Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաների համար փող չկա»

Հունիս 23,2004 00:00

«Երեխաների համար փող չկա» «ՀՀ-ում ներկայումս գոյություն չունի մի կառույց, որը կօժանդակի երեխաներին նորմալ ապրել իրենց ընտանիքում»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց «Բժիշկներ առանց սահմանների» (ԲԱՍ) ֆրանսիական կազմակերպության ծրագրերի գլխավոր տնօրեն Քրիստոֆեր Բրաշերը: Չկարողանալով համագործակցել կառավարության հետ՝ կազմակերպությունը ավարտում է «դժվար իրավիճակում գտնվող» երեխաներին հասցեագրված ծրագիրը, որն իրականացրել է Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում: Այսուհետեւ դրանով զբաղվելու է «World Vision»-ը: Կազմակերպության հայաստանյան առաքելության ղեկավար Քրիստիան Ֆերիեն նշեց. «Այս յոթ տարիների ընթացքում մենք անընդհատ փորձել ենք ԿԳ նախարարությանը տեղյակ պահել առկա խնդիրների մասին: 2003-ին իրականացրել ենք երեխաների պաշտպանությանը նվիրված հաղորդակցման շաբաթ, որի նպատակն էր նաեւ կառավարության ու հասարակության ուշադրությունը կենտրոնացնել հատուկ հաստատություններում գտնվող երեխաների հիմնախնդիրների վրա, բայց տեսնում ենք, որ այստեղ խոսքերը գործ չեն դառնում»: ԿԳ նախարարության ներկայացուցիչները կազմակերպության հրավիրած գիտաժողովում «խորին ցավ» են ապրել՝ ուրիշներից իմանալով իրենց երեխաների խնդիրների, հատուկ հաստատություններում կիրառվող բռնությունների մասին, խոստացել են աջակցել, բայց քանի որ «ներդրումների համար միջոցներ չունեն», ոչինչ չեն արել: Նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը հավաստիացնում է, որ իրենք ոչ միայն սերտ համագործակցություն, այլեւ ակտիվ դիրքորոշում են ունեցել այս հարցում, որի արդյունքում նախարարությունը 2002-ին որոշում է ընդունել նախկին գիշերօթիկները վերանվանել հատուկ դպրոցներ: «Ո՞վ ասաց՝ մենք գործ չենք արել: Մեր խնդրանքով «ՅՈՒՆԻՍԵՖ»172ը արդեն հանրապետության 4 հատուկ դպրոցներում կատարում է ուսումնասիրություններ, դա գործ չէ՞»,- «հպարտացավ» Ա. Մուրադյանը: Մինչ ծրագրի ղեկավար Ֆրանսուա Կոմպանը մտահոգված էր, որ երեխաները այսօր էլ դառնում են չարաշահումների ու բռնության զոհ, Ա. Մուրադյանը լրագրողներին բացատրում էր, որ «խոսքը հասարակ ապտակի մասին է»: «ԲԱՍ»172ի ներկայացուցիչները եկել են այն եզրակացության, որ «ՀՀ կառավարության համար առավել կարեւոր է պահպանել հատուկ հաստատությունների աշխատատեղերը, հաստիքները, գույքը, ոչ թե պաշտպանել երեխաների շահերը: Այլապես ի՞նչն է պատճառը, որ Նուբարաշենի դպրոցը չփակվեց, ոչ ոք չպատժվեց, չենթարկվեց քրեական պատասխանատվության: Այդ դպրոցի տնօրենը այժմ էլ աշխատում է: Մենք կասկածում ենք, որ պետությունն իսկապես ուզում է բարեփոխումներ կատարել նմանատիպ հատուկ հաստատություններում»: Ի դեպ, գիտաժողովի ժամանակ ԿԳ նախարարության ներկայացուցիչներն ասել են՝ «Այդ դպրոցի կարգավիճակը փոխվել է: Այժմ այն զինվորական եւ սպորտային պատրաստության դասեր է տալիս երեխաներին»: Բայց Նուբարաշենի հատուկ դպրոցը նախատեսված է 8-10 տարեկան երեխաների համար: Իսկ երեխաների իրավունքների միջազգային կոնվենցիայի 38-րդ հոդվածը սահմանում է. «Մինչեւ 15 տարեկան երեխաներին չի կարելի զինպատրաստվածություն ուսուցանել»: ԿԳ նախարարության կատարած «լավագույն» աշխատանքներից է նաեւ Հայաստանում գործող «Անչափահասների հանձնաժողովը», որը որոշում է ընդունում երեխաներին ընտանիքից հեռացնելու, հաստատություններում տեղավորելու մասին, բայց հաշվի չի առնում ոչ երեխայի, ոչ էլ նրա ծնողի կարծիքը: Հաստատությունում տեղավորելու միակ պատճառը, որ նշվում է անհատական փաստաթղթերում՝ հետեւյալն է. «Թափառաշրջիկ, մուրացիկ կամ դպրոց չհաճախող երեխաներ»: «Այս յոթ տարիների ընթացքում մենք բավականին համբերատար ենք եղել, հիմա կարծում ենք, որ երեխաների պաշտպանությամբ վերջապես պետք է զբաղվեն իշխանությունները, չէ՞ որ դրա համար նրանց 250 հազար դոլար են տրամադրել»,- ասաց Ք. Բրաշերը: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել