Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Հունիս 25,2004 00:00

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Երբ մեկ տարի առաջ ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Բաղդասարյանը հանձնարարական
տվեց հայազգի պատգամավորների մնայուն վեհաժողով գումարելու մեխանիզմներ կանոնակարգելու
մասին՝ նրան հեգնեց անգամ կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ պաշտոնաթերթը,
այս նախաձեռնության մասին արտահայտվելով այսպես՝ «Առանց ետ նայելու, առանց
հաշվարկելու այլ երկրների վերաբերմունքի, դիրքորոշման ու անդրադարձի հարցը:
Կարեւորը գործ անելու տպավորությունն է»: Երեկ ՀՅԴ առաջնորդներն էլ էին ներկա
Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի բացմանը, որին մասնակցում
էին 25 երկրներից ժամանած 70 պատգամավորներ՝ ինչպես հայազգի, այնպես էլ Հայաստանի
ԱԺ-ի հետ այլ երկրների խորհրդարանական բարեկամության խմբերում ընդգրկված
օտարազգի պատգամավորներ: Եվ եթե դաշնակցականները շարունակում էլ էին վերապահումներ
ունենալ «ալամ աշխարհի հայոց խորհրդարան» ստեղծելու գաղափարի նկատմամբ, ապա
գերադասում էին լռել այդ մասին:
Չէ՞ որ Վեհաժողովին ողջույնի ուղերձներ էին հղել երկրի աշխարհիկ ու հոգեւոր բոլոր ղեկավարները, ինչը թերեւս բնական է այս մակարդակի միջոցառման համար: Բնական է նաեւ, որ վեհաժողովի մասնակիցներին նախապես տարել էին զբոսաշրջային սովորական երթուղով՝ Գառնի-Գեղարդ ու Սեւան: Նման միջոցառումների համար դարձյալ կանխատեսելի ելույթներ էին հնչում՝ հիմնականում ողջույնի խոսքեր, ակնկալիքներ, թե գաղափարների ու մտքերի փոխանակումը, նաեւ անհատական կապերի ստեղծումը կտան գործնական արդյունքներ: Եղան նաեւ «նորմայից» շեղումներ. ղազախ պատվիրակներից մեկը երկար ու ձանձրալի պատմեց իրենց երկրի պետական կառավարման կարգի մասին, ու ելույթի միակ «չամիչը» նրա ոգեւորությունն էր առ այն, որ Ծիծեռնակաբերդում տեսել էր իր երկրի նախագահի տնկած եղեւնին: Վրաստանի պատվիրակության անդամներից մեկն էլ որպես հայ-վրաց բարեկամության օրինակ, կամ «դարերով իրար մեջ ապրելու» մի վկայություն բերեց «Միմինո» կինոնկարը:

Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովը երեկ ընդունեց բանաձեւ, ըստ որի՝ որոշվեց այս մարմնի աշխատանքները դարձնել պարբերական ու լիագումար նիստեր գումարել 2 տարին մեկ: Վեհաժողովը դարձավ 4-րդ նմանօրինակ կառույցը՝ «Հայաստան-Սփյուռք» խորհրդաժողովից, դաշնակցական «Պրոարմենիա»-ից եւ Համաշխարհային հայկական կոնգրեսից հետո:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել