Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբենիչը

Հունիս 22,2004 00:00

Ռուբենիչը Հունիսի 21-ին լրացավ իրավաբանական գիտությունների դոկտոր Վլադիմիր Նազարյանի ողբերգական մահվան 2-րդ տարեդարձը: Կիրակի օրը նրա շիրմին այցելել էին միայն նրա հարազատներն ու շատ մտերիմ մարդիկ: Այդուհանդերձ, պարոն Նազարյանին հիշում եւ նրա մահվան առիթով ափսոսում են շատերը: ՀԺԿ մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանը, որ Վլ.Նազարյանի հետ նույն շենքում ապրել է շուրջ 20 տարի, երեկ ասաց. «Վլադիմիր Ռուբենիչին ճանաչել եմ դեռ 1958 թ.-ից: Ես այն ժամանակ փոքր երեխա էի, իսկ Վլ.Նազարյանը դասախոսում էր ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում: Նա, իհարկե, պայծառ անձնավորություն էր, վառ անհատականություն: Հետաքրքիր բնավորություն ուներ. լինելով շատ կրթված, զարգացած, բազմազբաղ մարդ՝ հետաքրքրվում էր իր մասնագիտության վերաբերյալ բոլոր նորություններով: Շատ կարդում էր, մարդամոտ էր եւ կարողանում էր շփվել բոլոր խավերի մարդկանց հետ, սովորաբար գտնում էր նրացից յուրաքանչյուրի համար զրույցի հետաքրքիր թեմա: Սիրված էր հարեւանների կողմից: Նրան հաճախ էին դիմում ամենատարբեր հարցերով, խնդրանքերով եւ չեմ հիշում դեպք, որ նա որեւէ մեկին մերժած լինի: Մեծ ձգողական ուժ ուներ: Շատերը նրանից սովորելու բան ունեին: Արտակարգ սրամիտ մարդ էր, կենսուրախ: Բավականին մեծ ներդրում ունի նաեւ իրավագիտության ոլորտում»: ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն էլ կարծիք հայտնեց, թե պատահական չէ, որ Վլ. Նազարյանին իր մահվանից հետո այսքան ժամանակ անց, ոչ միայն իրավական, այլեւ՝ քաղաքական շրջանակներում, դեռ հիշում են եւ հաճախ ցիտում: «Սա խոսում է այն մասին, որ նա իր ամբողջ կյանքում եւ որպես մարդ, եւ առաջին հերթին որպես մասնագետ՝ գիտնական իրավունքի ոլորտում, լուրջ հետք է թողել: Բավական է ասել, որ նա կանգնած էր դատաիրավական բարեփոխումների ակունքում, շատ եռանդուն մասնակցություն էր բերում քաղաքացիական օրենսդրության ոլորտում: Նա հասկանում էր, որ նոր տնտեսական, քաղաքական իրավիճակը պահանջում է որակապես նոր մոտեցում՝ մասնավորապես իրավունքի ոլորտում: Գործնական մասնակցություն է ունեցել Սահմանադրության մշակման աշխատանքներին եւ այսօր շատերը հիշում են նրան բարի խոսքով: Կարծում եմ, որ Վլ.Նազարյանը եթե այսօր լիներ, շատ հարցեր, այդ թվում՝ պետական կառավարման, Սահմանադրական իրավունքի ոլորտում այլ կլիներ: Կոլորիտով անձնավորություն էր եւ հետաքրքիր զրուցակից: Ու այդ ամենը բավարար է, որ գիտնականին, քաղաքացուն, մեր երկրում մեծ ներդրում ունեցած մարդուն բարի համբավով հիշենք»: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի մատուցմամբ, ինքն ու Վլադիմիր Ռուբենիչը՝ նրա կյանքի վերջին տարիներին, շատ էին մտերմացել. «Ես առիթ ունեցա նրան ավելի մոտիկից եւ լավ ճանաչելու: Նա մեր խորհրդատուն էր եւ կուսակցությանը շատ էր օգնում: Ես ուղղակի միշտ հիացել եմ Վլ.Նազարյանի թե ինտելեկտով, թե աշխատասիրությամբ, թե աշխատունակությամբ: Դա իսկապես հիացնում էր: Նա կարող էր մի քանի ժամվա մեջ մի ամբողջ աշխատություն գրել: Մի խոսքով` փայլուն ուղեղ էր, վառ անհատականություն: Դե նրա կոլորիտի մասին էլ ավելորդ է խոսել: Այսօր իր պակասն ու իր կարիքը ես շատ եմ զգում»: ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանն էլ խոսելով Վլ.Նազարյանի մասին նկատեց, թե «նա իր ոլորտի խոշորագույն գիտակ էր, գումարած սրան՝ վառ անհատականություն: Ապշեցուցիչ աշխատասիրություն ունեցող մարդ էր»: «Փաստաբանների միջազգային միության նախագահ» Տիգրան Տեր-Եսայանն էլ խոստովանեց, որ Վլ.Նազարյանի մասին հիշատակի խոսք ասելը բավականին պատասխանատու եւ դժվար է: Իր ողջ հարգանքն ու ակնածանքը մեծ գիտնականի նկատմամբ Տ.Տեր-Եսայանն ամփոփեց մեկ-երկու լակոնիկ, բայց ջերմ նախադասության մեջ. «Վլ.Նազարյանը Հայաստանի լավագույն իրավաբանն էր: Նա ինձ համար լավ մարդ էր եւ լավ ավագ ընկեր»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել