ՀԺԿ
վարչության անդամ, 45-ամյա մանկավարժ-պատմաբան Գրիշա Վիրաբյանին ապրիլի 23-ին
խոշտանգել էին ոստիկանությունում, իսկ այժմ փորձում են ենթարկել պատասխանատվության՝
իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Գրիշա Վիրաբյանին ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար տարել էին Արտաշատի ոստիկանատուն, եւ այնքան ծեծել, որ ապրիլի 24-ին հիվանդանոցում ստիպված էին եղել հեռացնել նրա լրիվ ջնջխված մի ամորձին: Իրեն այս վիճակին հասցնելու համար ոստիկաններին պատասխանատվության կանչելու Գրիշա Վիրաբյանի փորձերը մինչ այժմ անարձագանք են՝ թեեւ դիմել է ե՛ւ վարչապետին (2 տարի առաջ աշխատել է վարչապետի աշխատակազմում), ե՛ւ գլխավոր դատախազին, ե՛ւ ՀՀ ու Արարատի մարզի ոստիկանապետերին. «Ոչ մի պատասխան չեմ ստացել»: Փոխարենն ակտիվորեն ընթանում է նրա դեմ հարուցված գործի քննությունը: Հիշեցնենք, որ երբ ոստիկանության քրեականի պետը՝ Հովիկ Մովսիսյանը հայհոյել էր նրան ու ասել՝ «էս մեր երկիրն է, ինչ կուզենք՝ կանենք», ոտքով հարվածել կողքին, բռունցքով խփել դեմքին, իսկ Գրիշա Վիրաբյանն ինքնապաշտպանությունից դրդված հարվածել էր նրան հեռախոսի լիցքավորման սարքով, որը կպել էր ոստիկանի աչքի տակին: Դրանից հետո ոստիկանները (մանավանդ՝ Պոլիսի Արմեն մականունով մի օպեր, վարչության պետի տեղակալ Աշոտ Կարապետյանը ու նաեւ պետը՝ Ավետիք Հարությունյանը) անդադար ծեծել էին նրան՝ խփելով ոտքերի արանքին, կողերին ու երիկամներին: Նաեւ ձեռնաշղթա էին հագցրել, որ չկարողանա պաշտպանվել:
«Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, երբ առողջական վիճակս դեռ կայուն էլ չէր՝ նարկոզից նոր-նոր էի դուրս եկել, Արտաշատի դատախազության քննիչ Մալխասյանն ինձ հետ կատարել է քննչական երկու գործողություն,- պատմեց Գրիշա Վիրաբյանը:- Մի անգամ բացատրություն գրեցի դեպքի մասին, երկրորդ անգամ հարցեր տվեց, թե ոստիկանությունում ինձ զենքի մասին հարցրե՞լ են, թե՞ ոչ: Հետագայում հասկացա, որ գործ են սարքում, թե իբր զենքի կասկածանքով են ինձ տարել բաժին: Բայց ինձ ոչ մի նման հարց չի տրվել, ոչ էլ խուզարկել են կամ կատարել զննություն»: Նա բացարկ էր հայտնել Արտաշատի դատախազությանը, եւ գործի վարույթը տեղափոխվել էր Երեւանի Էրեբունու համայնքի դատախազություն: «Այստեղ էլ փոխանակ ինձ լրացուցիչ հարցաքննեին եւ ճշտեին դեպքի հանգամանքները՝ հիմնվել են տվածս սկզբնական ցուցմունքների վրա ու հիմա կատարում են առերեսումներ ոստիկանների հետ,- ասաց պրն Վիրաբյանը:- Նրանք իրենց շատ լկտի են պահում, մատուցում բացարձակ կեղծ տվյալներ: Ասում են, թե զննություն է եղել, ես զազրախոսել եմ ու նաեւ՝ իբր ծանոթանալով նյութերին, որ ինձ 15 օրվա կալանք են տալու՝ զայրացել եմ, վերցրել ու խփել»: Այնուամենայնիվ, ըստ նրա՝ ոստիկաններն ամաչել են նայել իր աչքերի մեջ. «Մի խոսքով՝ բռնաբարված կանայք անգամ իրենց այդպես զոհի կեցվածքով չէին պահի առերեսման ընթացքում, ինչպես պահում են Արտաշատի ոստիկանները»:
Գրիշա Վիրաբյանը նաեւ տեղեկություններ ունի, թե իր դեմ կեղծ ապացույցներ են փորձում սարքել. «Ծանոթ իրավապահներս ասում են, թե կատարվածից 2-3 օր անց նրանք ջարդել են մի քանի սեղան-աթոռ՝ ապացուցելու համար, թե ես եմ վայրենություն արել, բոլորին ծեծել, հայհոյել ու սպառնացել»: Նկատի ունեցեք՝ պատմության ուսուցիչն այս ամենը կարողացել է «իրականացնել» բազմաթիվ ոստիկանների ներկայությամբ, իսկ «խեղճերը» ոչի՜նչ չեն կարողացել անել: «Ռեմբոյի նման մտել եմ ոստիկանություն եւ բոլորին ոտքի տակ տվել»,- հեգնում է պրն Վիրաբյանը: Իսկ առանց հեգնանքի՝ հույս է հայտնում. «Եթե ծառայողական քննություն կատարվեր՝ կպարզվեին կատարվածի հանգամանքները: Բայց նման քննություն չանելով ընդառաջում են այդ ոստիկաններին՝ հասկացնելով, թե մնալու են անպատիժ»:
Նա մտադիր է իրավաբանների հետ քննարկել հնարավորությունը՝ հրաժարվել առերեսումներից այն ոստիկանների հետ, որոնք ծեծի էին ենթարկել իրեն. «Դժվարությամբ եմ կարողանում նստել նրանց առջեւ ու հանգիստ խոսել: Անգամ առաջին առերեսման ժամանակ մե՜ծ դժվարությամբ զսպեցի ինձ, երբ տեսա, որ բացարձակ ստեր են ասում ու քննիչին խնդրեցի թույլ տա դուրս գամ»:
Գրիշա Վիրաբյանը եւս մի դիտարկում հայտնեց առերեսումներից իր ստացած տպավորության հիման վրա. «Երբ նրանք խոսում են՝ զգում եմ, որ ոստիկանությունը ծանոթացել է Արտաշատի դատախազությանն իմ տված ցուցմունքներին եւ նախապատրաստվել: Անակնկալ հարցերին դժվարանում են պատասխանել»: Մեկ այլ տպավորություն. «Եկել եմ այն համոզման, որ իմ նկատմամբ հանցագործություն կատարած այդ անձինք հովանավորվում են իշխանության կողմից»:
Այժմ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված բնակավայրից չբացակայելու ստորագրությունը, սակայն Գրիշա Վիրաբյանը հնարավոր է համարում, թե քանի վայելում է փաստաբանների, ՀԺԿ-ի ու «Արդարության» աջակցությունը՝ «Չեն կարող այս պայմաններում հաստատել իրենց կեղծ մեղադրանքները: Մտավախություն ունեմ, որ մոտ ապագայում կարող են փոխել խափանման միջոցս եւ կալանքի վերցնել ինձ՝ բարոյական ճնշում գործադրելու համար»:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, Գրիշա Վիրաբյանը նկատեց, որ թերեւս հեռացված
են այն մտավորականների ամորձիները, որոնք, Երվանդ Մանարյանից բացի՝ բողոքի
ծպտուն իսկ չհանեցին կատարվածի դեմ: