Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ

Հունիս 24,2004 00:00

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ Երեկ «հանդիսավոր» պայմաններում մեկնարկեց Երեւանում գործող ապօրինի հեղուկ գազալիցքավորման կետերի ապամոնտաժումը: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ, պետք է դադարեցվի ապօրինի գործող գազալցակայանների գործունեությունը: Մայրաքաղաքում գործում է շուրջ 90 գազալիցքավորման կետ, որից 43172ը ապօրինի է: 43-ից չորսը արդեն դադարեցրել է իր գործունեությունը, 15-ը դիմել է օրինականացման համար, իսկ մնացած մեքենաները կապամոնտաժվեն եւ կտեղափոխվեն Նուբարաշեն համայնքում հատուկ նախատեսված վայր՝ ծախսերը մեքենաների տերերի հոգսն են: Անհրաժեշտ թղթեր եւ թույլտվություն ունենալուց հետո մեքենաները կվերադարձվեն իրենց տերերին: Երեւանի քաղաքապետարանից մեքենաների բավականին կազմակերպված շքերթով լրագրողները, փրկարար ծառայության աշխատակիցների հետ միասին, ապամոնտաժմանն անհրաժեշտ տեխնիկայով զինված ուղեւորվեցին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ճառագայթային փողոցի Բ շենքի բակ: Տեղում պարզվեց, որ այդ գազալիցքավորման մեքենայի տերը երեք ամիս շարունակ «անհասանելի» է, իսկ լիցքավորման կետն էլ վաղուց չի գործում: Մոտ մեկ ժամ շարունակ լրագրողներին փորձում էին համոզել, որ հինգ, այնուհետեւ տասը րոպեից մեքենան կապամոնտաժվի, ինչն այդպես էլ չարեցին, քանի որ մեքենայի վարորդը եւս անհետացել էր: «Բազմաթիվ անգամ տերերին զգուշացնելուց հետո, ստիպված դիմում ենք ուժային գործողությունների: Քաղաքապետը լուրջ է դրել այս հարցը: Մեր վարչության պետ Կարեն Գեւորգյանն էլ լավ կպել է էդ գործին»,- ասաց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության առաջատար մասնագետ Հարություն Գրիգորյանը: Զվարճալին այն էր, որ նախքան հարցազրույց տալը պարոն Գրիգորյանը կոչ էր անում անջատել ձայնագրիչը. «Եկեք պայմանավորվենք, թե ինչի մասին պետք է խոսենք» եւ անընդհատ անհանգիստ հարցնում էր. «Հիմա ինչ խոսում եմ՝ ձայնագրվո՞ւմ է»: Պարոն Գրիգորյանի սրտով չէր հատկապես «տանիք» ունեցող գազալցակայաններին վերաբերող հարցերը. «ինձ ըտենց հարցեր մի տվեք»: Ապամոնտաժման առաջին անհաջող փորձից հետո ուղեւորվեցինք Էրեբունի համայնք: Մեզ միացավ նաեւ փոխքաղաքապետ Արման Սահակյանը: Վերջինիս խոսքերով, չնայած նրան, որ լցակայանի տերերը, իմանալով ապամոնտաժման մասին՝ թաքնվել են, «պետք է այնպես անենք, որ անօրինական կետերը միանշանակ ապամոնտաժվեն: Եվ այս հարցում մենք հետեւողական ենք լինելու»: Էրեբունի համայնքի Նոր Արեշ 35 հասցեից ապամոնտաժվեց 1 լցակայան, որի տերը շարունակ պնդում էր, որ իրեն նախապես չեն զգուշացրել: Պարոն Սահակյանի ասելով, սրանից հետո հերթը կհասնի բնակարանները մատակարարող գազի գրասենյակներին, քանի որ նրանց մեծ մասը եւս ապօրինի է: Նշենք, որ ըստ գործող նորմերի, շրջիկ գազալցակայանը պետք է լինի բնակելի շենքերից 40մ հեռավորության վրա: Ուշագրավ է այն, որ փոխքաղաքապետը եւ ապօրինության դեմ պայքարողները մեքենաներով բավականին արագ սլանում ու չէին նկատում այն կետերը, որոնք բնակելի շենքերից 40մ հեռու չեն: Ավելին, պատճառաբանում էին, թե այդ մարդիկ ունեն փաստաթղթեր: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել