«Հուլիսի 1-ից երկրագունդը շուռ չի գա» Կամ՝ թոշակ ու նպաստ կստանանք նաեւ առանց սոցիալական քարտերի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել եւ կառավարությանն է ներկայացրել սոցիալական քարտերի կիրառման կարգի մասին որոշման նախագիծ։ Ըստ այդմ, ամիսներ շարունակ շրջանառվող «սպառնալիք» տեղեկությունն այն մասին, թե հուլիսի 1-ից թոշակ, նպաստ կամ աշխատավարձ չեն ստանա բոլոր նրանք, ովքեր ժամանակին չեն դիմել ու ստացել սոցիալական քարտ՝ ճիշտ չէ։ «Սոցիալական քարտերի մասին օրենքը չի ասում, որ ոչ մի գործարք չի կատարվելու։ Այն սահմանում է որոշակի գործառնությունների ցանկ, որոնց դեպքում հուլիսի 1-ից պետք է կիրառվի սոցիալական քարտ։ Իսկ կիրառման մեխանիզմներն ու ժամկետները կսահմանվեն կառավարության որոշմամբ»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցապահովագրության եւ կենսաթոշակային ապահովության վարչության պետ Արտեմ Ասատրյանը։ Վերջին ամիսներին խմբագրությունը պարբերաբար բողոքներ էր ստանում հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներից այն մասին, որ իրենց սպառնում են զրկել աշխատավարձից, եթե կամավոր չլրացնեն քարտ ստանալու դիմումը։ Նախարարությունն այս առնչությամբ միշտ պատասխանել է, որ խնդրին պետք է մոտենալ գիտակցաբար, ոչ թե՝ հարկադրանքին կամ սպառնալիքին տեղի տալով։ Միաժամանակ նշենք, որ պարտադրանքը կար եւ ենթականերից «քարտավորման» դիմումներ կորզելու պլան ունեին քաղաքային-համայնքային իշխանությունները, մեծ ու փոքր հիմնարկների տնօրենները։ Արդյունքում արդեն պատրաստ են շուրջ 1 մլն քաղաքացիների քարտերը, եւս կես միլիոն հայտ ուղարկվել է տպագրության։ Ըստ մեր զրուցակցի, գրեթե այդքան մարդ էր ընդգրկված սոցիալական քարտերի ներդրման գործառույթների ցանկում։ Դրանք են՝ աշխատավարձ, կենսաթոշակ, գործազրկության եւ աղքատության նպաստ, հարկեր-տուրքեր։ Պետական մարմիններին առնչվող այլ գործառույթներ դեռեւս պատրաստ չեն քարտերով աշխատել։ Օրինակ, «Փարոսի» նպաստառուն անվճար բուժօգնություն ստանալու համար պետք է ներկայացնի համապատասխան տեղեկանք, ոչ թե՝ քարտը, քանի որ առողջապահության նախարարությունը դեռեւս չունի անհրաժեշտ համակարգչային տեղեկատվական բազա։ «Ընդհանրապես, սխալ է կարծել, թե հուլիսի 1-ից երկրագունդը շուռ կգա. քարտերի համակարգը պետք է ներդրվի սահուն, առանց ցնցումների, որոշակի ժամանակահատվածում,- մեզ «սփոփեց» վարչության պետ Ա. Ասատրյանը,- հուլիսի 1-ից նախ կսկսվի տեղեկատվական բազաների մաքրումը, այն է՝ մի քանի տեղից նպաստ կամ թոշակ ստացողներին հայտնաբերումը, որն, ինչ խոսք, կարող է առաջացնել ընդվզումներ, բողոքներ։ Այնուհետեւ «մաքուր» տվյալները կմտնեն վճարման ցուցակներ, իսկ դա կտեւի մի քանի ամիս»։ Ամեն ինչ պարզ կդառնա կառավարության որոշումից հետո, որն, ըստ ամենայնի, կընդունվի մոտ օրերս։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ