Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑԸ՝ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ

Հունիս 23,2004 00:00

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑԸ՝ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ Կումայրի արգելոց-թանգարանը միակ ամբողջական պատմական քաղաք-կենտրոնն է ողջ Հայաստանում։ Դեռեւս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում բնակեցված այս վայրը գտնվում է 1000 հա հողատարածքի վրա, ունի 1600 շենք, պատմական նշանակության հուշարձաններ։ Գյումրի մեր այցելության ժամանակ կենտրոնի Աբովյան փողոցում, երկու հինավուրց շենքերի արանքում, որոնցից մեկը կիսաքանդ էր, նկատեցինք վեր խոյացող ապակեպատ, միանգամայն ժամանակակից մի շինություն, որը, ճիշտ է, շատ տարածք չէր զբաղեցնում, սակայն անմիջապես աչքի էր զարնում։ Այս երեւույթը խնդրեցինք պարզաբանել Կումայրի արգելոց-թանգարանի տնօրեն Պարույր Զաքարյանին։ «Այն, ինչ այսօր նոր է, մի 30-40 տարի հետո կհնանա,- պարզաբանեց նա,- Գյումրիի Աբովյան փողոցում տարբեր ճարտարապետական ոճերի շինություններ կան։ Ձեր տեսածը 21-րդ դարի կառույց է։ Չենք ուզում պատմական կենտրոնը տեսնել որպես դատարկ, միայն այցելությունների նպատակով պահպանվող տարածք։ Այստեղ մարդիկ են ապրում եւ նրանց կենցաղային պահանջները կարող են թելադրել շրջապատը։ Մեր քաղաքը շատ ծանր տնտեսական վիճակում է եւ նույնիսկ մեկ-երկու աշխատատեղը մեզ համար կարեւոր է։ Եվ, ի վերջո, սա վանքային համալիր չէ, որ արդեն 700 տարի գոյություն ունի եւ ավելին չպետք է արվի։ Իհարկե, անճաշակ, արտառոց, խաթարող բաներ թույլ չենք տա, բայց կենդանի, շնչող քաղաքում նման մոտեցումը ճիշտ չէ»։ Պրն Զաքարյանը համաձայնեց մեր այն դիտարկմանը, թե՝ այո, եթե անհրաժեշտ է, հարկ է նաեւ մասնավորեցնել պահպանվող պատմական արժեք ներկայացնող շենքերը, քանի որ դրանք արդեն փլուզման եզրին են եւ պետական մնալով, ի վերջո կփոշիանան։ «Պետության ձեռքը չի հասնում եւ եթե նույնիսկ հուշարձանը ամրացվում է՝ ինչ-ինչ վերականգնման տարրեր չպահպանելով, դա ես եմ ասում՝ դարձյալ ողջունելի է, այդ չարիքի փոքրագույնն է»,- նկատեց արգելոցի տնօրենը։ Այս դեպքում կարելի էր պատմական կենտրոնը հանձնել տնօրինության ինչ-որ անհատի կամ կազմակերպության, ամրացնել, եւ մարդկանց կարիքների համար օգտագործել այն բազմաթիվ կիսաքանդ շենքերը, որ գտնվում են արգելոցի տարածքում։ Մի՞թե կարիք կար այդքան անհարիր նորը հիմնելու, թե՞ ուղղակի այդ նորը, անկախ ամեն ինչից, պիտի կառուցվեր։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել