Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ու նրանք

Հունիս 19,2004 00:00

Մենք ու նրանք Հիրավի՝ հանճարեղ է ասված. հնարավոր չէ օգնել նրան, ով ինքը չի ցանկանում իրեն օգնել: Ասենք՝ այդպիսիներին օգնել, իհարկե, հնարավոր է, սակայն, իմաստ չունի: Ինչու՞ քամուն տալ թանկարժեք միջոցները, երբ դրանք որեւէ արդյունքի, միեւնույն է, չեն հանգեցնելու: Եվ հակառակը՝ ինչու՞ չօժանդակել նրանց, ովքեր բարեփոխվելու, քաղաքակրթվելու եւ ռեալ(այլ ոչ՝ բուտաֆորային) առաջխաղացում ապրելու անկեղծ ձգտում ունեն: Դա հենց այն պահն է, երբ պայմանականորեն ասած՝ մեկ միավոր օգնությունը հետագայում տասնապատկված կամ հարյուրապատկված օգտակար վերադարձ է խոստանում: Թերեւս պարզ է, որ դարձյալ խոսելու ենք Վրաստանի մասին: Երեկ Բրյուսելից սենսացիոն տեղեկություն ստացվեց այն մասին, որ այս քաղաքում գումարվող՝ դոնոր-երկրների խորհրդաժողովի մասնակիցներն ի վերջո որոշել են մեկ միլիարդ դոլարի օգնություն հատկացնել Վրաստանին: 31 երկրներ եւ 12 միջազգային կազմակերպություններ ներկայացնող դոնորների խորհուրդը երեք տարվա ընթացքում՝ 2004 -2006 թթ. մեկ միլիարդ դոլարի (850 մլն եվրո) ֆինանսական օգնություն կտրամադրի Վրաստանին: Այդ միջոցները կուղղորդվեն Վրաստանի բյուջեի համալրմանը եւ երկարաժամկետ ներդրումների իրականացմանը էներգետիկայի, պետական կառավարման, սոցիալական, առողջապահության, կրթության եւ մի շարք այլ ոլորտներում: Ահա եւ ժողովրդավարության, կամ առնվազն՝ դրա իրական միտումների հատույցը՝ բառիս ամենաշոշափելի իմաստով՝ կոնկրետ փողի տեսքով: Պետք չէ կասկածել, որ Վրաստանի (նաեւ՝ Հայաստանի) պետբյուջեի գրեթե եռապատիկին, կամ թե ողջ արտաքին պարտքին համարժեք այս վիթխարի գումարը, զուգակցվելով Սահակաշվիլու կառավարության անվիճելի հետեւողականության հետ, կարճ ժամանակում փայլուն արդյունքներ է ապահովելու Վրաստանի տնտեսության համար: Եվ անկախ այն բանից, թե հիմա ինչպիսի տխմար որակումների կարժանանա Վրաստանի նկատմամբ ցուցաբերվող հատուկ ուշադրության այս ակտը՝ «Արեւմուտքի դավադրություն», կամ ասենք՝ «վարդադոլարների էքսպանսիա», մի բան ակնհայտ է. Հայաստանը ցավալիորեն կորցրել է տարածաշրջանում ինչ-որ ցուցանիշներով առաջինը լինելու եւ որպես այդպիսին՝ քաղաքակիրթ հանրության համակողմանի աջակցությունը վայելելու երբեմնի քիչ թե շատ նշմարելի շանսը: Ճիշտ է, ԱՄՆ-ն մեզ ընդգրկել է (ինչպես եւ, ի դեպ՝ նույն Վրաստանին եւ օրինակ՝ Մոզամբիկին), «Հազարամյակների մարտահրավերներ ծրագրի» մեջ, բայց, թերեւս միայն այն բանի համար, որ վերջնականապես չքավոր ու անկանխատեսելի չդառնանք: Ու մինչ բրյուսելյան խորհրդաժողովում խանդավառված Ժվանիան խոսում է իր երկրի առջեւ ծառացած խնդիրների հաղթահարման ծրագրերի մասին, Ռոբերտ Քոչարյանն Աստանայում ուզբեկներին, ղազախներին եւ Պուտինին ներկայացնում է ՀՀ տնտեսության վագրային թռիչքների դիդակտիկ սխեման: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել