Լրահոս
Օրվա լրահոսը

Զգուշացիր, Տեր-Պետրոսյան

Հունիս 25,2004 00:00

Ինքնաքննադատության «փոթորիկ»

1996 թվականի կեսերին տեղի ունեցավ չտեսնված, չլսված բան. իշխանական (գուցե՝ կիսաիշխանակա՞ն) շրջանակների մեկ-երկու խոշոր ներկայացուցիչներ հանդես եկան իշխանությունների քննադատությամբ, ի լուր ամենքի հայտարարելով, որ պետական գործերում ամեն ինչ չէ, որ լավ է։

Ջանգյուլում երգելով աչքի ընկնել ցանկացողների շուրթերին երգը կիսատ մնաց. շփոթահար սսկվեցին եւ շուրջը նայեցին, սպասելով, թե ուր որ է անհնազանդ այդ գլուխները կթռչեն։ Բայց գլուխներն ամուր ուսերի վրա էին եւ ոչինչ չպատահեց։

Եղանակի փոփոխությունն արագ որսալով, «երգչախումբն» ակնթարթորեն փոխեց երգացանկը՝ անցնելով քննադատական նոտայի։ Իհարկե, անհասցե քննադատության։

Այսպես անցավ մի քանի ամիս։ Հետո հիշյալ մեկ-երկուսը հանկարծ հայտարարեցին, թե Հայաստանում կլաններ կան։ Անհասցե քննադատությամբ աչքի ընկնել ցանկացողները կրկին սսկվեցին. սա արդեն նոր երգ էր իրենց համար, որը երգելու համար մի քիչ ռիսկ էր պետք։ Ռիսկը, ճիշտ է, գործի կեսն է, բայց եւ կարող է ողջ գործը տապալել։

Նրանք մեկ-երկու շաբաթ սպասեցին, հետո համոզվելով, որ կլան ասելու դեպքում չեն պատժվի, նորեն փոխեցին երգացանկը։ Հիմա որ թերթը բացես՝ ԱԺ պատգամավորները, մանր ու միջին մյուս աստիճանավորները լայնարձակ դատողություններ են անում կլանային համակարգի մասին։ Եվ դա՝ այնպիսի պաթոսով ու նվիրվածությամբ, ասես կլանային համակարգի դեմն առնելու միակ դեղամիջոցն իրենց ճարն է։ Բոլորովին իմաստ չունի նրանց հարցնել, թե ո՞ւր էիք մեկ տարի, երկու տարի առաջ, ինչո՞ւ հասարակությանն այն ժամանակ չէիք զգուշացնում այդ մասին։ Իմաստ չունի, որովհետեւ չունի եւ վերջ։

Բոլոր երգերը կարծես թե երգված են։ Բացառությամբ մեկի՝ քննադատական երգ նախագահի մասին։ Բայց նախագահի «քեֆին» նրանք կպչել չեն կարող. շա՜տ ռիսկով գործ է։ Ու անհամբեր սպասումի մեջ են։ Սպասում են իշխանական (գուցե՝ կիսաիշխանակա՞ն) շրջանակներից այն մեկ-երկուսին, ովքեր, երկրի ու համակարգի շահերից ելնելով, առանց որեւէ հավակնության, հրապարակայնորեն հանդես գան նախագահի որոշ գործողությունների կառուցողական քննադատությամբ։ Հրապարակայնորեն առարկեն նրան որոշ հարցերում, առողջ բանավեճ տանեն։ Եթե դա տեղի ունենա (իսկ տեղի կունենա անպայման, քանի որ տեղի է ունեցել ամենուր), «փոթորիկի» սիրահարները սսկված ու ակնապիշ մեկ-երկու շաբաթ կհետեւեն եւ, համոզվելով գործի անվտանգության մեջ, հերթ կկանգնեն բարձրախոսների, ձայնագրիչների, տեսախցիկների մոտ՝ խիզախորեն քննադատելու նախագահին։ Սեփական արիությունը, ինտելեկտը, մյուս հատկանիշները հասարակությանը ցուցադրելու, ինքնադրսեւորվելու որպիսի՜ հրաշալի հնարավորություն կլինի…

Նախագահ քննադատելու գործում առաջատարները գիտե՞ք ովքեր են լինելու. իհարկե նրանք, ովքեր ժամանակին ծնծղաններ էին հնչեցնում, ամենից բարձրն էին «լա՜վ էր, շեֆ» կանչում, ովքեր իրենց ողջ ավյունն էին ներդնում նույն այդ նախագահի արտահայտությունները զարգացնելու գործին։

Աշխարհն այսպես եկել է, այսպես էլ կգնա։ Այնպես որ, զգուշացիր, Տեր-Պետրոսյան։

ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆՅԱՆ
«Առավոտ», 7 հունիսի 1997 թ. Տպագրվում է կրճատումներով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել