Սպանդ՝ Նազրանում Երեկ վաղ առավոտյան ավելի քան 200 գրոհայիններ աննախադեպ հարձակում են գործել ՌԴ Ինգուշեթիայի ինքնավար հանրապետության միաժամանակ 20 թիրախների վրա: Չճշտված տվյալներով զոհվել է առնվազն 80 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ: Բազմաթիվ աղբյուրներից ստացվող տեղեկատվության համադրումն, այնուամենայնիվ, ենթադրել է տալիս, որ զոհերի թիվն իրականում շատ ավելի է, քան ներկայացնում են ռուսական լրատվամիջոցները: Ի դեպ, հարկ է նկատել, որ այս անհամապատասխանությունն իրադարձությունների «ռուսական մատուցման» միակ բնութագրիչը չէ: Գրոհայինների գործողություններն ավելի շուտ վրիժառության, քան ահաբեկչության ակտեր են հիշեցնում, եւ հակառակ ռուսական աղբյուրների պնդումների, իրականացվել են ոչ թե չեչենների, այլ առավելապես հենց ինգուշների կողմից: Ուշագրավ հակասություն. ռուսները պաշտոնապես նշում են, թե գրոհայինները Նազրան են թափանցել Հյուսիսային Օսիայի եւ Չեչնիայի տարածքներիից, մինչդեռ «ֆեդերալներ»-ի (ռուսական զինուժի) որոշ շրջանակներ իրավացիորեն հակադարձում են, որ գրոհայինների այդչափ մեծ զանգվածի տեղաշարժը չէր կարող վրիպել հետախուզության տեսադաշտից: Բրիտանական «գարդիան»-ը, հղում կատարելով հավաստի աղբյուրներին, հաղորդում է, թե վերջին ամիսներին մարդկանց առեւանգումներն ու սպանություններն Ինգուշեթիայում սովորական երեւույթ են դարձել, իսկ այդ հանցագործությունների հեղինակները ոչ այլ ոք են, քան ՌԴ դաշնային զինուժի ներկայացուցիչներն ու վերջիններիս հովանավորությունը վայելող տեղական կոռումպացված չինովնիկները: Ականատեսներից մեկի վկայությամբ, ով հիշյալ գործողությունների մասին տվյալներ է հաղորդել արեւմտյան լրատվամիջոցներին, ինգուշ գրոհայիններից շատերը չէին էլ թաքցնում, որ վրեժ են լուծում «գիշերով սեփական տներից առեւանգված» իրենց բազմաթիվ հարազատների համար: Այս ամենով հանդերձ, երեկվա իրադարձություններն իրենց ծավալով եւ գործողությունների ընդգծված դաժանությամբ ուղղակի սարսափ են ներշնչում: Սպանվածների թվում են ինքնավարության ներքին գործերի նախարարը, Նազրանի գլխավոր դատախազը, ընդհանուր առմամբ ուժային կառույցների մի քանի տասնյակ պատասխանատու պաշտոնյաներ եւ աշխատակիցներ: Նրանցից շատերի գլխին հսկիչ կրակոցներ են արձակված: Ըստ ինգուշական աղբյուրների, բռնկված տարերային մարտերի ընթացքում զոհվել է շուրջ 50 ռուս զինծառայող, մոտ 150-ը վիրավորվել է: Իրենց հերթին, ռուս պաշտոնատարները հայտարարել են, թե Ինգուշեթիա ներխուժած գրոհայինները երեկվա ընթացքում հիմնականում ոչնչացվել կամ ետ են շպրտվել: Ավելի ուշ, սակայն, այս տեղեկատվությունը չի հաստատվել: Եվ առհասարակ, Ինգուշեթիայում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան խորն են հյուսիսկովկասյան հիմնախնդիրները եւ որքան աղավաղված են ներկայացնում այս տարածաշրջանում ձեւավորված պատկերը ռուսական լրատվամիջոցները: Ի դեպ, հիշյալ դեպքերի կապակցությամբ ՌԴ ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիեւը հետաձգել է իր այցը Երեւան: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ