Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹիԱյ) կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը երեկ պարգեւատրեց Հետաքննող լրագրողների ընկերակցության «Հետք» հ/կ նախագահ Էդիկ Բաղդասարյանին՝ կոռուպցիայի դեմ պայքարում զգալի ներդրում ունենալու համար:
Անցյալ տարի կազմակերպությունն այս պարգեւը շնորհել էր ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոյ Ռիվին: Պարգեւից անակնկալի եկած Է. Բաղդասարյանը նշեց, որ հաճախ կոռուպցիոն ռիսկերի մասնակից կողմ են դառնում նաեւ միջազգային կառույցները, որոնք աջակցում են այս կամ այն ծրագրին: Օրինակ, ՏԱՍԻՍ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը, որոնք ղեկավարում են այս կամ այն պաշտոնյաների հարազատները, եւ ոչ ոք իրավունք չունի «իր քիթը խոթել» նրանց գործերի մեջ: Իսկ Նաումանի հիմնադրամը, որ լիբերալ արժեքների քարոզման ինչ-որ ծրագրի իրականացմանն է աջակցում, «այդպես էլ չկարողացանք պարզել, թե իրականում ով է անում այդ ծրագիրը, մեր բազմաթիվ նամակներին ոչ մի պատասխան չեղավ»: Է. Բաղդասարյանը նաեւ նշեց, որ Նաումանի հիմնադրամի նախադեպը ցույց է տալիս, որ Հայաստանում հնարավոր է փողերը հ/կ-ներին փոխանցել առձեռն:
Իր ելույթում Վրաստանի խորհրդարանի անդամ Գիգա Բոկերիան պարզաբանեց այն թյուրըմբռնումը, թե իրենց նախկին օլիգարխները պատժվել են միայն բյուջեին գումարներ վերադարձնելով: Նա հայտնեց, որ այդ մարդկանց գործերը դատարանում են, սակայն «պատժի սակարկությունը կարող է կախված լինել վճարած գումարի չափից»: Ըստ Գ. Բոկերիայի, կոռուպցիայի դեմ պայքարում Վրաստանի նոր կառավարության նվաճումներից է այն, որ «մենք պատրաստ ենք ոչ միայն մեր թշնամիներին, այլեւ մեր ընկերներին մեղադրանք ներկայացնել»: Եվ բերվեց նոր կառավարության մաքսային վարչության պետի եւ հեղափոխության հեղինակներից ու խորհրդարանի հայտնի անդամներից մեկի օրինակները, որոնց նկատմամբ վերջերս մեղադրանք է առաջադրվել՝ ձեռնարկություններից մեծ գումարներ շորթելու համար: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի նորաստեղծ խորհրդի անդամ Բագրատ Եսայանը խորհրդի գործառույթներից մեկն էլ համարում է հենց միջազգային փորձի կիրառումն ու համագործակցությունը միջազգային կառույցների հետ: Պրն Եսայանը նաեւ կարծում է, որ լուրջ պրոբլեմ ունենք հասարակության մտածողության առումով. «Կոռուպցիան որպես երեւույթ ամբողջությամբ մերժելի չի համարվում հասարակության ամենալայն շերտերում, շատերը համարում են այն մեր ազգային մենթալիտետի անբաժանելի մասնիկը: Երբ քաղաքացին հասկանա, որ այդ պայքարով նա իր երեխաների ապագան է ստեղծում, այն ժամանակ մենք կունենանք հաջողություն»:
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին եւ միջազգային կառույցների գրանտներով սնվող հ/կ-ներին թերահավատորեն է նայում «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանը: «Հայաստանում այս պայքարը սիմվոլիկ բնույթ է կրում, ափսոս են այն գումարները, որ ներդրվում են դրա համար»: Պրն Թորոսյանն առիթն օգտագործելով՝ օտարերկրյա հյուրերի մոտ անդրադարձավ կոալիցիային. «բռնի բան է, երբ մի ուժ օգնել է, եւ պետք է փոխհատուցեն ու նախարարի պաշտոնը տան», նաեւ՝ «չգրանցված» ՀՅԴ կուսակցությանը, որ պայքարում է կոռուպցիայի դեմ: Այստեղ նրան հակադարձեց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը՝ հիշեցնելով, որ ոչ վաղ անցյալում, մինչեւ 1995 թ. Ռուբեն Թորոսյանը եղել է դաշնակցության անդամ եւ այդ նույն ՀՅԴ-ի կողմից 2 անգամ առաջադրվել է իբրեւ պատգամավորության թեկնածու. «Եթե ձեզ համար այդքան անընդունելի է, ինչո՞ւ էիք դուք այդ կուսակցության անդամը»:
Բ. Եսայանը կարեւորեց նաեւ խորհրդին կից ստեղծվող մոնիտորինգի հանձնաժողովի դերը՝ ինչպես ընդդիմադիր գործիչների, այնպես էլ (մասնավորից եւ պետականից զատ) երրորդ սեկտորի՝ հ/կ-ների մասնակցությամբ: Ի դեպ, Ազատականացման գործընթացների մոնիտորինգի ազգային կենտրոնի իրականացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ հարցվածների միայն 19 տոկոսն է կարծում, թե պետական կառույցները կարող են արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ: «Պետությունը պետք է ունենա պայքարի ռազմավարությունը, բայց դրա իրականացումը պետք է հնարավորության սահմաններում պատվիրակվի հ/կ-ներին: Ի դեպ, նույն հարցման ժամանակ 79 տոկոսը կողմ է հ/կ-ների միջոցով պայքարի ձեւին»,- նշում է հ/կ նախագահ Լուսինե Մարգարյանը:
ԹիԱյ-ի կազմակերպած համաժողովին մասնակցում էին Եվրոպայից մինչեւ Միջին Ասիա ընկած աշխարհագրական գոտում գործող մասնաճյուղերի ներկայացուցիչները: Հրավիրյալներից ներկա չէր Ադրբեջանի եւ ոչ մի ներկայացուցիչ: ԹիԱյ քարտուղարության ներկայացուցիչ Միկլոշ Մարշալը, նշելով այս մասին, ավելացրեց, որ Ադրբեջանն, ի դեպ, ամենակոռումպացված երկրների շարքին է դասվում: Իսկ համաժողովը կազմակերպվել է մեր տարածաշրջանում, որովհետեւ «տարածաշրջանն ընդհանրապես համարվում է շատ կոռումպացված»:
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ