Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԳԱՂՏՆԻ ՔԱՅԼԵՐ ՉԵՆՔ ԿԱՏԱՐՈՒՄ»

Հունիս 19,2004 00:00

Ասում
է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը
– Փաստորեն այս պահին հրադադարի վիճակ է։ Ընդդիմությունը առժամանակ հրաժարվել է հանրահավաքներից ու դրանից բխում է, որ իշխանությունն էլ այս հարթությունում անելիք չունի։

– Ձեւակերպումը՝ հրադադար, չեմ ընդունում, որովհետեւ իշխանությունը իր ժողովրդի դեմ չի պայքարում։ Կարելի է ասել, որ ընդդիմությունը իր գործողությունները դադարեցրեց։

– Լավ։ Այդ դադարը համարո՞ւմ եք իշխանության հաղթանակ, թե՞ պարզապես իրավճիակի հերթական փոփոխություն։

– Հաղթանակ չեմ համարում, որովհետեւ մենք չենք պայքարում։ Եթե պայքար չկա, հաղթանակի կամ պարտության մասին խոսել չի կարելի։ Իշխանություններն այս ամիսների ընթացքում իր աշխատանքներն է կատարել, ընդդիմությունը փորձում է իր քաղաքական նպատակներն իրականացնել երթերի եւ ցույցերի միջոցով։ Իհարկե, այս փուլում (ինչպես իրենք հայտարարեցին), դա իրեն չարդարացրեց։ Երեւի ամառվա ամիսներին կմտածեն, թե իրենց նպատակներին հասնելու համար ինչպիսի տակտիկական քայլեր պետք է օգտագործեն։ Սա բնական եմ համարում։ Մյուս կողմից էլ մենք ասում ենք, որ ընտրվածը այն ճանապարհը չէ, որով բարձրացված խնդիրները լուծվեն։ Ի սկզբանե մենք համարում ենք, որ խնդիրը սխալ էր դրված։

– Իշխանությունը բավականին կոպիտ ձեւերով է փորձում ԵԽ-ի առջեւ «պարզերես» դուրս գալ եւ Ստրասբուրգ մեկնելուց առաջ հանրահավաքը արտոնում են, մի քանի ձերբակալվածների ազատ են արձակում։ Ակնհայտ է, որ այդ քայլերը արվել են ԵԽ ԽՎ գնալուց առաջ։ Չենք գտնում, որ շատ կոպիտ եք աշխատում, գոնե կամաց-կամաց անեիք, հունիսի 16-ից առաջ եւս մեկ հանրահավաք արտոնեիք։ Ամեն ինչ չափազանց պարզ է ու ակնհայտ։

– Հա, շատ լավ է, դա ժողովրդավարության կայացման փուլ կարող եմ համարել։ Մենք գաղտնի քայլեր չենք կատարում։ Այո, կային հարցեր, որոնք իրականացնելու համար սպասում էինք օրենքի ընդունմանը եւ օրենքի կիրառելուն (խոսքը «Հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի մասին է- Մ. Ե.)։ Մենք այդ քայլերը իրականացրել ենք ոչ միայն նրանց համար (ԵԽ ԽՎ-ի- Մ. Ե.), այլ մեր ներքին կայունությունը ապահովելու համար, ներքին դժգոհությունները չեզոքացնելու համար։ Ո՞վ է ասում, որ մենք ամեն ինչ դրսի համար ենք անում։ Առաջին հերթին անում ենք մեզ համար։ Իսկ թե դրսում ի՞նչ արձագանք կլինի, դա երկրորդական խնդիր է։

– Իսկ հունիսի 21-25-ից հետո, երբ, ընդունենք, Հայաստանի իշխանությունները Ստրասբուրգում «պլյուս» կստանան, հնարավո՞ր է նոր թափով վերսկսվեն բռնությունները։

– Չէ, հնարավոր չէ, այդպիսի խնդիր չի լինի, որովհետեւ ընդդիմությունն ու իշխանությունը սովորեցին միասին աշխատել։

– Հին ու նոր շշուկներ կան ընդդիմության ներսում տեղադրված իշխանական ականների մասին։ Ես հասկանում եմ, որ դուք անուններ չեք ասի, բայց ասեք՝ կա՞ն այդ ականները եւ քանի՞սն են։

– Իշխանությունների օգտին աշխատող ականներ չկան։ Բայց կան մարդիկ, որոնք իրադարձությունների ընթացքին հետեւելով, գալիս են այն եզրակացության, որ տվյալ ճանապարհը սխալ է։

– Երբ խոսում են վարչապետ Անդրանիկ Մարգարյանի երկարակեցության մասին, ասում են, թե իրավիճակը նրան օգնեց։ Մյուսներն էլ ասում են՝ «մալադեց», լավ կարողանում է կողմնորոշվել։ Ես այս հարցը էլի եմ ձեզ տվել. ինչն է ձեր վարչապետական երկարակեցության գաղտնիքը։

– Եթե հիշում եք, 2000 թ. մայիսին, երբ ինձ նշանակեցին, դա իրոք քաղաքական իրավիճակի արդյունք էր։ Այդ քաղաքական գործոնը կարող էր աշխատել մինչեւ 2000 թ. վերջը, որից հետո, մեկ այլ քաղաքական իրավիճակի հետեւանքով կարող էին փոխել եւ նշանակել այլ մարդու, այլ քաղաքական ուժի ներկայացուցչի։ Պարզապես Հանրապետականը այդ տարիներին կարողացավ իր դիրքորոշումը հստակ արտահայտել, իր ասածից չշեղվել եւ տեր կանգնել իր ասածին։ Այդ ընթացքում նաեւ կարողացավ քաղաքական թիմ ստեղծել։ Արդյունքը շոշափելի էր։ Եվ երկարակեցությունը արդյունքի հետեւանքով է։

– Մեկ այլ տեսակետ էլ կա. ասում են, եթե Հանրապետականը Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ դուրս գա կոալիցիայից, ապա խիստ երերուն կլինի Ռոբերտ Քոչարյանը որպես նախագահ։

– Այդպես չձեւակերպենք։ Նախագահական ընտրությունների ժամանակ Հանրապետականը իր լուման դրել է ե՛ւ նախագահի ընտրության համար, ե՛ւ կոալիցիա ստեղծելու համար, ե՛ւ այս մեկ տարին անցնցում անցկացնելու համար։ Բնականաբար, ինչպես ցանկացած կուսակցության դիրքորոշման շեղումները կարող են ազդեցություն թողնել երկրի կյանքում, այնպես էլ հանրապետականի գործողությունները կարող են ազդեցություն թողնել։ Ես չգիտեմ ինչ ազդեցություն կթողնի, բայց մենք մեզ համարում ենք այն կուսակցությունը, որի դիրքորոշման փոփոխությունը էական ազդեցություն կթողնի։ Մենք փորձում ենք պահպանել նախագահ-ԱԺ-կառավարություն հավասարակշռությունը։

– Առաջիկա նախագահական ընտրություններում Հանրապետականը կունենա՞ իր ՀՀԿ անդամ թեկնածուն։

– Դեռ վաղ է դրա մասին խոսել, բայց մտածում եմ, որ Հանրապետականի դիրքորոշումը էական ազդեցություն կունենա նախագահի ապագա թեկնածուի համար։

Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել