Նոր ընդդիմությունը վտանգավոր կլինի Սա Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքն է Գալուստ Սահակյանը, որը մինչեւ երեկ առիթը բաց չէր թողնում խոսել այլընտրանքային ընդդիմության ստեղծման անհրաժեշտության մասին, ասելով, թե գործող ընդդիմությունը սպառել է իրեն, քաղաքական քննարկումների ակումբում հանդես գալով կոալիցիայի մեկ տարվա վերլուծությամբ, գրեթե սենսացիոն հայտարարություն արեց. «Եթե ամիսներ առաջ ես ինքս ասում էի, թե նոր ընդդիմություն է ձեւավորվելու, այսօր ասում եմ, որ այդ նոր ձեւավորվող ընդդիմությունն ավելի վտանգավոր է լինելու։ Եվ պիտի հորդորեմ ի շահ մեր պետության եւ ազգի, անկախ նրանից, թե իշխանության հետ ի՞նչ հարաբերություններ ունի, ընդդիմությունը պարտավոր է ժողովրդի առաջ հանդես գալ, մասնակցելով խորհրդարանի աշխատանքին, դրանով իսկ ժողովրդին ապացուցելով, որ իրենք դերակատարություն ունեն»։ Մեր հարցին՝ հատկապես ի՞նչ նոր ընդդիմությունից է այդպես զգուշանում եւ զգուշացնում պրն Սահակյանը, վերջինս պատասխանեց. «Անորոշությանը։ Նորերին, երիտասարդներին»։ Գոնե մի քանի անուն. «Ինչի՞ ասեմ»,- եղավ պատասխանը։ Գալուստ Սահակյանը խոսելով կոալիցիայի մեկ տարվա մասին, կարծիք հայտնեց, թե այսօր տեղի է ունենում կուսակցականացում «եւ ոչ թե քաղաքականացում, եւ սրա մեջ եւս մեծ վտանգ եմ տեսնում»։ Ըստ Գալուստ Սահակյանի՝ հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր պատրաստ են խնդիրներ լուծել, բայց չեն ուզում կուսակցականացվել. «Ո՞վ ասաց, որ նախարարը պարտադիր պետք է կուսակցական լինի։ Եվ հեչ պարտադիր չէ, որ քաղաքական կուսակցությունները կադրային, մասնագիտական դպրոցներ ստեղծեն»։ Թերեւս իր այս կարծիքով պրն Սահակյանը բավականին լուրջ հակակշիռ կարծիք հայտնեց կոալիցիոն հուշագրին, որի մեջ նշված է, որ պաշտոնները բաժանվում են ըստ կուսակցականության, նույնիսկ նշված է, թե որ նախարարությունը ում է տրված եւ բոլոր նորաթուխ նախարարները նախ կուսակցական են «օծվում» եւ հետո միայն նախարար։ Ի տարբերություն Գալուստ Սահակյանի, Վիգեն Խաչատրյանը կարծում է, որ վտանգավոր է ոչ թե նոր ընդդիմությունը, որը կարող է առաջանալ, այլ այն, ինչ այսօր ունենք. «եւ դա հետեւյալն է՝ դժբախտաբար, մեր հասարակության մեջ դեռեւս չի ձեւավորվում արմատական, համակարգային բարեփոխումների պահանջ»։ Գալուստ Սահակյանը մասամբ համաձայն էր Վիգեն Խաչատրյանի հետ, բայց ըստ նրա այսօր ենթադրվում է, որ համակարգային բարեփոխումները պետք է արվեն վերեւից։ Իսկ մեղավորը որեւէ հարցում ոչ թե կոալիցիան է, այլ եթե «չկարողանանք պետականությունը հզորացնել, ավելի շատ մեղադրվելու են մեր ժամանակի տերերը, որոնք հենց սկզբից են եղել»։ Մատնանշվեցին Վիգեն Խաչատրյանը, Հրանտ Խաչատրյանը, Վազգեն Մանուկյանը եւ չհասցրեց այլ անուններ տալ, որովհետեւ Վիգեն Խաչատրյանը ընդհատեց. «մեղադրանքներ պետք չեն, վերլուծել է պետք»։ Պատասխանատվության մասին Գալուստ Սահակյանը «շատ դրական իմաստով» էր ասում։ Իսկ այսօրվա Հայաստանի համար պատասխանատուները դարձյալ ու կրկին, ըստ Գալուստ Սահակյանի. «Էն մարդիկ են, ովքեր սկզբից են սկսել, եւ հիմա էլ գործողության մեջ են։ Այս մարդկանց սկսել ենք օտարել մեզնից։ Չտեսնե՞մ էդ վտանգները, չասե՞մ, թե ով ասաց, որ 15 տարի հետո Հայաստանը անկախ չի լինելու, այլ միայն տարածք է լինելու, որ ունենալու է կառավարիչ։ Ես ոչ թե մեղադրում եմ ընդդիմությանը կամ իշխանությանը, այլ՝ իրականությունը սա է։ Ընդամենը ասեմ՝ էդ ուղղությամբ մտածեք»։ Ըստ Գալուստ Սահակյանի, այսօր երկրում չկա մի հիմնախնդիր, որի մասին բոլոր կուսակցությունները համակարծիք չլինեն. «Նույնիսկ Ղարաբաղի հարցում ես հավատացած չեմ, որ կուսակցությունները միակարծիք են։ Կարծում եմ կան կուսակցություններ, որոնց այդ հարցը ընդհանրապես չի մտահոգում։ Առավել եւս ամբողջ միտինգների շրջանում Ղարաբաղի մասին խոսեցին առանձին քաղաքական գործիչներ, որոնք այդ հարցը կրում են իրենց վրա։ Միտինգի գաղափարախոսություն չդարձավ ամենակարեւոր հարցերից մեկը»։ Այնուամենայնիվ, Գալուստ Սահակյանի խոսքի որոշ հատվածներ լիուլի ընդդիմադիր էին։ Մասնավորապես կրկնեց այն միտքը, որը շարունակ հանրահավաքներում եւ հարցազրույցներում հայտարարում են ընդդիմության առաջնորդները. «Ընտրական օրենսգրքի» վրա ինչքան ուզում ես աշխատես, մինչեւ քաղաքական կամքի դրսեւորում չլինի, միեւնույն է՝ ընտրություններում խախտումներ լինելու են»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ