Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՎ PR՝ ԸՍՏ ՀՈՎԵՅԱՆԻ

Հունիս 22,2004 00:00

ՍԵՎ PR՝ ԸՍՏ ՀՈՎԵՅԱՆԻ Մշակույթի նախարարը հրավիրում է անդամակցել OԵԿ-ին Երեկ ՀՀ մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը խախտել էր «100 օր մամլո օրգաններին ոչինչ չասելու» իր խոստումը՝ մամուլում իրեն վերաբերող բացառապես ամեն ինչ հերքելու ցանկությամբ: Նաեւ նպատակն էր՝ ապացուցել, որ ավելի ճոխ բառապաշար ունի, քան ներկայացվում է: Դրա համար նախարարը հարկ համարեց պատմել իր բանաստեղծական ժողովածուների, անգամ 17 փաստագրական ֆիլմերի մասին, որոնց սցենարի հեղինակն է, այնուհետեւ ավելացրեց. «Ինչ վերաբերում է տարածված հերյուրանքներին, եկեք համբերեք մինչեւ սեպտեմբեր ու կտեսնենք, թե իրականում ինչ բառաֆոնդ ունի ՀՀ մշակույթի նախարարը… Խնդրում եմ, մինչեւ մամլո իմ առաջին օֆիցիալ ասուլիսը, չհավատալ բոլոր այն նյութերին, որոնք առնչվում են իմ անձի հետ… Համարյա ամեն օր մշակույթի նախարարության ու նախարարի մասին տպագրվում են նյութեր, որոնց, անկեղծ ասած, ժամանակ չեմ ունենում հիմնովին ծանոթանալ՝ նախարարությունում կուտակված հիմնախնդիրների պատճառով: Ու եթե մշակույթի նախարարը հարցազրույց չի տալիս, զրույց չի ունենում որեւէ լրատվամիջոցի ներկայացուցչի հետ, ուրեմն նրա մասին տպագրված, հրապարակված, հեռուստատեսությամբ կազմակերպված բոլոր նյութերը իրականությանը չեն կարող համապատասխանել»: «Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում նախարարը գերատեսչության մամլո նախկին քարտուղար Ժասմինա Ղեւոնդյանի՝ իրեն դատի տալու մասին հայտարարությանը եւ իսկապե՞ս պրն Հովեյանը ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչների մասին ասել է՝ «Դրանք միայն կանալիզացիայի ու տղամարդու առնանդամի մասին կարող են գրել, քանի որ մշակույթից բան չեն հասկանում»: «Ընդհանրապես ամեն մարդ դժվար է հեռանում էն բնագավառից, որտեղ աշխատել է: Շատ բարեկիրթ տիկին էր նախկին նախարարի մամլո քարտուղարը, սակայն հայեցողական պաշտոններում ես հրավիրել էի իմ աշխատանքային ընկերներին, վաղուց ճանաչած մարդկանց եւ, օրենսդրության համաձայն, խնդրեցի, որ իրեն տեղափոխեմ այլ աշխատանքի: Ինքն էլ շատ էր ուզում մնալ: Երբ ասացի, որ անհնար է, ասաց՝ դե՝ կտեսնես… Ինչ վերաբերում է դատի տալուն, թող տա՝ իր խնդիրն է: Հիմա տարածված է գերատեսչության ղեկավարին դատի տալը»: Մեր՝ «Դուք ընդդիմությանը մեղադրում էիք D վիտամինի պակասի մեջ, իսկ ընդդիմադիր մամուլին ի՞նչն է պակասում, որ խորհուրդ եք տալիս չհավատալ ձեր մասին հրապարակումներին» հարցի առնչությամբ պրն Հովեյանն ընդամենը խոստովանեց. «Կրկնում եմ, եթե ես մամլո որեւիցե ծառայության հարցազույց չեմ տվել, խնդրում եմ չհավատալ իմ մասին տպագրված ու ցուցադրված ոչ մի բանի: Սեպտեմբեր ամսից ես հանդես կգամ ասուլիսով, եւ դրանից հետո ցանկացած դիմադիր եւ ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչ կարող է զրույց ունենալ հետս, հարցեր տալ ամենատարբեր ոլորտներին, անգամ քաղաքականությանը վերաբերող թեմաներով»: Հ. Հովեյանը համոզված է, որ իր դեմ գործում է սեւ PR՝ այն էլ «կովկասյան տարբերակով, երբ խիստ չափազանցված են կատարում պատվերը»: Թե ում կողմից է պատվերը, նախարարը չկամեցավ մանրամասնել, ամեն ինչ վերագրեց անձնական վրեժխնդրությանը ու համարյա սարոյանական ոճով ասաց. «Գուցե ինչ-որ մեկի մոտ, ինչ-որ տեղ, ինչ172որ բան չի ստացվել»: Նա խնդրեց թերթից թերթ տպագրվող նյութերը «չդարձնել Տավուշի մարզի գյուղի բնակչի ականջի լսելիքը, որովհետեւ բոլորը չէ, որ ճանաչում են Հովիկ Հովեյան մտավորականին»: Ինքը Էմոցիոնալ է, նման չէ ստանդարտ, չափ ու չափանիշների մեջ տեղավորվող նախարարի ու «կարող է երբեմնակի թույլ տալ բաներ, որ չէին անի սոցապ, առողջապահության կամ էներգետիկայի նախարարները»: Նա խոստովանեց, որ ի սկզբանե գիտեր, թե մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվելով ինչպիսի քննադատությունների կարժանանա, ինչի համար չի զղջում: Նաեւ ի սկզբանե հիացած էր «Օրինաց երկիր» կուսակցության գաղափարախոսությամբ ու այն անդամներով, որոնք իր ընկերներն են կամ միասին աշխատել են ռադիոյում. «Շատ ուրախ եմ, որ ՕԵԿ անդամ եմ, ձեզանից շատերին էլ հրավիրում եմ անդամագրվել այդ կուսակցությանը»: Հատկապես գոհ է կուսակցության ծրագրի՝ մշակույթին վերաբերող մասից: «Առավոտի»՝ «ՕԵԿ ծրագրում խոստանում էիք սկսել մշակութային էքսպանսիա: Տիկին Թամար Պողոսյանի ստանձնած էքսպանսիան, կարծես, ընդհատվեց: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում մշակութային էքսպանսիան եւ շարունակելո՞ւ եք, արդյոք, ձեր նախորդի կիսատ գործը» դիտարկմանն ի պատասխան՝ նախարարն ասաց. «Ես հիմա հասկանում եմ Թամար Պողոսյանի վիճակը: Ընդհանրապես էքսպանսիոնիզմին դեմ եմ եւ կարծում եմ՝ Հայաստանի, իսկ մարզերի մշակույթը՝ մասնավորապես, այսօր կարիք ունի աջակցության… Ես պատրաստվում եմ օրենքներով պաշտպանել մշակույթը, ու քանի որ ներկայումս ծանոթանում եմ օրենքներին, չեմ ուզում ընդհանրական դրույթներով խոսել մշակույթից ու մշակութային խնդիրներից»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել