Լրահոս
Օրվա լրահոսը

«ՃԱՐՏԱՍԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Հունիս 24,2004 00:00

Ռոբերտ
Քոչարյանը երեկ ԵԽԽՎ նստաշրջանի կիսադատարկ դահլիճի առջեւ ելույթ ունեցավ
ռուսերեն՝ ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահների, որոնք ԵԽԽՎ-ում
ելույթ էին ունեցել անգլերեն:
Ելույթը

Ռոբերտ Քոչարյանի ելույթի զգալի մասը նվիրված էր Հայաստանում ժողովրդավարության վիճակին եւ ընդդիմությանը: Ըստ նրա՝ Հայաստանը չի հասել ժողովրդավարական ազատությունների ցանկալի մակարդակին. սակայն դրա պատճառը դիտեց ոչ թե իր գլխավորած իշխանության գործունեությունը, այլ՝ «Աղքատության բարձր ցուցանիշներ ունեցող ցանկացած երկրում ժողովրդավարությանը բարդ ճանապարհ է սպասվում»։

Դիմելով ԵԽԽՎ պատվիրակներին՝ պրն Քոչարյանն ասաց, թե համոզված է, որ նրանցից շատերը հարց են տալիս՝ ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում անցած գարնանը եւ տվեց իր հայտնի պատասխանը, թե ընդդիմությունը ոգեշնչվել էր Վրաստանի «վարդերի հեղափոխությամբ»: Ու նշեց, թե ընդդիմությունը հաշվի չէր առել մասնավորապես այն փաստը, որ Հայաստանի ոստիկանությունն «ի վիճակի է պահպանել հասարակական կարգը», նաեւ շեշտեց՝ «Պատմությունը սովորեցնում է, որ օտար հեղափոխություններով ոգեշնչվելը ոչ մի լավ բանի չի հանգեցրել»:

Ռոբերտ Քոչարյանը ելույթում անդրադարձավ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ծավալված իրադարձություններին. «Շրջափակվել էր Երեւանի ամենածանրաբեռնված պողոտան։ Դա խանգարում էր ոչ միայն տրանսպորտի, այլեւ ԱԺ-ի, նախագահի աշխատակազմի, Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությանը: (Փաստորեն՝ ԵԽ պատվիրակներն էլ հնարավորություն ունեցան բացահայտել, որ մեր պետական մարմինները գործում են նաեւ գիշերը.- Ա. Ի.): Ի դեպ, այդտեղ են տեղակայված նաեւ չորս դեսպանություն եւ քաղաքի խոշոր դպրոցներից մեկը։ Գործողության կազմակերպիչները ցուցադրաբար քաղաքացիներին անհնազանդության կոչ էին անում։ Ոստիկանությանն այլընտրանք չէր մնում. կարգուկանոնը վերականգնվեց արագ, առանց գործողության մասնակիցների առողջությանը լուրջ վնաս պատճառելու (իսկ որ կատարվածից հետո տասնյակ մարդիկ հայտնվեցին հիվանդանոցում՝ նա բնականաբար շրջանցեց.- Ա. Ի.): Ոստիկանական նմանատիպ գործողությունների անհրաժեշտությունը միշտ էլ ցավ է առաջացնում։ Բայց իշխանությունը պետք է հասարակությանը պաշտպանի քաղաքական ծայրահեղականությունից։ Առավել եւս երիտասարդ ժողովրդավարությամբ երկրներում, որոնք քաղաքական եւ իրավական կուլտուրայի կայացած ավանդույթներ չունեն։ Հատկապես, երբ բնակչության մի մասը դեռեւս ապրում է աղքատության շեմին, եւ կարող է ենթարկվել ամբոխահաճ ճարտասանության ձեռնածություններին»։

Ռոբերտ Քոչարյանը նշեց, թե այս ամենի մասին չէր խոսի, եթե չլիներ ԵԽԽՎ վերջին բանաձեւը Հայաստանի վերաբերյալ. «Ես ցավում եմ, որ մեր որոշ պատգամավորներ ԵԽԽՎ-ին ներքաշել են այդ բանավեճի մեջ։ Համոզված եմ, որ Եվրոպայի Խորհրդի ամբիոնն ամենահարմար տեղը չէ իշխանությունների եւ ընդդիմության հարաբերությունները պարզելու համար։ Այդ ամենը պետք է արվի սեփական խորհրդարանի ամբիոնից»։

Ի դեպ, նրա ակնարկած պատգամավորները՝ Շավարշ Քոչարյանը եւ Գեղամյանը, ներկա չէին Քոչարյանի ելույթին: Այն լսելուց հետո դահլիճից դուրս են եկել նաեւ Վալտեր Շվիմերը եւ Թերի Դեւիսը:

Հարցուպատասխանը

Ելույթին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ հատկապես ակտիվ էին Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայացուցիչները: Ադրբեջանցիներից մեկը հետաքրքրվեց, թե ճի՞շտ է, որ Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ-ում մասնակցել է ռազմական գործողությունների՝ ուղղված Ադրբեջանի դեմ: Քոչարյանը պատասխանեց. «Իմ զավակները 3 տարի չեն ունեցել մանկություն, ապրել ենք նկուղներում: Եվ ես հպարտ եմ, որ մասնակցել եմ պատերազմական գործողություններին ու նաեւ այն արդյունքով, որ ունեցել ենք դրանց շնորհիվ»: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սեիդովը հարց ուղղեց, թե արդյոք ճի՞շտ չէ, որ վերադարձվեն 7 շրջանները: Ի պատասխան պրն Քոչարյանն, ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ ասաց. «Եթե Ադրբեջանը ժամանակին հարգեր Քի-Ուեսթյան պայմանավորվածությունները՝ այդ տարածքներից որոշ մասի խնդիրը վաղո՜ւց լուծված կլիներ»: Ի դեպ, նա նաեւ պատասխան հարց ուղղեց թուրք պատգամավորներին. «Չենք հասկանում՝ ինչո՞ւ եք շրջափակում Հայաստանը, միջազգային տարբեր կազմակերպություններում գործողություններ իրականացնում Հայաստանի նկատմամբ: Եթե ձեզ թվում է՝ մենք առանց ձեզ չենք կարող ապրել, ապա սխալվո՛ւմ եք»:

Ասուլիսը

Ռոբերտ Քոչարյանը երեկ նաեւ ասուլիս տվեց Ստրասբուրգում, որի ժամանակ նույնպես առավել ակտիվ էին ադրբեջանցի լրագրողները: Ըստ «Ա1+»-ի՝ ադրբեջանցիներից յուրաքանչյուրը նվազագույնը 3 հարց էր տալիս եւ միայն Ղարաբաղի մասին: Նրանցից մեկն անգամ հայտարարեց, թե ինչպե՞ս կարող է ժողովրդավարական երկրի նախագահը հպարտանալ, որ մասնակցել է Ղարաբաղյան կռվին եւ անջատողական գործողություններ իրականացրել հարեւան պետության դեմ: Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, թե կարող է թվարկել այնպիսի ժողովրդավարական երկրների անուններ, որոնց նախագահները մասնակցել են ռազմական գործողությունների, հպարտանում են դրանով եւ ժողովուրդը գնահատում է դա:

Ադրբեջանցի լրագրողներից մեկը նկատեց
, թե Լեռնային Ղարաբաղը չճանաչված հանրապետություն է: «Եթե այսօր ԼՂՀ-ն ճանաչված չէ՝ չի նշանակում, որ երբեւիցե չի ճանաչվելու»: «Ուրեմն դուք արհամարհո՞ւմ եք միջազգային հանրության կարծիքը»՝ իր հարցը լրացրեց ադրբեջանցի լրագրողուհին: «Չեմ պատասխանում ձեր հարցին, քանի որ այն կոռեկտ չէ: Եթե դուք տղա լինեիք, կասեի, բայց քանի որ աղջիկ եք՝ ինձ թույլ չեմ տալիս»,- պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, թե ԼՂ վերաբերյալ վերջին երկու առաջարկներին Հայաստանը պատասխանել է «այո», իսկ Ադրբեջանը` «ոչ», ուստի վերջինս է արհամարհում:

Ասուլիսի ընթացքում վերջին հարցը տալու հնարավորությունն ընձեռվեց «Այբ-ֆե»-ի թղթակից Կարինե Ասատրյանին: Նա հիշեցրեց, որ «Ա1+»-ի աշխատակիցները Հայաստանում զրկված են սեփական երկրի նախագահին հարցեր ուղղելու հնարավորությունից: Քոչարյանն ի պատասխան ասաց, որ եթե հնարավորություն չի եղել՝ կուղղեն եւ անդրադարձավ բուն հարցին. այն է՝ ինչո՞ւ հակառակ ԵԽԽՎ ապրիլյան բանաձեւի, «Ա1+»-ին չի տրվում եթերում լինելու հնարավորություն: Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե «Ա1+»-ի փոխարեն հիմա ուրիշ մասնավոր հեռուստաընկերություններ են, եւ նախորդ տարի իրականացված դիտարկումը ցույց է տվել, որ ընդդիմությունը հնարավորություն ունի օգտվել դրանց եթերից: Նաեւ պնդեց. «Մի հեռուստաընկերության եթերազրկումը խոսքի ազատության սահմանափակում չէ»: Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե «Ա1+»-ին հնարավորություն է տրվել լինել եթերում, բայց հեռուստաընկերությունը չի համաձայնել (խոսքը Հանրային հեռուստաընկերությամբ մեկ ամսվա ընթացքում օրական 15 րոպե եթերաժամանակի մասին է): «Ա1+»-ին պետք է ի՛ր եթերը»,- տեղից նկատեց «Այբ-ֆե»-ի թղթակիցը: «Սպասեք ուրեմն»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը եւ դուրս եկավ՝ ավարտված համարելով ասուլիսը:

Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել