Իջեւանի ուսանողներն անտեսվում են Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանի համար Մայր բուհը սրբություն է, իսկ իրենց ուսանողների համար՝ շատ դեպքերում պարտավորեցնող: Բայց վերջիններս դժգոհում են, որ Մայր բուհի հետ կապն այնքան էլ մեծ չէ, եւ իրենք առհասարակ չեն շփվում ուսանողների ու երիտասարդության լայն շրջանակների հետ: Այս առիթով տեղին էր ԵՊՀ լրատվական ծառայության պետ Ժաննա Մխիթարյանի կազմակերպած հանդիպումը Իջեւանի մասնաճյուղի ուսանողների հետ: Մինչ ուսանողները կպատմեին իրենց խնդիրներից, Սամվել Առաքելյանը ներկայացրեց նոր ուսումնական պլանն ու այն ֆակուլտետների առանձնահատկությունները, որոնք նորություն են ամբողջ հանրապետության համար: Կրթության եւ գիտության նախարարության որոշմամբ այստեղ բացվել է ֆրանսերեն ուղղվածությամբ ռոմանական բանասիրության բաժին: Ֆրանսերեն լեզվի մասնագիտական բաժինը առայժմ միակն է Երեւանից դուրս գործող պետական բուհական համակարգում: Իսկ երկրորդ մասնագիտական օտար լեզուն իտալերենն է: Տնօրենը գտնում է, որ այն Տավուշի մարզում իր դրական ազդեցությունը կունենա ոչ միայն օտար լեզվի ուսուցիչների թափուր տեղերը լրացնելու, այլեւ զբոսաշրջության սպասվող աշխուժացման վրա: Արդեն Ֆրանսիայի եւ Իտալիայի դեսպանատների մշակութային ու կրթական համապատասխան կառույցներում մեծ հետաքրքրություն է նկատվում բաժինների նկատմամբ: Սամվել Առաքելյանը հպարտացավ, որ ուսանողների համար այստեղ նպաստավոր պայմաններ են ստեղծվել՝ հարմարավետ լսարաններ, գրադարան՝ ընթերցասրահով, առաջնակարգ համակարգչային կենտրոն, ժամանակակից սարքավորումներով լաբորատորիաներ: Կարեւորվում է բնագիտական ֆակուլտետի անտառային եւ անտառապուրակային տնտեսության նորաստեղծ բաժինը, քանի որ հանրապետության անտառային ֆոնդի 39%-ը հենց Տավուշի մարզում է: Նորություն է նաեւ կիրառական արվեստի ֆակուլտետը, որտեղ սովորեցնում են արծաթագործություն, գոբելեն, գորգագործություն: Ս. Առաքելյանը հավաստիացնում էր, որ ուսանողների աշխատանքները ներկայացվում են ցուցահանդեսներում եւ ինտերնետային էջում, որի արդյունքում պատվերներ են ստացել արտերկրից, մասնավորապես՝ Ֆրանսիայից: Բայց արվեստագետներից մեկը՝ Արեւիկ Պետրոսյան ասաց, որ արտերկրի ներկայացուցիչներն առայժմ միայն հիանում են աշխատանքներով, ոչ թե գնում: Ուսխորհրդի նախագահ Մարզպետ Սիմոնյանն իր դժգոհությունը հայտնեց համալսարանի ուսխորհրդից, ուսանողներն էլ, ոգեւորվելով Մարզպետի խոսքերից, սկսեցին բողոքել, որ այս մարզում երիտասարդությանն անտեսել են եւ անգամ ՀՀ երիտասարդական հիմնադրամը որեւէ միջոցառում չի կազմակերպում: «Մեզ ասում են՝ չեք դիմում: Ինչ է, պետք է տեղյա՞կ պահենք, որ այստեղ էլ երիտասարդներ կան: Գեղեցիկ գովազդային շապիկներով մեր քաղաքում շրջելը ոչ մի հարց չի լուծում, դիմում էլ ենք՝ անդամավճար են ուզում, որը մենք չենք կարող տալ: Ուրեմն մեր երիտասարդները պետք է ոչնչից տեղյակ չլինեն ու բոլորի կողմից անտեսվե՞ն»,- ուսանողների հետ համաձայնելով՝ ասաց Ս. Առաքելյանը: «Թաթուլ Կրպեյան» ՀԿ նախագահ Ռուզաննա Կրպեյանը այս առումով իր աջակցությունն առաջարկեց նրանց ու խոստացավ առաջիկայում միջոցառումներ կազմակերպել՝ երիտասարդության մեջ բարձրացնելու ազգային ու հերոսական ոգին: Մայր բուհի ուսանողներն իրենց հերթին պայմանավորվեցին նոր ուսումնական տարվա սկզբում գոնե ինտելեկտուալ խաղեր կազմակերպել ու հրավիրել Իջեւանի մասնաճյուղի ուսանողներին: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ