«ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ԱՊԱՑՈՒՑԵԼ, ԹԵ ԻՆՁ ՉԵՆ ԾԵԾԵԼ» Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը լրագրողների նկատմամբ իրականացված բռնության գործը, որը քննվում է «Արդարություն» դաշինքի դեմ հարուցված գործի շրջանակներում՝ չի շարժվում մեռյալ կետից: Այս եզրակացությանը հանգեցինք՝ զրուցելով ծեծված լրագրողների հետ: Այդ գիշերվա իրադարձությունները լուսաբանել փորձած լրագրողների նկատմամբ իրականացված դաժան ծեծին հաջորդեցին տեղական ու միջազգային բազմաթիվ կազմակերպությունների հայտարարությունները, որոնց պահանջը միակն էր՝ հարձակումների առթիվ հետաքննություն անցկացնել եւ իրականացնել արդարադատություն: Նախաքննության համար անհրաժեշտ երկու ամիսը սպառվել է, եւ չի եղել հաղորդագրություն, թե այն երկարացվել է: Ի՞նչ է արվել անցած երկու ամսում: «Ինձ հարցաքննել են միայն մեկ անգամ՝ հենց ապրիլի 13-ի վաղ առավոտյան,- պատմեց ռետինե մահակներով ու քացիներով ծեծված «Հայկական ժամանակի» թղթակից Հայկ Գեւորգյանը, որի ձեռքից լուսանկարչական սարքը վերցրել ու մինչ օրս էլ չի վերադարձրել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Վարյանը:- Քննիչը եկել էր հիվանդանոց: Հետո ինձ այնտեղից տարան ոստիկանության բաժանմունք, ենթարկեցին դատաբժշկական փորձաքննության: Հետո մի անգամ էլ կանչեցին դատախազություն, բայց ասացին, թե քանի որ արդեն հարցաքննվել եմ՝ կվերցնեն այդ նյութերն ու կուսումնասիրեն: Վերջերս էլ կանչեցին ու հարցեր տվեցին միայն Հովհաննես Վարյանի առնչությամբ»: «ՀԺ»-ի մեկ այլ թղթակցի՝ Ավետիս Բաբաջանյանին, որին նույնպես ծեծել էին մահակներով ու ոտքերով՝ դատախազություն էին կանչել կատարվածից միայն մեկ ամիս անց. «Շատ կարճ հարցաքննություն էր: Հարցնում էին, թե ինչու չեմ գնացել դատաբժշկական փորձաքննության: Ես գրեցի, թե քանի որ չեմ վստահում դատաիրավական համակարգին՝ չեմ դիմել նաեւ փորձաքննության: Ինձ էլ փորձում էին համոզել, թե քանի որ փորձաքննության չեմ գնացել, ուրեմն ինձ նաեւ չեն ծեծել: Բայց ասացի, թե ինձ ծեծելուն ականատես են եղել շատ մարդիկ, այդ թվում նաեւ՝ ԱԺ պատգամավոր Ալեքսան Կարապետյանը»: Ավելի ակտիվ քննություն է ընթացել OPT հեռուստաընկերության օպերատոր Լեւոն Գրիգորյանի առնչությամբ: Հիշեցնենք, որ նախ քաղաքացիական հագուստով իրավապահները, հետո ոստիկանության հատուկ ջոկատի մարտիկները ջարդուխուրդ էին արել նրա տեսախցիկը, գետնին տապալելով՝ քացիներով ծեծել լրագրողին, կիրառել էլեկտրաշոկ, արցունքաբեր գազ ու մահակներ: Ընդ որում, Լեւոն Գրիգորյանը վկայել էր, թե հարձակվողները շատ լավ գիտեին, թե ով է ինքը, քանի որ ծեծն ուղեկցել էին բացականչություններով. «Ախ դու Մոսկվայի համար ես, հա՜, աշխատում: Դե հիմա տես, թե ոնց ռուսներին նյութ կտաս»: Այս ամենից բացի՝ նրան նաեւ թալանել էին, տարել հեռախոսը եւ այն ամենը, ինչ եղել էր օպերատորական բաճկոնում: Լեւոն Գրիգորյանը պատմեց, որ կատարվածից հետո նրան հարցաքննել են 6-7 անգամ. «Եվ ամեն անգամ դարձյալ մանրամասներ էին հարցնում կատարվածի վերաբերյալ»: Այնուամենայնիվ՝ բացահայտված չէ, թե ովքեր էին նրա վրա հարձակվողները. «Ես պաշտոնական հարցում եմ արել, թե ինչ վիճակում է քննությունը եւ ստացել պաշտոնական պատասխան, որ գործի քննությունը շարունակվում է»: Սակայն արդեն իսկ վերադարձրել են նրա բջջային հեռախոսը, ջարդված տեսախցիկը եւ մնացած բոլոր իրերը: «Չորրորդ իշխանության» թղթակից Մհեր Ղալեչյանը նույնպես թալանվել էր: Հիշեցնենք, որ նրան ծեծել էին արդեն Բաղրամյան պողոտայում կատարված դեպքերից հետո, երբ ահազանգ ստանալով, որ ձերբակալություններ են ընթանում «Հանրապետություն» կուսակցությունում, Մհեր Ղալեչյանը լուսանկարչական սարքով գնացել էր այնտեղ: Հատուկ ջոկատի չորս ներկայացուցիչներ նրան այստեղ մահակներով ծեծել էին, ապա տարել Էրեբունու ոստիկանություն: Լրագրողը ստիպված էր եղել հացադուլ հայտարարել ժամանակավոր պահման մեկուսարանում, որտեղ մնացել էր մեկ օր: «Կատարվածից 20-25 օր անց կանչեցին գլխավոր դատախազություն՝ հարցաքննության: Պատմեցի եղածը, գրեցի: Կարելի է ասել, որ դրանով էլ ավարտվեց՝ այլեւս որեւէ անգամ չկանչեցին»,- ասաց Մհեր Ղալեչյանը: Ի դեպ, նա նաեւ հետաքրքրվել է, թե ինչու է իրենց դեմ հարձակումների գործը կցվել «Արդարության» դեմ հարուցված գործին. «Պատասխանեցին՝ քանի որ դեպքերը տեղի են ունեցել այդ շրջանակներում, դեռ կպարզենք, եւ այլն»: Կարելի է ենթադրել՝ հենց «Արդարությունն» ու նրան «հարող անձինք» էլ՝ ծպտված ոստիկանների համազգեստով՝ ծեծե՞լ են լրագրողներին: Ի դեպ, Մհեր Ղալեչյանը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության, որով արձանագրվել են նրա ստացած վնասվածքները: Ըստ նրա վկայության՝ իր ձերբակալման ժամանակ «Կենտրոն» համայնքի ոստիկանության պետ Հովիկ Թամամյանի կարգադրությամբ, նրանից խլել էին դրամապանակը: Առգրավել էին նաեւ լուսանկարչական սարքը եւ «ՉԻ» հիմնադիր՝ «Օգոստոս» հրատարակչության կնիքը: «Ոչինչ չեն վերադարձրել,- այժմ հայտնեց լրագրողը:- Ավելին ասեմ: Դիմել էինք գլխավոր դատախազությանը, երբ խմբագրության շենքի մոտ հայտնվել էին կասկածելի մեքենաներ. այդ առիթով ինձ կանչել էին ու քննիչը հարցնում էր, թե դեռ չե՞ն վերադարձրել մեր իրերը: Վստահ եմ, որ ոստիկանությունը չի վերադարձնի դրանք, քանի որ դրանով ստիպված կլինեն ընդունել, թե կատարել են հանցագործություն: Իսկ իրավապահների նման խոստովանությունը մի քիչ դժվար է պատկերացնել այսօրվա իրականության մեջ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Լուսանկարներում՝ ե՛ւ Հայկ Գեւորգյանի մեջքը, ե՛ւ Լեւոն Գրիգորյանի բաճկոնը դաժան ծեծի վկայությունն են: