Պորտուգալիայում շարունակվում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարը:
«B» խմբում Անգլիայի հավաքականը երկրորդ տուրում ուժերը չափեց շվեյցարացիների հետ եւ 3:0 խոշոր հաշվով հաղթանակ տարավ: Հաջորդ փուլ անցնելու համար անգլիացիներին անպայման անհրաժեշտ էր վաստակել հաղթական երեք միավոր, քանի որ նրանք մեկնարկում զիջել էին խմբի առաջատար ֆրանսիացիներին: Ու այդ առաջադրանքը Սվեն-Երան Էրիկսոնի սաները հիանալի կատարեցին: Այդ հանդիպման հերոսը դարձավ 18-ամյա Ուեյն Ռունին` 23-րդ եւ 75-րդ րոպեներին երկու գնդակ անցկացնելով մրցակցի դարպասը: Ընդ որում, Ռունին յուրատեսակ ռեկորդ սահմանեց` դառնալով Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Մինչ այդ՝ ռեկորդակիրը Դրագան Ստոյկովիչն էր, որը 1984 թվականին գրավել էր Ֆրանսիայի դարպասը:
Անգլիացիները մինչեւ վերջին վայրկյանը պահպանեցին բարձր տեմպը, իսկ հանդիպման հիմնական ժամանակի ավարտից ութ րոպե առաջ Ջերարդը շվեյցարացիներին ստիպեց երրորդ անգամ խաղը վերսկսել դաշտի կենտրոնից:
Նույն օրը Եվրոպայի դեռեւս գործող չեմպիոն Ֆրանսիան Խորվաթիայի հավաքականի հետ խաղում առաջին միավորը կորցրեց: Լեյրիայում կայացած հանդիպումում առաջինը գրավվեց խորվաթների դարպասը: Զինեդին Զիդանի կատարած տուգանային հարվածից հետո գնդակը դիպավ խորվաթ Տուդորի ոտքին եւ հայտնվեց սեփական դարպասում: Դա այս առաջնությունում առաջին ու առայժմ միակ ինքնագոլն է: Մինչեւ ընդմիջումը ֆրանսիացիները որոշակի խաղային առավելություն ունեին, սակայն թիմերը հանգստի գնացին 1:0 հաշվով:
Երկրորդ խաղակեսը խորվաթներն սկսեցին ավելի ակտիվ եւ արդեն երեք րոպե անց 11 մետրանոց տուգանային հարված վաստակեցին: Այն հստակ իրացրեց Ռապաիչը` 1:1: Մի քանի րոպե անց Պրշոն առաջ մղեց իր թիմին: Թվում էր, թե ուր-որ է կգրանցվի առաջնության եւս մեկ սենսացիա: Սակայն Տրեզեգեն 64-րդ րոպեին վերականգնեց հավասարակշռությունը` 2:2:
«B» խմբի մրցաշարային աղյուսակ
ՖՐԱՆՍԻԱ 2 1 1 0 4-3 4
ԱՆԳԼԻԱ 2 1 0 1 4-2 3
ԽՈՐՎԱԹԻԱ 2 0 2 0 2-2 2
ՇՎԵՅՑԱՐԻԱ 2 0 1 1 0-3 1