Լուսանկարում
պատկերված այս խաղահրապարակը երեւանյան բակերից մեկում է։ Տարածքն անցյալ
տարի աճուրդով վաճառվել է որպես ազատ հողակտոր՝ ինչ-որ գրասենյակ կառուցելու
համար։ Թեպետ տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը կադաստրային վավերացմամբ
Հայաստանի կույրերի միավորմանն է դեռեւս 1998 թվականից։
Սկսենք նրանից, որ 1947 թվականից մինչեւ 60-ականները Երեւանի քաղխորհրդի գործկոմի տարբեր որոշումներով միավորմանը Իսահակյան (նախկինում՝ ԹՑՏՐՈ’ ՍՐցչՏՉՈ’) 18 հասցեում տրամադրվել է 4300 քմ ընդհանուր մակերեսով հողատարածք։ Ժամանակի ընթացքում կազմակերպությունն իր միջոցներով քանդել է տարածքի հին տները, տեղում կառուցել վարչական, բնակելի, արտադրական եւ օժանդակ շենք-շինություններ։ Նոր շենքերից բնակարան է հատկացրել նաեւ քանդված տների բնակիչներին։ Իր միջոցներով միավորումը բարեկարգել է բակը, կառուցել լողավազան։ 1998 թվականին Կույրերի միավորումը Կադաստրի պետական կոմիտեից անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական է ստացել 3150 քմ տարածքի համար, որի մեջ նաեւ վերոհիշյալ բակային հատվածն է։ «Անցյալ տարի բոլորովին պատահաբար իմացանք, որ մեր բակից 380 քմ հատված (դա գրեթե ողջ բակն է- Ռ. Ա.) քաղաքապետարանն աճուրդով վաճառել է Ռուֆինա Մեխակունի անունով մի քաղաքացուհու, որպեսզի վերջինս իր համար գրասենյակ կառուցի»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց Կույրերի միավորման փոխնախագահ Թովմաս Մովսիսյանը։
Կազմակերպության շարունակական բողոքները տվել են մի դրական արդյունք. 2003-ի սեպտեմբերին Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյանի որոշմամբ կատարվել է նրանց պատկանող հողատարածքի սահմանների ճշտում, դրանով ապահովագրելով տարածքը հետագա ոտնձգություններից։ Սակայն այդ սահմաններից քաղաքապետարանը դուրս է թողել արդեն վաճառված 380 քմ-ն։ «Մենք տեղեկացանք, որ Ռուֆինա Մեխակունին փորձել է վաճառել իրեն հատկացված հողը, բայց հասցրինք դիմել դատարան եւ կալանքի տակ պահել մեր հողը»,- հայտնեց Թ. Մովսիսյանը։ Երեկ մենք նկատեցինք, որ բնակիչների տնկած եղեւնու փոքրիկ ծառերի մի մասը չորացել է, մյուսը՝ թարմ է ու կանաչ։ Ավելի որոշակի՝ հատուկ նյութերով չորացրել են այն տնկիները, որոնք գտնվում են չարաբաստիկ 380 քմ տարածքում։ «Թե չէ, մենք ամեն օր հավասար ջրում ենք ողջ տարածքը»,- ասացին բնակիչները, ավելացնելով, որ բակում գիշերը շատ մութ է եւ չարագործին նկատել չէին կարող։
Անդրադառնալով տարածքային վեճի իրավական կողմին, ուշադրություն դարձնենք մի հանգամանքի վրա. նախկին քաղսովետի որոշումները չեղյալ համարելով, նրանց կողմից տրված տարածքները աճուրդով վաճառելու բազմաթիվ դեպքերը հիմնավորվում են նրանով, որ 2001 թվին ընդունված Հողային նոր օրենսգրքով դրանք պետք է վերագրանցվեն Երեւանի քաղաքապետարանում՝ քաղաքապետի համապատասխան որոշմամբ եւ ստանան նոր գլխավոր հատակագիծ։ Սակայն նույն օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվում է. «Մինչեւ 1999թ. մայիսի 6-ը հողամասի նկատմամբ իրավունքների վերաբերյալ սահմանված կարգով ձեռք բերված փաստաթղթերն ունեն իրավաբանական ուժ, վերագրանցման ենթակա չեն եւ հիմք են հանդիսանում անշարժ գույքի նկատմամբ գործարքներ կատարելու համար»։ Նկատենք, որ Կույրերի միավորումն այդպիսի փաստաթուղթ ձեռք է բերել 1998-ին եւ վերագրանցման խնդիր չուներ։ Սակայն քաղաքապետարանն անտեսել է այս հանգամանքը եւ տարածքը դիտարկել որպես ազատ։ Կույրերի միավորումն այս օրերին խնդիրը վիճարկում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ 1-ին ատյանի դատարանում։
Մի հանգամանք եւս. քաղաքապետարանը վերջերս «շեփորահարեց» հերթական՝ բակերի բարեկարգման ծրագրի մասին։ Այն է՝ դրանք ազատել ավտոտնակներից, կանաչապատել, ստեղծել խաղահրապարակներ։ Իսահակյան 18, 18ա եւ 16ա շենքերով շրջափակված բակն արդեն բարեկարգված էր, երբ տրամադրվեց գրասենյակի կառուցման համար։ Եթե այն կառուցվի՝ այս շենքերի բնակիչներն ընդհանրապես կզրկվեն բակից եւ բարեկարգելու կարիք էլ չի լինի։ Ընդ որում, հիշյալ ծրագիրն էլ, հողհատկացումն էլ նույն՝ ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության «հեղինակային» գործն են։ Ինչպե՞ս հասկանալ։
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ