Լրահոս
Օրվա լրահոսը

Նվեր՝ ծառայությունների դիմաց

Հունիս 24,2004 00:00

Նվեր՝ ծառայությունների դիմաց Եզնիկ Կողբացի 1 հասցեի բնակիչները «Առավոտի» հետ մինի էքսկուրս անցկացրին իրենց բակում, որը ներկայումս դարձել է շինհրապարակ: Տաղավարի ու կանաչ գոտու տեղում այժմ կառուցվում է մեկ հոգու պատկանող երկու ավտոտնակ: Դրանք նույն շենքի 3-րդ մուտքի բնակիչ, հայտնի ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանինն են: Ըստ բնակիչների՝ հունիսի սկզբից բանակցում են պարոն Քյուրքչյանի հետ, խնդրելով նրան շինարարությունը դադարեցնել կամ իրականացնել բակի մեկ այլ՝ ոչ բանուկ հատվածում: Ի պատասխան՝ ճարտարապետն անընդհատ թվարկել է իր մատուցած ծառայությունները հայրենիքին ու ժողովրդին: Պնդել է նաեւ, որ ունի համապատասխան փաստաթղթեր, եւ տարածքը՝ իր բազմավաստակ աշխատանքի համար, իրեն է տրամադրվել քաղաքապետի եւ Երեւանի գլխավոր ճարտարապետի գիտությամբ: Ավելին, պարոն Քյուրքչյանը հիշեցրել է, որ մեծահոգաբար չի օգտագործել իրեն պատկանող տարածքի 20 սմ-ը: Բնակիչներն ամենեւին էլ դեմ չեն ճարտարապետի՝ ավտոտնակ ունենալուն, սակայն տվյալ պարագայում այն խանգարում է իրենց անցուդարձին: «Արհամարհված ու վիրավորված ենք, որ առանց մեր կարծիքը հարցնելու մեզ զրկում են արեւի լույսից»,- պատմում է առաջին հարկի բնակիչ Անահիտ Գեւորգյանը: Բնակիչները վստահ են, որ պարոն Քյուրքչյանը «խորամանկաբար», տիեզերական արագությամբ՝ շուրջ տասը օրում կառուցել է այնպիսի շինություն, որ այլեւս քանդել հնարավոր չէ: Իրականացվող շինարարության օրինականությունը հաստատեց նաեւ Երեւանի քաղաքապետարանի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հրաչյա Մուրադյանը: Դիմեցինք նաեւ պարոն Քյուրքչյանին: Նա իր խոր վիրավորանքն արտահայտեց բնակիչների բողոքի առնչությամբ. «Էս քաղաքի համար 50 տարի ձրի աշխատել եմ: 30 տարի մեքենաս դրսում անընդհատ թալանվել է: Դիմել եմ քաղաքապետին, որ ավտոտնակին կից տարածք հատկացնի արհեստանոցի համար: Բացի դա՝ ունեմ արժեքավոր փաստաթղթեր, որոնք եւս պետք է տեղավորեմ այդտեղ»: Ի դեպ, Ե. Կողբացի 1 հասցեի բնակիչներն ունեն հարցի լուծման իրենց տարբերակը. «Առաջարկում ենք քանդել մեր շենքը, փոխարենը կառուցել ավտոտնակներ այն մարդկանց համար, ովքեր մեծ ավանդ ունեն հայրենիքի բարգավաճման գործում»: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել