Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԴՈՎ ԽՈՍԵԼԸ՝ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՌԻԹ

Հունիս 24,2004 00:00

Կամ՝ ինչ եղավ հետո, երբ ծառայողական հեռախոսն օգտագործվեց անձնականի պես

Միգրացիայի եւ փախստականների վարչության աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Սարգիս Զորանյանին իր պաշտոնից ստիպել են ազատվել մեկ ամիս առաջ։ Աշխատակազմի ղեկավարի տեղը նա ստացել է մեկ տարի առաջ՝ քաղծառայողի մրցույթում հաղթելուց հետո։ Սակայն, Զորանյանի ասելով, աշխատանքային փոխըմբռնումը «շեֆի»՝ վարչության պետ Գագիկ Եգանյանի հետ, այնքան էլ չի ստացվել։ Արդյունքում վերջինս ստիպել է նրան՝ թողնել աշխատատեղը, պատճառաբանելով, որ Ս. Զորանյանը վարչության ֆինանսական միջոցները վատնել է անձնական նպատակներով։ Այն է՝ կոդով խոսել է 200 հազար դրամի չափով։ Պաշտոնաթող քաղաքացին մեզ ասաց, որ ինքը հետո հատուցել է վնասը, բայց դա էլ իրեն չի փրկել պետի զայրույթից։ Ս. Զորանյանն իր շահերը պաշտպանելու ակնկալիքով դիմել է Քաղծառայության խորհրդի նախագահ Մ. Բադալյանին, հետո՝ նաեւ նախագահի վերահսկողության ծառայություն։ Որեւէ գործնական միջամտություն հարցին չի եղել, պատասխանները եղել են մշուշոտ ու «ցրողական»։ Թեպետ լրագրողների հետ տարբեր հանդիպումների ժամանակ նման միջադեպերին վերաբերող հարցերին խորհրդի նախագահը միշտ վստահեցրել է, որ քաղծառայողի մրցույթով հաղթած-նշանակված պաշտոնյաները պաշտպանված են «շեֆերի» քմահաճույքներից ու նրանց ոտնձգություններից։ Այժմ նախկին քաղծառայողը դիմել է դատարանի օգնությանը՝ իր աշխատատեղում վերականգնվելու համար։ Ս. Զորանյանի ասելով, իր աշխատած մեկուկես տարվա ընթացքում նա արձանագրել է մի շարք խախտումներ, տեղեկացրել այդ մասին Քաղծառայության խորհրդին, սակայն դրանք մնացել են անարձագանք։ Ի դեպ, խախտումներից մեկը նա ներկայացրել էր «Առավոտի» խմբագրություն. «Միգրացիայի եւ փախստականների վարչության պետը, խախտելով «ՀՀ կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրերը, ըստ որի, կառավարության անդամներին եւ նրանց տեղակալներին խրախուսում եւ տույժի է ենթարկում միայն վարչապետը, 2000-04թթ. մի շարք հրամաններով ինքն իրեն պարգեւատրել է 1386600, իսկ իր տեղակալներին՝ 2143000 դրամով։ Պարգեւատրումները կատարվել են ի հաշիվ վարչության ֆինանսական միջոցների (նաեւ միտումնավոր) տնտեսման հաշվին»։ Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ նախ Քաղծառայության խորհրդից՝ չստացվեց։ Իսկ Միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գ. Եգանյանի հետ կապը հաջողվեց։ Ինքնապարգեւատրման մեղադրանքը համարելով Ս. Զորանյանի՝ աշխատանքից հեռանալու համար վրեժխնդրության փորձ, նա ասաց. «Ազատվելն իր ցանկությամբ էր, բայց մինչ այդ մենք կառավարության միջոցով դիմել ենք քաղծառայության խորհրդի նախագահին՝ կարծիք ստանալու համար։ Մեզ պատասխանել են, որ Ս. Զորանյանի աշխատաձեւը քաղծառայողի օրենքի պայմանները չի բավարարում, իսկ սեփական ցանկությամբ ազատվելու դեպքում էլ իրենց համաձայնությունը պետք չէ։ Ինչ վերաբերում է պարգեւատրումներին, ապա գործող օրենսդրությունը թույլ է տալիս կազմակերպության տնտեսած միջոցներից խրախուսել կոլեկտիվի բոլոր անդամներին, նաեւ՝ ղեկավար, եւ դրա համար վարչապետի հրաման պետք չէ։ Այդ մեղադրանքը խոսում է նրա՝ օրենքներից անիրազեկության մասին»։ Ս. Զորանյանի հետ աշխատանքային անհամաձայնության պատճառների մասին Գ. Եգանյանն ասաց. «Դա երկար պատմություն է, չարժե դրան անդրադառնալ»։

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել