Թանգարանի ոդիսականը
«Առավոտին» ուղղած նամակով ՀՀ իշխանություններին եւ Հայաստանի ու
Սփյուռքի մեր հայրենակիցներին է դիմել պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի
ճարտարագիտական եւ բնական գիտությունների միջազգային ակադեմիաների ակադեմիկոս
Պետրոս Ալոյանը:
Նա գտնում է, որ հրատապ է մինչ այժմ ըստ արժանվույն չգնահատված Ռաֆայել Իսրայելյանի ստեղծագործությունների թանգարանի ստեղծումը, քանի որ 2008-ին լրանում է ճարտարապետի ծննդյան 100-ամյակը: «Այսօր շատերին հայտնի չէ, թե ով է հեղինակը Գինու մառանների, Հրազդանի ջրանցույցի, Հաղթանակի մոնումենտի, Չարենցի կամարի, Սարդարապատի թանգարանի, սբ. Սարգիս, սբ. Հովհաննես եկեղեցիների վերականգնումների… Այսօր ոչ միայն չի հիշվում ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի անունը, այլեւ աղավաղվում են նրա ստեղծած կոթողները»,- գրում է նամակագիրը: Կապվեցինք ճարտարապետի որդու՝ Վահագն Իսրայելյանի հետ: «Շատ մեծ ժառանգություն է մնացել Ռաֆայել Իսրայելյանից, որը անմխիթար վիճակում է: Կան բազմաթիվ չիրականացված աշխատանքներ, նախագծերի բազմաթիվ տարբերակներ, կիրառական արվեստի նմուշներ, ակվարելներ, հոդվածներ, մտորումներ, որոնք պահվում են թղթապանակներում՝ մեր տանը: Ռաֆոյի արժեքավոր արխիվը թղթի վրա է: Իսկ թուղթն ինչքա՞ն կարող է պահպանվել»,- նեղսրտեց Վ. Իսրայելյանը:
Հետաքրքրվեցինք՝ երբեւէ դիմե՞լ է Իսրայելյան ընտանիքը Ճարտարապետների միությանը այդ խնդրով: «Դիմել ենք, անգամ առաջարկել, որ հնարավոր է մեր՝ Սարյան 9 հասցեում գտնվող տան վերնահարկում ստեղծել տուն-թանգարան, եթե, իհարկե, համապատասխան ֆինանսական աջակցություն լինի: Ի վերջո, նա վաստակել է թանգարան ունենալու իրավունքը. Ռաֆայել Իսրայելյանի նախագծով միայն Հայաստանում չէ, որ շինություններ են կառուցվել: Մարդը եկեղեցիներ է կառուցել Նյու Յորքում, Մոնտեվիդեոյում, Միլանում: Հաճախ ահռելի աշխատանք է թափել ու ոչ մի կոպեկ չի ստացել, ոչ մի պաշտոնի չի հավակնել: Հիմա, ցավոք, հայոց մեծերին մի այլ ձեւով են մեծարում՝ պատկերելով դրամների վրա: Կարծես ամեն մեկի ռեյտինգն են ուզում ցույց տալ՝ ըստ դրամի ում գինն է ավելի բարձր»։
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ իր ու մի խումբ այլ մտավորականների միջնորդությամբ, տարիներ առաջ կառավարությունը իսկապես փող է հատկացրել թանգարան ստեղծելու համար, սակայն Իսրայելյան ընտանիքը այն օգտագործել է ոչ թե թանգարանի, այլ իրենց բնակարանի վերանորոգման նպատակով:
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը եւս հաստատեց գումարի փաստը՝ ավելացնելով. «90-ականների սկզբներին գումար է հատկացվել թանգարանի կազմակերպման համար, տարվել են որոշակի շինարարական աշխատանքներ ու ինչ-ինչ պատճառներով, երեւի բոլորիս մեղքով կիսատ մնացել: Վերջերս միությունը նորից քննարկել է թանգարանի հարցը, կաշխատենք ամեն ինչ անել հասցնելու համար 2008թ. նշվելիք Ռաֆայել Իսրայելյանի 100-ամյակին»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ