Պատգամավորներին աշնանն են հաշվելու Սեպտեմբերից Արամ Կարապետյանը պահանջելու է ցրել ԱԺ-ն – Եթե ամփոփենք ձեր ընկերների գործունեության այս փուլը, ինչպե՞ս կգնահատեք։ – Այս փուլն ավարտվեց ինձ համար շատ սպասելի։ Քաղաքական պայքարի այս փուլում ընդդիմությունը չկարողացավ հասնել իր առջեւ դրած խնդրին։ Սա պետք չէ որեւէ կերպ գնահատել։ Ընդամենն՝ արձանագրել, որ այս ուժերով ընդդիմությունը չկարողացավ հասնել վստահության հանրաքվեի։ Պատճառների մասին ես ամիսներ առաջ եմ խոսել։ Սահմանադրական ճանապարհով գնալը հանգեցրեց փակուղու, քանզի որեւէ իրավաբանական հիմք չկար։ Ուստիեւ շարժումը կամաց-կամաց մարեց։ Կարծում եմ, սեպտեմբերից պայքարի նոր փուլ կսկսվի։ Քանի դեռ Հայաստանն այս իրավիճակում է, նման առկայծումներ անընդհատ կլինեն։ – Դուք նկատի ունեք՝ նույն անձինք կակտիվանա՞ն, թե՞… – Վերադասավորումներ անշուշտ կլինեն, ընդդիմադիր դաշտի տարբեր հատվածներ ակտիվություն կցուցաբերեն։ Օրինակ, մենք հակված ենք սեպտեմբերից սկսել շարժում, որը նպատակաուղղված կլինի մեր ծրագրի իրագործմանը։ Մենք այդ փաթեթի կետերին հետեւողական ենք, տարբեր հանդիպումներ, զրույցներ ենք ունենում։ Այդ թվում պայքարելու ենք նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար։ Կարծում եմ, որ բավականաչափ դրական գործընթացներ կլինեն՝ նույնիսկ իշխանությունների վրա ճնշում գործադրելով։ Մի հետաքրքիր դրվագ. մեր՝ դատարան դիմելուց հետո, որոշ քաղաքական գործիչներ սկսեցին իրար հետ հարցեր լուծել օրենքի ուժով, էթիկայի հանձնաժողովի ստեղծումը արագացվեց եւ այլն։ Այսինքն, եթե գործընթացը քաղաքակիրթ է, տրամաբանության մեջ է եւ նպատակաուղղված է երկրում ինչ-որ բան լավացնելուն՝ անմիջապես ընկալվում է։ – Այդ հանդիպումներն ու զրույցները, փաստորեն, դրական արդյունքներ են տվել, եւ դուք գո՞հ եք ձեր ծրագրի, այսպես ասած, կատարողականից։ – Այո՛։ – Իսկ ինչո՞վ բացատրել, որ հենց ձե՛ր ներկայացրած ծրագրի շուրջ քննարկումներ ծավալվեցին, մինչդեռ այդ ծրագրում տեղ գտած որոշ կետեր ավելի վաղ այլ գործիչների կողմից առաջարկվել եւ անպատասխան էին մնացել։ – Ես կարծում եմ երկու խնդիր կա։ Նայած ում ետեւում ինչ ուժեր են կանգնած եւ, որ պակաս կարեւոր չէ՝ ինչպիսի հիմնավորումներ են տրվում առաջարկներին։ Այն փաստարկները, որ մենք ներկայացրել ենք, տրամաբանորեն բխում են մեկը մյուսից։ Ի դեպ, կա նախագահի կողմից լիազորված անձ, որը մեր առաջարկների հետ կապված պետք է հանդիպում ունենար մեզ հետ՝ գործնական քննարկումների անցնելու համար։ Մենք հրաժարվեցինք այդ հանդիպումից՝ քանի դեռ առաջին կետը չի կատարվել (ԱԺ-ն չի ցրվել- Ն. Գ.)։ Մենք ներկայացրել ենք մեր ծրագիրը, որին պետք է հետեւի իշխանության համապատասխան քայլը։ Դրական արձագանքների պատճառներից մեկն էլ երեւի այն է, որ մենք թշնամաբար չենք փորձում աշխատել։ Մեր պայքարը մի կլանը մյուսով փոխարինելուն չէ ուղղված, այլ՝ համակարգը 21-րդ դարին հարիր դարձնելուն։ – Դուք խոսեցիք ուժի գործոնի մասին։ Ձեր ետեւում ի՞նչ ուժ է կանգնած։ – 12 հազար մարդ՝ ընդամենը 5 ամսում եւ միջազգային դաշտում ձեռք բերած ճանաչումը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ