Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՊԻՍԻ «ՀԱՅԵՐ» ՄԵԶ ՊԵՏՔ ՉԵՆ

Հունիս 18,2004 00:00

ԱՅՍՊԻՍԻ «ՀԱՅԵՐ» ՄԵԶ ՊԵՏՔ ՉԵՆ Հայերս մի տարօրինակ սովորություն ունենք, որը հատուկ է համեմատաբար փոքր եւ որոշ չափով բարդութավորված ազգերին. քափուքրտինքի մեջ մտած ապացուցել, որ այս կամ այն հայտնի գործիչը կամ «աստղը» ազգությամբ հայ է: Կարծես թե մարդու էթնիկական պատկանելությունը որեւէ չափով կանխորոշում է նրա բարեմասնությունները կամ թերությունները: Իրականում տականքներն ու հերոսները, բթամիտներն ու հանճարները հավասար չափով բաշխված են հայերի, ռուսների, թուրքերի եւ էսկիմոսների մեջ: Եթե Ուիլյամ Շեքսպիրը իրականում Շեկ Իսպիր էր, դա ոչինչ չի ավելացնում նրա ստեղծագործությունների ընկալման մեջ: Անկախ իր արյան էթնիկ բաղադրությունից, Շեքսպիրը հավասարապես պատկանում է անգլիացիներին, հայերին եւ Ավստրիալիայի աբորիգեններին: Որովհետեւ, այն խնդիրները, որոնք նա բարձրացնում է իր գործերում, հուզում են ողջ մարդկությանը: Առավել զավեշտական է, երբ մարդուն զոռով, իր կամքին հակառակ հայ են դարձնում: Օրինակ, մի քանի տարի առաջ Զորի Բալայանը փորձում էր ապացուցել, որ ամերիկացի տիեզերագնացներից մեկը ոչ միայն հայ է, այլեւ՝ ղարաբաղցի: Տեսնես տիեզերքում այլմոլորակայինները հարցրե՞լ են այդ ամերիկացուն՝ դու լողացել ես Թարթա՞ռ գետում, թե՞, օրինակ՝ Միսիսիպիում: Մի խոսքով, այս կամ այն հայտնի մարդու ազգային պատկանելության մասին խոսակցությունները դատարկ եւ գավառական մտածողության արգասիք են: Հիմա էլ ռուսական փոփ-աստղ Ֆիլիպ Կիրկորովը: Տարիներ շարունակ փորձում ենք նրան «հայացնել», ինքը համառորեն հրաժարվում է: Գուցե ճիշտն էլ դա է: Վերջերս նա այնպիսի նողկալի եւ անվայելուչ խոսքերով է «ուղարկել» «Գազետա Դոն» թերթի թղթակից Իրինա Հարոյանին (իսկ Կիրկորովի թիկնապահները կոտրել են աղջկա ձայնագրիչն ու ֆոտոխցիկը, ոլորել են նրա ձեռքերը), որ մեր հայրենի սափրած գլուխները դրանց հետ համեմատած՝ պարզապես Իթոնի քոլեջն ավարտած ջենտլմեններ են թվում: Ինչ լավ է, որ Կիրկորովը չի ընդունում իր արյան մեջ հայկական չափաբաժինը: Այդպիսի «հայեր» մեզ պետք չեն: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել