Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհակալական խոսք

Հունիս 23,2004 00:00

Երեւանի պետական համալսարանի շարքային աշխատակից սիրելի պարոն Հրանտ Ժամհարյան (եթե չեմ սխալվում՝ դուք հենց այդպես եք կոչվում):

Ցանկանում եմ ձեզ իմ անսահման շնորհակալությունը հայտնել. դուք ինձ համալսարանից դուրս չթողեցիք՝ ինչպես որ սպառնում էիք, չնայած՝ ձեր աշխատանքային ֆունկցիան է շրջանավարտներին դիպլոմ բաժանելը եւ ուսանող ընդունել-հեռացնելու հետ ընդհանրապես կապ չունեք: Ես եւ իմ մոտավորապես քառասուն համակուրսեցիները երկու տարի առաջ՝ բակալավրիատ ավարտելով, ընդամենը ցանկանում էինք դիպլոմ ստանալ: Եվ ձեր անփույթ աշխատանքի պատճառով ողջ ամառ համալսարանի դռան առջեւ անցկացրինք, քանզի դուք անչափ զբաղված էիք: Օրինակ, ուսանողներ կային, որ շրջաններից էին գալիս քաղաք՝ պանծալի դիպլոմը ստանալու եւ, եթե մի քանի րոպե ուշանում էին ձեր նշանակած ժամից, դուք չէիք տալիս այդ փաստաթուղթը, թեկուզ ձեր տեղում նստած էիք: Դուք երբեւիցե նեղություն չեք կրել մի «շնորհավորում եմ» ասել, բայց չէ՞ որ շրջանավարտները այնքան սրտատրոփ են սպասում այդ պահին եւ, անկեղծ ասած, այնքան էլ հաճելի չէ դիպլոմը ստանալիս ձեր դեմքի «մուննաթ» արտահայտությունը տեսնել: Ի դեպ, դիպլոմ ստանալու արարողությունից դժգոհ են ԵՊՀ-ի բոլոր ուսանողները՝ անկախ ֆակուլտետից:

Այն ժամանակ նույն այս թերթում ես ձեր «գործունեության» մասին իմ նյութում անդրադարձա, որի համար հետագայում (այդ ժամանակ ես արդեն մագիստրատուրայում էի սովորում) դեկանատում ինձ ահագին ամոթանք տվեցին, եւ ես ստիպված էի ձեւացնել, թե զղջում եմ արածիս համար, եւ բացատրագիր գրել. խոսքի ազատության մասին ԵՊՀ-ում գաղափար չունեն, եւ ես մտածում էի միայն համալսարանը բարով-խերով ավարտելու մասին: Հետո էլ իմ հարցը քննարկվեց ռեկտորատում եւ այն հրապարակման համար ինձ զրկեցին հետագայում ասպիրանտուրա ընդունվելու հնարավորությունից: Նման մտադրություն չունեի եւ չունեմ. ձեր ասպիրանտուրան, ինչպես ասում են, ձեզ կպնի:

Այս տարվա հունիսի 21-ին ես կրկին ներկայացա ձեզ՝ դիպլոմ ստանալու, բայց ո՛չ ձեր վերոհիշյալ դեմքը տեսնելու անհագ ցանկությամբ: Երբ կարդացիք անունս եւ ազգանունս, դուք չկարողացաք ձեր հիացմունքը զսպել՝ երկու տարի դողէրոցքի մեջ եք անցկացրել եւ արցունքը ձեր աչքերին՝ ինձ էիք սպասում: Դուք ինձ պարզապես չտվեցիք դիպլոմ, ասելով, որ այն պատրաստ չէ (նաեւ դիպլոմը կորցնելու մասին տարբերակ եղավ), որի մասին ստորագրություն տալ, բնականաբար, չհամարձակվեցիք: Հետո էլ նեղանում եք, որ ձեզ «անփույթ» եմ անվանել նախորդ հրապարակման մեջ: Բացի այդ, դուք ասացիք, որ ես լկտի եմ: Թեպետ ձեր անունը չէի նշել, ամբողջ համալսարանը հասկացավ՝ դա ձեր մասին է: Իհարկե, պետք չէ առանձնապես հանճար լինել, որպեսզի հասկանալ՝ ով է այդ աշխատողը, որ դիպլոմներ է բաժանում: Դուք ինձ ստիպեցիք գլուխս կախ լսել ձեր բոլոր վիրավորանքները: Դուք վստահ էիք, որ ինձ դիպլոմ չտալու իրավունք ունեք՝ պատճառաբանելով, թե երկու տարի է սթրես եք ապրում:

Ես, իհարկե, մտնում եմ ձեր դրության մեջ եւ հասկանում, որ ձեր աշխատանքը դժվար է: Սակայն մի՛ մոռացեք, որ դուք դրա դիմաց աշխատավարձ եք ստանում: Ցանկանում եմ ասել, որ, օրինակ, դասախոսների աշխատանքն է՛լ ավելի դժվար է ձերից, բայց վեց տարվա ընթացքում ես նրանցից որեւէ տրտունջ չեմ լսել:

Եվ երբ ես դուրս գալիս փակում էի ձեր սենյակի դուռը, դուք ինձ «ՊպՔպՉՍՈ» անվանեցիք: Չի կարելի այդպես, թե չէ ձեզ ոչ միայն անփույթ՝ այլ նաեւ «անդաստիարակ» կանվանեն: Մանավանդ որ հաջորդ օրը դիպլոմս հրաշքի պես պատրաստ էր:

Մեծ ջերմությամբ եւ իրարայլեւս չտեսնելու ակնկալիքով՝
ՄԱՐԻՆԱ ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել