում շրջելու: Նապատմեց, թե ՀՀ կառավարությունն ինչպես է պատրաստվում լուծել մոտ 500 հա հողատարածք զբաղեցնող եւ 1800 վարձակալ ունեցող Դալմայի այգիների հարցը: Կարեւորելով Դալմայի դերն ու նշանակությունը՝ պատմամշակութային, կենսաբազմազանության եւ էկոլոգիական տեսանկյուններից, պարոն Սանասարյանն անհեթեթություն համարեց այն, որ կառավարությունը այգիների կառուցապատումը հիմնավորում է բյուջեն լցնելու անհրաժեշտությամբ: Ըստ միության նախագահի, չնայած նրան, որ վարձակալների պայմանագրերը դեռեւս ուժի մեջ են, մարդկանց այգիներն արդեն ուրիշ սեփականատերեր ունեն: Հ. Սանասարյանը պնդում է, որ մինչ այժմ Դալմայում կատարված հողհատկացումներն անօրինականորեն են տեղի ունեցել, քանի որ «ոչ հողի օտարման որոշում է կայացվել, ոչ էլ օրենքի համաձայն գյուղատնտեսության, բնապահպանության, քաղաքաշինության եւ մշակույթի նախարարությունների համաձայնությունն է տրվել»: Պարոն Սանասարյանի տվյալներով, Դալմայի այգիների նոր սեփականատերերի թվում են «Ֆրենկ Մյուլլեր» ընկերությունը, «ՀայՌուսգազարդը», «Ռենկո» իտալական ընկերությունը, «Հայկական ավիաուղիները»: Վերջինս էլ կառավարության որոշումով իրեն հատկացրած 5 հա հողատարածքը հանձնել է «Միկա լիմիթեդին»՝ ընկերությանը ունեցած բենզինի խոշոր պարտքի դիմաց: Դալմայից, ինչպես ներկայացրեց միության նախագահը, բաժին ունեն նաեւ մի քանի մեծահարուստներ: Այգիների վարձակալներից մի քանիսը տեղեկացրին, որ այգիների կառուցապատումով շահագրգռված պաշտոնյաներն արհեստական խոչընդոտներ են ստեղծում՝ այգիները չորացնելու, ոչնչացնելու համար: Ըստ վարձակալ Վախթանգ Արշակյանի, տարիներ առաջ՝ հողատարածքը տնօրինելու պայմանագիրը կնքելիս, պայմաններից մեկն այն է եղել, որ վարձակալն իրավունք չունի հողատարածքում առկա խաղողը ոչնչացնելու եւ տեղն ուրիշ բերք ցանելու, սակայն «այժմ պտղատու ծառերի, խաղողի եզակի տեսակների ոչնչացումը ոչ ոքի չի հետաքրքրում: Դալմայի այգիները ոռոգման խիտ ցանց ունեն եւ լիարժեք ջրվում են, եթե ջուրը դիտավորյալ չեն կտրում»: Երեկ Հ. Սանասարյանը լրագրողներին ցույց տվեց Դալմայի այգիների քարտեզի կառուցապատված տարբերակը, որում մատնանշված էր կառուցվելիք արագընթաց ճանապարհը, որը Հայաստանում առաջին վճարովի ճանապարհն է լինելու: Կանաչների միության նախագահը համոզված էր, որ այդ հատվածում ճանապարհի կառուցումը կհանգեցնի քաղաքի այդ մասի աղտոտվածության մեծացմանը, «իսկ դա նշանակում է, որ կառավարության մատնանշած 256 հեկտարը, որը պահպանվելու է իբրեւ կանաչ գոտի, կդադարի այգի լինելուց, քանի որ այդտեղ աճեցրած բերքն էկոլոգիապես մաքուր չի լինի»: Դալմայի այգիների 1800 վարձակալներից 47-ը զոհված ազատամարտիկների ընտանիքներ են: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել