Նախորդ համարներից մեկում տեղեկացրել էինք, որ չնայած ծննդօգնությունը Հայաստանում ընդգրկված է պետպատվերում, սակայն ծննդատներում յուրաքանչյուր ծննդի դիմաց գանձվում է պետության հատկացրածի կրկնապատիկն ու եռապատիկը։
Խոստացել էինք նաեւ փաստերով ներկայացնել, թե որքան գումար է շորթվում։ Անօրինական ճանապարհով գումար է գանձվում Երեւանի Սուրբ Աստվածամայր ծննդատանը, որը պետական ծննդատուն է եւ գործում է քաղաքապետարանի ենթակայությամբ։ Սակայն պետական կարգավիճակը չի խանգարում, որ հիշյալ բուժհիմնարկում յուրաքանչյուր ծննդի դիմաց գանձվի 100-150 դոլար։ Սրբ. Աստվածամայր ծննդատանը գանձումները սկսվում են հենց մուտքից։ Բուժքույրերի կողմից մատուցված յուրաքանչյուր ծառայություն սկսվում է 1000 դրամից։ Փող է գանձվում անգամ ցավազրկող դեղը ներարկելու համար։ Իսկ յուրաքանչյուր այցելու պարտավորվում է 1000 դրամ մուտքի եւ ըստ ցանկության՝ վերելակի փող մուծել։ Ծննդատան տնօրեն Էդվարդ Ավագյանը զրույցի ընթացքում ձեւացնում էր, իբր չգիտե՝ ինչ է կատարվում իրենց մոտ։ Փորձեցինք ճշտել՝ պրն Ավագյանը տեղյա՞կ է, որ ծննդօգնությունը պետք է պետպատվերով իրականացվի։ Անշուշտ՝ տեղյակ է եւ անգամ նշում է, որ այդ սկզբունքով են աշխատում։ «Իսկ ի՞նչ սկզբունքով են գանձում 100-150 դոլար» հարցին պրն Ավագյանը տվեց սպասելի պատասխան. «Նման բան չկա, դա հորինվածք է»։
Պարոն Ավագյանը մուտքի համար գանձումը որակեց օրինական, իսկ ցավազրկող դեղի եւ վերելակի համար գանձվող գումարները՝ անօրինական. «Ես ի՞նչ իմանամ իմ վերելակավարը ո՞վ է եւ ինչո՞ւ է փող վերցնում։ Դա այդ մարդու բարոյական կերպարն է։ Եթե որեւէ բժիշկ ցավազրկող դեղը ներարկելու համար փող է գանձում, ամոթ իրեն»։ Է. Ավագյանը նշեց, որ բուժհիմնարկներում վերահսկողությունը պետք է հիվանդները սահմանեն։ Այնինչ, առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը մեզ հետ զրույցում ասել է. «Ոչ մի բուժհիմնարկ իրավունք չունի այցելության դիմաց փող գանձել։ Այլ խնդիր է, եթե մարդիկ ցանկանան իրենց կամքով վճարել»։
Հաջորդ՝ «Շենգավիթ» մանկաբարձա-գինեկոլոգիական էնդոսկոպիկ կենտրոնը մասնավոր ծննդատուն է։ Մեր ունեցած փաստերի համաձայն, հիշյալ բուժհիմնարկում յուրաքանչյուր ծննդի դիմաց գանձվում է 100 դոլար։ Այցելուներից գանձվում է նաեւ մուտքի փող։ Համապատասխան պարզաբանումներ խնդրեցինք հիվանդանոցի ֆինանսների բաժնի վարիչ Սամսոն Դավթյանից։ Պրն Դավթյանը չհերքեց, որ յուրաքանչյուր այցելուից գանձվում է 1000 դրամ. «Մենք իրավունք ունենք մուտքի փող գանձել։ Այս խնդիրը կապված է ոչ թե առողջապահության նախարարության հետ, այլ՝ հարկային տեսչության։ 1999թ. մեր բուժհիմնարկը թույլտվություն ստացավ նմանատիպ գանձումներ իրականացնել, որպեսզի կարողանանք մեր ծախսերը փակելու համար որոշակի գումար մուտքագրել հիվանդանոցի բյուջե»։ Անդրադառնալով ծննդօգնության դիմաց վճարվող փողերին՝ Սամսոն Դավթյանը նշեց. «Ծննդօգնությունը իրականացնում ենք ե՛ւ պետպատվերով, ե՛ւ վճարովի, որովհետեւ պետական հատկացումները քիչ են։ Մեր բուժհիմնարկն ունի լիցենզիա, ունենք հաստատված գնացուցակ, որով էլ սպասարկում ենք հիվանդներին։ Այն հիվանդները, ովքեր փող են մուծում, ընդգրկված չեն պետպատվերով սպասարկվողների ցանկում։ Լինում են նաեւ դեպքեր, երբ հիվանդն ինքն է ցանկություն հայտնում գումար մուծել, որովհետեւ հակառակ դեպքում չենք կարող լավագույն պայմաններ ապահովել»։ Ասել է թե պետբյուջեից յուրաքանչյուր ծննդաբերողին հատկացվող 34 հազար դրամը չի բավականացնում ծննդաբերության նորմալ պայմաններ ապահովելու համար։ Կամ էլ՝ այդպես ներկայացվում է։
Նշենք, որ այս երեւույթն առկա է նաեւ մարզերի ծննդատներում։ Սակայն, ի տարբերություն մայրաքաղաքի՝ մարզերում գանձումներն ավելի չափավոր են իրականացվում։ Ու քանի որ պետական հսկողությունն այս հարցում թույլ է կամ իսպառ բացակայում է, մնում է, որ հիվանդներն իրենք տեր կանգնեն իրենց իրավունքներին։
ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ