ՉԱՐՉՐԿՎԱԾ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ Այսօր ժամը 16-ին քաղաքապետարանի դահլիճում իր անդրանիկ նիստը կգումարի Երեւանի անվանակոչության նորընտիր հանձնաժողովը։ Հանձնաժողովի նիստում քննարկվելու է նաեւ Շահվերդյան փողոցի արդեն յոթ տարի չարչրկվող հարցը։ «Դանուշ Շահվերդյան-120» գիտաժողովի կազմակերպիչների ու մասնակիցների առաջարկները պաշտպանել են ՀՀ ԳԱԱ պատմության եւ արեւելագիտության ինստիտուտները, Հայ կոմկուսը, «Ինֆորմացիայի ազատություն» կենտրոնը, «Թումանյան հայրենակցական միությունը», «Հայ մտավորականների եւ մշակույթի գործիչների հանրապետական խորհուրդը»։ Կյանքի փառավոր ուղի անցած իրավաբան-դիվանագետ Դանուշ Շահվերդյանը բանտում ասել էր. «Ես իմ պարտքը կատարեցի ուժերիս ներածի չափով։ Մեր գործը շարունակողները մեզ կհասկանան եւ կլրացնեն մեր թերին»։ Հուսով ենք, որ անվանակոչության հանձնաժողովի ողջախոհ եւ արդար որոշումը եւս կնպաստի Եվրամիության հարեւան մեր պետությանը խարանված, մեր դարին ու մեր ազգին անհարիր «ավտորիտար» արտահայտության վերացմանը։ «Ազգի համար ճակատագրական պահերին այդ անձնվեր հայրենասերը համագործակցել է մեծերի, հատկապես ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի հետ, մեծ աշխատանք կատարել ձերբակալված եւ Հյուսիսային Կովկաս արտաքսված հայ սպաներին վերադարձնելու, ցեղասպանության զոհերի ժառանգների, գաղթականների իրավունքների պաշտպանության գործում»,- քաղաքապետին ուղղված նամակում գրել էին «Թումանյան հայրենակցական միության» անդամները։ 1962-ին Չարբախ թաղամասի փողոցներից մեկը Շահվերդյանի ծննդյան 80-ամյակի առիթով անվանվեց նրա անունով, սակայն 1997-ին փոխվեց։ Անվանակոչության երկրորդ փորձը տեսնենք ինչպես կավարտվի։