Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ԾԱՎԱԼԵԼ ԵՆ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հունիս 22,2004 00:00

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ԾԱՎԱԼԵԼ ԵՆ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հայաստանի եւ Ղարաբաղի օղի արտադրողների միջեւ ծագած տնտեսական հակասությունները թերեւս անլուծելի են թվում, քանզի ԼՂՀ ԱԺ նախագահը կարծես տրամադիր չէ միասնականացնել մեր երկրների հարկային օրենսդրությունը: «Վեդի Ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանը Հայաստանի ալկոհոլ արտադրող ընկերությունների ղեկավարներից բնավ միակը չէ, որը համոզված է, թե Հայաստանի եւ ԼՂՀ-ի հարկային տարբեր օրենքների պատճառով վնաս են կրում հայաստանյան գործարարները: Նույն տեսակետը կիսում են ե՛ւ Հայաստանի կառավարությունը, ե՛ւ այլ ալկոհոլ արտադրողները: Ասենք՝ Ավշարի գինու գործարանի խորհրդի նախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հաստատեց, թե կիսում է «Վեդի Ալկո»-ի նախագահի արտահայտած մտահոգությունները. «Պիտի անպայմա՛ն լինի օրենսդրական փոփոխություն եւ համապատասխանեցվեն հարկային դրույքաչափերը: Կամ էլ գոնե մաքսազերծում պիտի իրականացվի ԼՂՀ-ի եւ Հայաստանի սահմանին, որ գները հավասարվեն ու ստեղծվեն հավասար պայմաններ: Թե չէ՝ թեեւ Հայաստանն ու Ղարաբաղն էլ անկախ երկրներ են, բայց որտե՞ղ է սահմանված, որ նրանք հնարավորություն պետք է ունենան այստեղ փակել մեր բիզնեսը»: Ի դեպ, թեեւ Մանվել Ղազարյանն ասել էր, որ Հայաստանում ու ԼՂՀ-ում գործող հարկային դրույքաչափերով ալկոհոլային խմիչքների ոլորտում կա շուրջ 150 դրամի տարբերություն՝ Արայիկ Գրիգորյանը ճշտեց. «Քիչ է ասել: Իրականում շուրջ 200 դրամի տարբերություն է»: Փորձեցինք պարզել, թե հայաստանցի գործարարների այս մտահոգությունները նկատի առնելով՝ ԼՂՀ օրենսդիր մարմինն արդյոք մտադիր չէ՞ փոփոխություններ կատարել իրենց հարկային օրենքներում: «Նախ՝ սկզբունքային առումով նշեմ, որ եթե մեր գլխավոր նպատակներից մեկը Հայաստանի հետ տնտեսական ինտեգրացիան է, ապա բնական է, որ այս հարցը հնարավոր է լուծել օրենսդրական դաշտի նույնատիպության պայմաններում,- մեր հարցադրմանը պատասխանեց ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը:- Բայց միաժամանակ պետք է նաեւ ընդգծել, որ նույնատիպությունը կույր կրկնություն չպետք է լինի, քանի որ Ղարաբաղի տնտեսական ու քաղաքական պայմանները մի քիչ այլ են: Եվ հենց այդ առանձնահատկություններն էլ ենթադրում են օրենսդրության մեջ որոշակի տարբերություններ: Իրոք, այսօր հարկային դաշտում կան որոշակի տարբերություններ, այդ թվում նաեւ՝ էական: Եվ չեմ բացառում, որ նման հարցերը որոշակի բարդություններ են առաջացնում, բայց ոչ միայն եւ գուցե ոչ այնքան Հայաստանի գործարարների համար, այլ նաեւ ԼՂՀ-ում: Ղարաբաղի տնտեսվարող սուբյեկտներն էլ շատ լուրջ խնդիրներ ունեն՝ կապված ե՛ւ ապրանքների արտահանման, ե՛ւ ավելացված արժեքի հարկի, ե՛ւ ապրանքների մաքսազերծման հետ: Արհեստական բարդությունների մասին չէ խոսքը՝ նման բան, փառք Աստծո, չկա: Ուղղակի այս գործընթացներում առաջանում են որոշակի հարցեր, որոնք պահանջում են լուծում: Եվ եթե հայաստանցի օղի արտադրողներն էլ են մատնանշում նման որոշակի փաստեր՝ պետք է քննարկենք ե՛ւ խորհրդարանների մակարդակով, ե՛ւ կառավարությունում»: «Վեդի Ալկո» ընկերության նախագահը պնդել էր, թե ղարաբաղցի օղի արտադրողները (ըստ ամենայնի՝ խոսքն «Արցախ Ալկո»-ի մասին է) դեմպինգ են իրականացնում հայաստանյան շուկայում՝ օղին վաճառում 400 դրամով, մինչդեռ մեր գները սկսվում են 600 դրամից, քանի որ Առեւտրի համաշխարհային կազմակերպության պահանջով 2002-ին ավելացվել էր ակցիզային հարկը եւ դա, բնականաբար, անդրադարձավ գնի վրա: Քանի որ ԼՂՀ խորհրդարանի նախագահը պնդում էր, թե ղարաբաղցի գործարարներն առավել են տուժում, քան ՀՀ-ի նրանց գործընկերները՝ խնդրեցինք նման օրինակ մատնանշել, որ կվկայեր, թե հայաստանցի գործարարներն էլ Ղարաբաղում են իրականացնում դեմպինգ: «Այդպիսի օրինակներ կան, դրանք ուսումնասիրվում եւ ներկայացվում են համապատասխան ատյանների քննարկմանը եւ կարգավորմանը»,- պատասխանեց պրն Եսայանը՝ հրաժարվելով որոշակիացնել կամ գոնե մատնանշել տնտեսության այն ոլորտը, որտեղ իրականացվում է նման դեմպինգ: Իսկ հայ գործարարների առաջարկած այն լուծման առնչությամբ, որ ԼՂՀ Ազգային ժողովը կատարի օրենսդրական փոփոխություններ եւ սահմանի հարկային նույն դրույքաչափերը, ինչ գործում են Հայաստանի Հանրապետությունում՝ Օլեգ Եսայանն ասաց. «ԼՂՀ Ազգային ժողովը պարտավոր է Ղարաբաղի տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծել նպաստավոր պայմաններ: Եթե խաղողագործությունը եղել է Ղարաբաղի արտադրության հիմնական ճյուղերից մեկը ու կարծում եմ, որ խաղողագործության վերականգնմամբ կարող ենք վերականգնել ամբողջ գյուղատնտեսության համակարգը, նպաստել երկրի տնտեսական առաջընթացին, ապա օրենսդրությունը պետք է որոշակիորեն խրախուսի այդ ճյուղի զարգացումը»: ԼՂՀ խաղողագործությունը եւ գյուղատնտեսությունը պիտի վերականգնվի եւ առաջընթաց ապրի, փաստորեն, ՀՀ-ի հաշվին, եւ հայաստանցի գործարարներին մնում է ըմբռնումով մոտենալ այս իրողությանը, իսկ գուցե եւ՝ իրոք փակել իրենց բիզնեսը ու գործունեություն ծավալել այլ երկրներում: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել