Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցը չբարեփոխվեց

Հունիս 23,2004 00:00

Դպրոցը չբարեփոխվեց Բայց անցավ վճարովի ուսուցման Մեր կյանքի տարբեր ոլորտներում առաջացող սուր հակասությունները սովորաբար խիստ արդիական են դառնում զուտ սուբյեկտիվ, անձնական պատճառներով։ Բանավեճի սրությունն ուղիղ համեմատական է տվյալ ոլորտի ղեկավարի՝ անձի յուրահատկությանը։ Օրինակ, հենց որ Աշոտ Բլեյանը զիջեց նախարարական աթոռը, կրթության համակարգի շուրջ ալեկոծվող բուռն կրքերը միանգամից հանդարտվեցին։ Մարդ ուղղակի զմայլվում է, թե ինչպիսի անդորր տիրեց կրթության բնագավառում՝ ո՛չ ուսուցիչների գործադուլներ, ո՛չ ծնողների զայրացած նամակներ, ո՛չ էլ մամուլի ջախջախիչ քննադատություն։ Առանց Բլեյանի կրթական համակարգը քննադատելը մի տեսակ հետաքրքիր չէ։ Ստացվում է, որ մեր դպրոցի բոլոր ցավերը կենտրոնացված էին մեկ անձնավորության մեջ։ Այնինչ այսօր դպրոցում տեղի է ունենում հենց այն, ինչի համար կատաղի հարձակումների էր ենթարկվում նախկին նախարարը, եւ ինչի համար նա, հավանաբար, չստացավ նախարարի պաշտոնը։ Եթե ինչ-որ մեկը մոռացել է, ապա հիշեցնեմ. Բլեյանի հասցեին գլխավոր մեղադրանքն այն էր, որ նա ուզում է դպրոցը դարձնել վճարովի։ Բնականաբար, այդ գաղափարը այնքան էլ միանշանակ չէր՝ վճարովի ուսուցում ենթադրվում էր մտցնել աստիճանաբար եւ միայն բարձր դասարաններում. ընդ որում նախատեսվում էր ծնողների հետ ակտիվ համագործակցություն, որտեղ ունեւորները պետք է օգնեին լուծելու դպրոցների ֆինանսական հարցերը։ Այսպես թե այնպես, այդ նորարարությունը չընդունած հասարակության ճնշման տակ պրն Բլեյանը տեղափոխվեց ավելի համեստ բազկաթոռին, իսկ դպրոցական ուսուցման համակարգը մնաց նույնը՝ ողորմելի եւ անարդյունավետ։ Ճիշտ է, որոշ փոփոխություններ, այնուամենայնիվ, տեղի ունեցան։ Հավանաբար, կամ կյանքը ստիպեց, կամ էլ վճարովի դպրոցի մասին հեղափոխական գաղափարները ուսուցիչների համար գրավիչ դարձան, բայց փաստը մնում է փաստ՝ դպրոցում կամաց-կամաց սկսեցին կիրառվել վճարովի սկզբունքները։ Ընդ որում, մեխանիզմը չափազանց հստակ է. դպրոցական ուսուցիչները լայնորեն կիրառում են, այսպես կոչված, անհատական պարապմունքներ իրենց իսկ աշակերտների հետ։ Բնականաբար, ոչ անվճար՝ գինը տատանվում է ամսական 10-20 դոլարի սահմաններում։ Նրանք, ովքեր ի վիճակի չեն վճարել նման պարապմունքների համար, ստիպված են բավարարվել իրենց երեխաների այն գիտելիքներով, որոնք չափավորված են ուսուցիչների այսօրվա աշխատավարձով։ Մանկավարժական էթիկայի եւ մասնագիտական հպարտության մասին քարոզներն անիմաստ են. տվյալ երեւույթն այնքան է տարածվել, որ ավելի բանական կլիներ դրանից հետեւություններ անել։ Եթե Բլեյանին թույլ տրվեր իրականացնել իր ծրագիրը, ապա հնարավոր է դպրոցական «ուսուցման» գործընթացը գուցեեւ չընդուներ նման տգեղ ձեւեր։ Եվ բացառված չէ, որ «անհատական պարապմունքների» համար չվճարող ծնողները ստիպված չէին լինի բավարարվել իրենց զավակների «բյուջետային» տգիտությամբ։ Իսկ ուսուցիչները չէին փորձի խորամանկաբար վատ դասավանդել, որպեսզի նրանք, ովքեր ցանկանում են ավելին իմանալ, ստիպված լինեին, փաստորեն, կաշառք տալ։ Իսկ ընդհանրապես՝ ամեն ինչ լավ է։ Ամեն ինչ համապատասխանում է մեզանում անցկացվող ներքին քաղաքականությանը, ավելի ճիշտ՝ նրա իսպառ բացակայությանը։ Իսկապես, անձնական նախաձեռնությունը այսօրվա կարգախոսն է։ ԳԵՆՈՖԻԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ «Առավոտ», 5 մարտ, 1996 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել