Լրահոս
Օրվա լրահոսը

Զեկույցը մնաց իրոք թերի

Հունիս 23,2004 00:00

Զեկույցը մնաց իրոք թերի Թերի Դեւիսի ընտրությունը ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում յուրօրինակ ձեւով է գնահատել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը, որն «Ա1+»-ին ասել է. «Այն ճանապարհը, որ անցել ենք, ստիպված կլինենք ինչ-որ չափով նորից անցնել»: Խոսքը, բնականաբար, այն համատեքստում է, որ Թերի Դեւիսը Ղարաբաղի հարցով զեկուցողն էր: «Հունիսի 24-ին քաղաքական հարցերով հանձնաժողովում պարոն Դեւիսը ներկայացնելու է իր զեկույցը: Կարծում եմ, եթե ոչ այդ նիստում, ապա հաջորդ նիստում քաղաքական հարցերով հանձնաժողովը պետք է որոշի. թե ով է շարունակելու լինել ԼՂ հարցով զեկուցող,- ասել է պրն Թորոսյանը:- Նոր զեկուցողը ցանկություն կունենա այցելել տարածաշրջան՝ լինել թե՛ Երեւանում, թե՛ Ստեփանակերտում, թե՛ Բաքվում»: Եվ ամեն ինչ կսկսվի նորից: Երեկ Թերի Դեւիսն էլ անդրադարձավ իր զեկույցի ճակատագրին: Բայց մինչ նրա դիտարկումները ներկայացնելը՝ մեջբերենք Եվրախորհրդի մինչեւ սեպտեմբերի 1-ը գործող գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերին, որ երեկ առավոտյան Ստրասբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Կարծում եմ, հայ-ադրբեջանական հաշտեցման լավագույն դրսեւորումն այն կլիներ, որ Շուշի քաղաքը հռչակվեր ու իրականում դառնար Հարավային Կովկասի տարածաշրջանի հաշտության ու խաղաղության խորհրդանիշը»: Շվիմերը քաղաքն անվանել է ադրբեջանական ձեւով՝ Շուշա: Նա հայտնել է, թե նախորդ օրը հիշյալ հարցը քննարկել է նաեւ ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակության հետ: Վալտեր Շվիմերը գոհունակությամբ է արձանագրել, որ հենց իր պաշտոնավարման օրոք Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ ընդունվեցին Եվրախորհուրդ. «Թեպետ այդ երկրներն, ըստ էության, հակամարտում էին, սակայն ընդունվեց այդպիսի որոշում: Նպատակը հետեւյալն էր՝ ոչ թե պատժել այդ երկրներին, այլ աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որպեսզի նպաստեինք հարյուր հազարավոր եւ նույնիսկ միլիոնի հասնող փախստականների խնդիրների լուծմանը, որպեսզի նրանք վերադառնային իրենց տները: Հայաստանին ու Ադրբեջանին մենք ընդունեցինք Եվրոպայի խորհուրդ այն հստակ նպատակադրմամբ, որ վերջ դնենք իրավիճակին, երբ անդամ երկու երկրները դեռեւս շարունակում են մնալ պատերազմական իրավիճակում: Սա մի իրավիճակ է, որը չի կարելի հանդուրժել այլեւս»: Փախստականների խնդրին Շվիմերը եւ Դեւիսն անդրադարձել էին նաեւ ԵԽԽՎ տարբեր խմբերի ու խմբակցությունների հետ հանդիպումների ընթացքում: Դրանցից մեկի ժամանակ Ադրբեջանի պատվիրակության անդամ Այդին Միրզազադեն նրանց հարցրել էր, թե ընտրվելու դեպքում ի՞նչ են մտադիր անել 1 միլիոն ադրբեջանցի գաղթականների վիճակը բարելավելու համար: Եվ Թերի Դեւիսը պատմել էր Երեւանի արվարձաններում տեղավորված գաղթականների ծանր դրության մասին, իսկ հետո նշել, որ ադրբեջանցի գաղթականները եւս ապրում են նման պայմաններում ու ինքը մտադիր է լրջորեն զբաղվել այդ խնդրով: Իսկ արդեն ընտրության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո պրն Դեւիսն ասաց «Ազատություն» ռ/կ-ին, թե մտադիր է ամբողջական տեսքի բերել Ղարաբաղի մասին իր զեկույցը. «Լինելով ԵԽ գլխավոր քարտուղար՝ ես իրավունք ունեմ մասնակցել քաղաքական հարցերով հանձնաժողովի նիստերին, ուստի այս հարցում որեւէ խնդիր՝ նույնիսկ տեխնիկական բնույթի, չի կարող առաջանալ: Մտադրությունս այն է, որ հանձնաժողովը հնարավորինս շուտ քննարկի այն եւ ուղարկի ԵԽԽՎ քննարկմանը: Զեկույցն, իմ խնդրանքով, կներկայացնի հանձնաժողովի նախագահը կամ որեւէ մեկը՝ հանձնաժողովի անունից»: Թղթակցի հարցին՝ ե՞րբ կարող են սպասել իր այցին Հարավային Կովկասի երկրներ, ԵԽ նորընտիր քարտուղարը պատասխանել է. «Շուտով: Համենայնդեպս՝ երեւի մինչեւ նոր տարի»: Նշենք, որ «Ա1+»-ի թղթակիցը Ստրասբուրգից երեկ հաղորդեց, թե ԵԽԽՎ ամառային նստաշրջանն անցնում է գրեթե դատարկ դահլիճում՝ ԵԽ գլխավոր քարտուղարի ընտրությունից հետո: Հայկական պատվիրակության անդամներից եւ ոչ մեկը ներկա չէ դահլիճում՝ նրանք կա՛մ ԵԽ չեն գալիս, կա՛մ մասնակցում են հանձնաժողովների նիստերի: Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել